HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Մարտի 1-ին «Ժառանգությունը» լինելու է «ժողովրդի կողքին, ժողովրդի հետ»

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը`փետրվարի 19-ին, տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնք ավարտվեցին մարտի 1-ի ողբերգական իրադարձություներով և շրջադարձային նշանակություն ունեցան հասարակության կյանքում: Այսօր Հետքը փորձեց ճշտել, թե ինչպիսին են ընդդիմության և իշխանության ներկայացուցիչների տրամադրությունները ընտրություններից մեկ տարի անց: Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանի խոսքերով` «տոտալ կերպով կեղծված ընտրություններից և իշխանությունը պահպանելուն ուղղված մարտի մեկյան սպանդից հետո»հասարակության մեջ հաղթահարված չէ լարվածությունը. «Հիմա հասարակության պայքարը շատ ավելի ընդգրկուն է և' կեղծված ընտրությունների, և' մարտիմեկյան սպանդի մեղավորների բացահայտման, և' անարդարությունների և քաղբանտարկյալների ազատ արձակման շուրջ»: Արման Մուսինյանի համոզմամբ` այն արդյունքները, որոնք իրենք այժմ ունեն, վկայում են, որ շարժման գործողություններն արգասաբեր են եղել. «2008 թ.-ը համաժողովրդական շարժումը բերեց ավելի նոր որակի, կազմակերպված, ստրուկտուրիզացված մակարդակի, մեր կարևորագույն խնդիրը շարժումը կենսունակ պահելն էր: Մարտի 1-ից, 20-օրյա արտակարգ դրությունից, քաղաքական ճնշումներից հետո վտանգի տակ էր շարժումը կենդանի պահելու խնդիրը, բայց մեզ հաջողվեց այն պահել ու ավելի ուժեղացնել»,- ասաց նա: Ըստ ՀԱԿ մամլո խոսնակի` այսօր էլ իշխանությունը կրիմինալ գործունեություն է ծավալում, և իրենք շարունակելու են պայքարել մինչև վերջ` «լինի դա մեկ ամիս, մեկ տարի, դա ժամանակից կախված չէ, պետք է պայքարել արժանապատիվ կյանքի, հարգված մարդու իրավունքների, պետության բարեկեցիկ կենցաղի համար»: Թե որոնք են լինելու ընդդիմության հետագա քայլերը, Արման Մուսինյանը չցանկացավ պարզաբանել` ասելով, որ մարտի 1-ին կայանալիք հանրահավաքում բոլորը կտեղեկանան այդ մասին: «Ժառանգությունը» մի քանի անգամ փորձեց երկխոսություն հաստատել իշխանության և ընդդիմության միջև: «Ժառանգություն» խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանի խոսքերով` երկխոսության ձախողման «հիմնական պատճառը իշխանության կողմից կալանավայրերում պահվող քաղաքական շարժառիթներով ձերբակալվածներն» էին: Այսինքն` այդ դեպքում երկխոսությունը կլիներ քաղաքական պատանդների հաշվին, իսկ «մեկ անմեղ մարդու դատապարտվելն անգամ ողջ հասարակության խնդիրն է, եթե չենք ուզում ունենալ բազմաքանակ համանման դատապարտյալներ և լռեցման մեխանիզմի պայմաններում ապրող հասարակություն»,- ասում է Վ. Խաչատրյանը: Նրա կարծիքով` կեղծված ընտրությունները հանգեցրին մարտի 1-ի խայտառակ դեպքերին, որոնք ուղղակի խարան են մեր հասարակության ճակատին, և մարտի 1-ից հետո մեր կյանքը փոխվել է` բաժանվելով մինչև մարտի 1 և մարտի 1-ից հետո ընկած ժամանակաշրջանի: «Անարդարացիության այն զանգվածային դրսևորումները, որ եղել են մարտի 1-ին և մարտի 1-ից հետո, լարվածության մեջ են պահում հասարակությանը, և բևեռացվածությունն էլ չի թուլանում»,- պնդում է պրն Խաչատրյանը: Վարդան Խաչատրյանին ձևավորված քաղաքական ֆոնը լավատեսության չի մղում, և նա չի կարծում, որ մոտակա ամիսներին Հայաստանում կփոխվի ներկայիս իրավիճակը: Բայց, ըստ նրա, հավանական է, որ մայիսին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրությունների արդյունքում ինչ-որ արմատական անցում գրանցվի: Հասարակության ներսում այժմ առկա իրավիճակի բացահայտման ցուցիչը, Վարդան Խաչատրյանի խոսքերով, լինելու է ընդդիմության կողմից կազմակերպվող զանգվածային միջոցառումը. «Մի բան է, երբ քաղաքական գործիչներն ինչ-որ մտամարզանքների արդյունքում եզրակացությունների են գալիս, ուրիշ բան է, երբ կիրառական առումով տեսնում ես դա»,- ասում է Վարդան Խաչատրյանը: Վարդան Խաչատրյանը մեզ փոխանցեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը մասնակցելու է մարտի 1-ի հանրահավաքին` «լինելով ժողովրդի հետ, ժողովրդի կողքին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter