HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջուկային բժշկության կենտրոնի ստեղծմանն աջակցելու ծրագիրը հավանության է արժանացել

Այսօր տեղի ունեցած նիստում կառավարությունը հավանություն է տվել «Ա.Ի. Ալիխանյանի անվան Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի CICLONE-30 իզոտոպների արտադրության համալիրի տեղադրման եւ ՀՀ-ում Միջուկային բժշկության կենտրոնի ստեղծմանն աջակցելու ծրագրին։ Նշվել է, որ բժշկության մեջ ախտորոշման նպատակով կիրառվող ռադիոնուկլիդների բարձր աստիճանի մաքրությունն ապահովելու, անցանկալի ռադիոնուկլիդներից ազատվելու համար մշակվել են իզոտոպների արտադրության բնապահպանական տեսակետից անվտանգ նոր մոտեցումներ, որպիսիք են արագացուցիչների կիրառմամբ նոր տեխնոլոգիաները։ Ռադիոնուկլիդների օգտագործման մատչելիության ապահովումը բժշկության եւ հարակից բնագավառներում հնարավորություն կտա Հայաստանում կատարվող աշխատանքները հասցնել եվրոպական մակարդակի։ Միեւնույն ժամանակ, Քաղցկեղի ֆրանսիական ինստիտուտի մի խումբ մասնագետներ նախատեսում են Երեւանում ստեղծել ուռուցքաբանության ինստիտուտ։ Նշված ծրագրերը լրացնում են միմյանց, որի արդյունքում հնարվորություն է ստեղծվում Հայաստանը դարձնել Միջուկային բժշկության կենտրոն, որը տարածաշրջանում ռադիոնուկլիդների արտադրության, արտահանման եւ դրանց հիման վրա բժշկական ախտորոշման ու բուժման իրականացման բնագավառում կլինի միակը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 19 մլն եվրո։ Հանձնարարվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարին` ՀՀ առողջապահության նախարարի հետ համատեղ ապահովել բելգիական IBA Molecular ընկերության, Քաղցկեղի ֆրանսիական ինստիտուտի հետ բանակցությունների գործընթացը եւ համապատասխան պայմանագրերի նախապատրաստումը։ Հանձնարարվել է նաեւ ՀՀ կրթության եւ գիտության, առողջապահության նախարարներին` աջակցել «Ա.Ի. Ալիխանյանի անվան Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ին համապատասխան մասնագիտությունների (տարրական մասնիկների եւ միջուկային ֆիզիկա, ռադիոքիմիա, բարձր էներգիաների ֆիզիկա, միջուկային բժշկություն) գծով մագիստրոսական ուսուցում կազմակերպելուն` Միջուկային բժշկության կենտրոնի համար մասնագետներ պատրաստելու նպատակով։ Հիշյալ ծրագրի հաստատումը, ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի, կարեւոր է այն տեսակետից, որ մասնավոր հատվածն արդեն կառավարության հետ աշխատելու է ծրագրի շրջանակներում, հստակ պատկերացնելու է կառավարության անելիքները եւ դրանից ելնելով` կարող է հստակ ներկայացնել մասնավոր հատվածի մասնակցության չափը եւ ձեւը։ Ծրագիրը հաստատելուց հետո, Տիգրան Սարգսյանի հավաստմամբ, բանակցությունները մասնավոր հատվածի հետ կլինեն առարկայական։ «Ուզում եմ նաեւ ձեզ տեղեկացնել, որ սա Ազգային մրցունակության խորհրդի կողմից հաստատված առաջնահերթ ծրագրերից մեկն է։ Մենք անցյալ տարի Ծաղկաձորում կազմակերպել էինք հավաք, որին մասնակցում էին նաեւ բազմաթիվ ներդրողներ, եւ այս ծրագիրը, մյուսների շարքում արժանացել էր մասնավոր ներդրողների ուշադրությանը։ Կային լուրջ առաջարկություններ` ֆինանսական ներարկումներ կատարել հենց այս ծրագրում։ Սա երկրի համար բավականին մեծ ապագա ունեցող ծրագիր է», - ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter