Ամենայն Հայոց բանաստեղծը
Թբիլիսիի Ամահլեբիս փողոցի վրա գտնվող թիվ 18 այս տանն է կյանքի վերջին 14 տարիները անցկացրել Ամենայն Հայոց Բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Այստեղ այժմ մեն միայնակ բնակվում է նրա ծոռնուհին` Ալյոնա Կոլեսնիկովան: Տունը խիստ վթարային է, որը փաստում է վրաց ժողովրդի մեծ բարեկամի ու ամենայն հայոց բանաստեղծի նկատմամբ ոչ միայն Վրաստանի կառավարության, այլև ՀՀ իշխանությունների անտարբերությունը:
Այստեղ է մինչև վերջերս գտնվել Հովհ. Թումանյանի անձնական գրադարանը, որը երկու ամիս առաջ Թբիլիսի քաղաքապետարանի կողմից պարտքի դիմաց վաճառվել է:
«Այդ մետաղական դռան ետևում, 120 քառ. մետր տարածք էր զբաղեցնում նրա գրադարանը, ոչ թե «Վերնատունը»: Մինչև Հովհաննես Թումանյանի 140 - ամյակը մենք շատ պայքարեցինք գրադարանի տարածքը պահպանելու համար, որպեսի այս օրերին, ովքեր ուզում են Ձեզ նման տեսնել այս տունը, մենք նրանց պաշտոնական պայմաններում ընդունեինք Հովհ, Թումանյանի անձնական գրադարանում, սակայն այնպես պատահեց, որ երկու ամիս առաջ այն մեզանից խլեցին»,- ասաց բանաստեղծի ծոռնուհին:
Գրադարանի մեխված դուռն ու տան տխուր վիճակը ցնցող ազդեցություն է թողնում այցելուների վրա: «Մեծ թամադա է եղել Թումանյանը, ով ասես չի եղել այս տանը, Ղազարոս Աղայանը, Վահան Տերյանը: Հայ և վրաց ամենամեծ գործիչներն են եղել այստեղ: Դերենիկ Դեմիրճյանը մեջլիս էր անվանում այս տունը: Թումանյանի 50-ամյակն են այստեղ տոնել` 1919թ-ի սեպտեմբերին, իսկ 1919թ.-ի ապրիլի 5-ին Տիգրան Նազարյանի գեղարվեստի սալոնում տոնվել է Հովհ. Թումանյանի 50-ամյակը, և տեսեք ինչ գործիչների հետ միասին, Հովհաննես Աբելյանի բեմական գործունեության 35-ամյակն է եղել այդ նույն օրը, իտալացի հայտնի երաժիշտ, Թբիլիսի կոնսեվատորիայի պրոֆեսոր Էնրիկո Բռոջիի և Զաքարիա Փալիաշվիլու 25- ամյակը, մի հրաշք եղել: Մենք քիչ ունենք այդպիսի հզոր անհատականություններ, որոնք կենդանության օրոք ժողովրդի կողմից որակվել են Ամենայն Հայոց բանաստեղծ, ինչպես կարել է սա հանդուրժել»,- տեսածի ցավից բորբոքված Թումանյանի մեծությունից էր խոսում Վրաստանի «Կամուրջ» ալմանախի խմբագիր Անահիտ Բոստանջյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել