HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հեռուստատեսությունն անտեսում է բազմակարծությունը

Հարցազրույց Բաքվի պետհամալսարանի hեռուստառադիոժուռնալիստիկայի ամբիոնի դասախոս Զեյնալ Մամեդլիի հետ

Ադրբեջանում քանի՞ համազգային հեռուստաալիք կա։  Դրանցից քանի՞սն են մասնավոր։ Տարբերություն կա՞ հանրային եւ մյուս հեռուստաալիքների միջեւ։

Այսօրվա դրությամբ, համաձայն Հեռուստառադիոհեռարձակման ազգային խորհրդի (ՀՌԱԽ) տվյալների, Ադրբեջանում գործում է 9 համազգային հեռուստաալիք` ներառյալ «Իդման» («Սպորտ») եւ «Մեդենիյեթ» («Մշակույթ») ալիքները։ Ընդհանուր առմամբ` 4 համազգային հեռուստաալիքներ (ԱզԹՎ, Իդման, Մեդենիյեթ, Հանրային հեռուստատեսություն) ֆինանսավորվում են պետբյուջեից։ Պետբյուջեից են ֆինանսավորվում նաեւ 14 մարզային հեռուստաալիքներց երկուսը (Նախիջեւան հեռուստատեսություն եւ Կանալ-35)։ Այդ ալիքների հասարակական-քաղաքական հաղորդումները հիշեցնում են խորհրդային ժամանակների ծրագրերը. չկա կարծիքների բազմազանություն։ Գործնականում չկա ուղիղ հեռարձակում։

Ինչ վերաբեում է Հանրային հեռուստատեսությանը, ապա այդ ալիքը չի օգտագործում հանրային հեռարձակման փիլիսոփայությունն ու փորձը, չի լուսաբանում հասարակության նպատակները եւ հրատապ խնդիրները, տարբեր խավերի հետաքրքրությունները։ Հրատապ խնդիրների լուսաբանումից խուսափում են նաեւ մասնավոր հեռուստաալիքները։ Ընդ որում` Հանրային հեռուստատեսությունը ջերմ հարաբերություններ է պահպանում կառավարության հետ, որպեսզի չկորցնի սեփական բյուջեն, քանի որ ֆինանսավորումը չի իրականացվում գովազդատուների հաշվին։

Բացի այդ, Հանրային հեռուստատեսությունը, օգտագործելով կոմերցիոն  հեռուստաալիքների մասսայական ծրագրերի ձեւաչափերը, փորձում է հեռու մնալ սուր սոցիալական թեմաներով հագեցած ծրագրերից եւ չնեղացնել կառավարությանը` դրանով իսկ պարզապես տեղեկացնելով հասարակությանը սեփական գոյության մասին։

Երկրում կա՞ն իրապես անկախ հեռուստաալիքներ։ Հեռուստատեսությամբ հաճա՞խ կարելի է տեսնել ընդդիմությանը կամ քաղաքացիական հասարակության ակտիվիստներին։ 

Ցավոք, ոչ։ Ընդդիմության առաջնորդներին հեռուստաէկրաններին կարելի է տեսնել միայն նախընտրական արշավների ժամանակ։ Քաղաքացիական հասարակության ակտիվիստները եւս հազվադեպ են հայտնվում էկրաններին։ Ընդ որում՝ այն ժամանակ, երբ քննարկվում է ինչ-որ երկրորդական խնդիր։

Ընդհանրապես, ադրբեջանական հեռուստաալիքներում հազվադեպ կարելի է հանդիպել տարբեր կարծիքների եւ քաղաքական բազմակարծության։ Կարծես Չինական պարիսպ լինի տպագիր մամուլի եւ հեռուստատեսության միջեւ։ Այս պայմաններում թուլանում է ստեղծագործական մրցակցությունը, եւ  հեռուստանորությունները մեծ չափով հետ են մնում ժամանակակից չափանիշներից։

Ինչպե՞ս է հեռուստատեսությունն ազդում բարոյական արժեքների, հասարակության զարգացման վրա։ 

Ներկա պայմանները չեն խթանում քննադատական մտածողությունը հեռուստատեսությունում, չեն ոգեւորում ստեղծագործականությունը։ Արդյունքում, քաղաքականապես եւ ֆինանսապես կախյալ ադրբեջանական հեռուստաընկերությունները, գործնականում լինելով իշխանության ներկայացուցիչների ունեցվածքը, վերածվել են բազմակարծության, հանդուրժողականության, ազատ շուկայի, մարդու իրավունքների եւ ազատությունների արհամարհման միջոցի։ Իրար նման հեռուստաալիքները դատապարտված են պաշտպանելու ստատուս-քվոն, ամբողջովին մանիպուլացնելու հասարակական կարծիքը, բայց երբեք` միանալու աշխարհին եւ ժողովրդավարացմանը։

Լրագրողներն ունեն պարտականություններ  հասարակության առաջ, շատ ավելի մեծ պարտականություններ, քան պարզապես հաղորդել նորություններ կամ հրապարակել փաստեր։ Լրագրության վճռական կողմերից մեկը ընթերցողին, դիտողին եւ լսողին իրազեկելն է։ Բայց մի բան է` իրազեկել, բոլորովին այլ բան` փորձել բացատրել նրան, թե ինչ է կատարվում։ Ընդ որում` այնպես, որ նրանք իսկապես հասկանան դա։

Ցավոք, Ադրբեջանի ԶԼՄ-ը եւ առաջին հերթին` հեռուստատեսությունը, չեն անում ոչ մեկը, ոչ մյուսը։ Խոսքի ազատության սահմաններն ավելի ու ավելի են սեղմվում, իսկ քաղաքական եւ տնտեսական մենիշխանությունն, ընդհակառակը, ընդլայնվում է։ Այս պատճառով, ադրբեջանական հասարակությունը վերադառնում է Պերեստրոյկայից առաջ եղած ժամանակները։

Այս վերադարձը տեղի է ունենում խորհրդային շրջանում առկա նվազագույն սոցիալական ապահովվածության բացակայության պայմաններում։ Մասնագիտական կարողությունների մակարդակի անկումը կամ դրանց ձեւավորման անհնարինությունն այս պայմաններում պետք է ընկալվի որպես բնական բան։

Կոմերցիոն հեռուստաալիքների հարձակման պատճառով, հանրային հեռարձակողները նախապատվություն են տալիս կոմերցիոն բնույթի ծրագրերին եւ այդպիսով նմանվում են կոմերցիոն հեռուստաալիքներին։ Հեռուստածրագրերում գործնականում չկան լրագրողական հետաքննություններ, սուր սոցիալական թեմաներ, ծրագրեր տարբեր տեսակի փոքրամասնությունների համար։

Ո՞ր երկրների հեռուստաալիքներն են մատչելի երկրի բնակչությանը, եւ դրանցից որո՞նց են նրանք նախապատվություն տալիս։ 

Արբանյակային եւ մալուխային հեռուստատեսության լայն տարածման պայմաններում, հեռուստադիտողների համար չկան շոշափելի սահմանափակումներ։ Բնակչության շրջանում կատարված հարցումների եւ ուսումնասիրությունների բացակայությունը թույլ չի տալիս հստակ պատասխանել այն հարցին, թե ո՞ր երկրների հեռուստաալիքներին է նախապատվություն տալիս ադրբեջանցի հեռուստադիտողը։ Բայց կարելի է պնդել, որ ավագ սերունդը գերադասում է ռուսական, իսկ երիդասարդները` թուրքական ալիքները։

Դիտարկումները ցույց են տալիս, որ այն բանից հետո, երբ արգելվեց ադրբեջանական ալիքներով թուրքական ֆիլմերի ցուցադրությունը, աճեց բնակչության հետաքրքրությունը թուրքական հեռուստատեսության նկատմամբ։

Այս միտումի մեկ այլ պատճառ կարելի է համարել Ադրբեջանին վերաբերող նյութերի քանակի աճը թուրքական ալիքներում։ Մեծացել է նաեւ հետաքրքրությունը ամերիկյան եւ եվրոպական հեռուստաալիքների նկատմամբ։ Սա հատկապես ակներեւ է երիտասարդության շրջանում։ Ինտերնետի եւ հատկապես արագ ինտերնետի զարգացումը մեծացրեց հետաքրքրությունը ինտերնետային հեռուստատեսության նկատմամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter