HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարկ` փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամին

«Հաշվի առնելով տնտեսության զարգացմանը նպաստող ներդրումային ծրագրերի աջակցության օպերատիվ շտաբի 2009թ. փետրվարի 13-ի նիստի արձանագրային որոշումը, գործադիրը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարին` ՀՀ կառավարության 2009թ. պահուստային ֆոնդից Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամին տրամադրել 125 մլն դրամի չափով բյուջետային վարկ, հիմնադրամի կողմից` տնտեսվարող կազմակերպության` ՍՈՐՍԻՈ ՓԲԸ-ի սեփական կապիտալում ներդրում իրականացնելու նպատակով»,-ասված է փետրվարի 19-ին կառավարության նիստի ընթացքում կայացված որոշման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ, որ տարածել է կառավարության մամուլի ծառայությունը: Որոշումն ընդունվել է հաշվի առնելով, որ նշված ՓԲԸ-ի գործարար ծրագրի իրականացումը կնպաստի ավելի քան 200 նոր աշխատատեղերի ստեղծմանը, կազմակերպության հաճախորդների ավելացմանը մինչեւ 80 հազարի եւ միջազգային ճանաչման շրջանակների ընդլայնմանը, ինչպես նաեւ արտադրանքի 90 տոկոսի արտահանմանը: Այդպես է կարծում կառավարությունը: «Օպերատիվ շտաբի որոշման համաձայն, մենք 125 մլն դրամով մասնակցելու ենք այս ծրագրի իրականացմանը: Սա մասնավոր հատվածից ստացված բացառիկ, կարեւոր եւ լավագույն այն ծրագրերից մեկն է, որն օպերատիվ շտաբը քննարկել է եւ հավանության արժանացրել: Արտահանման ներուժը գնահատվում է 60 մլն ԱՄՆ դոլար: Մրցունակ ընկերություն է, իր ծրագրային արտադրանքը վաճառում է դրսում, Միացյալ Նահանգներում ստեղծելու է ներկայացուցչություն, աշխատատեղերն են ավելանալու եւ, չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին, նրանք կարողանում են գտնել իրենց տեղը եւ դիրքը շուկայում, ընկերության մրցունակությունը շատ բարձր է: Պետության օժանդակությունը ընկերությանը նպաստելու է, որպեսզի համաշխարհային ճգնաժամի արդյունքում նրանք հաղթած դուրս գան եւ զբաղեցնեն այն դիրքերը, որտեղ շատ ընկերություններ այսօր չեն դիմանում մրցակցությանը: Կարծում եմ, այս օրինակը վարակիչ կլինի նաեւ այլ ձեռնարկությունների համար` ՏՏ ոլորտում այսպիսի հավակնոտ, համարձակ ծրագրեր իրականացնելու նպատակով: Բոլոր կարողությունները եւ հաջողված փորձ ընկերությունն ունի, ինչն ամենակարեւորն է: Պատրաստ է աշխատել թափանցիկ, վերահսկելի` բոլոր ֆինանսական հոսքերը մեզ համար բաց են եւ հասկանալի, կորպորատիվ կառավարման կանոններն էլ` ընդունելի: Արժեթղթերի շուկայում էլ հայտնվելը նպաստելու է արժեթղթերի շուկայի զարգացմանը, քանի որ այսպիսի ընկերություններ նման աշխատաոճով արժեթղթերի շուկայի զարգացման համար անհրաժեշտություն են»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Կառավարությունը նաեւ 10 մլն դոլարին համարժեք դրամ բյուջետային վարկ է տրամադրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին` շրջանառու միջոցների համալրման նպատակով: Ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետը կարեւորել է, որպեսզի վերոհիշյալ հարցը հանրությանը մանրամասն ներկայացվի, քանի որ բոլորը մտահոգված են, թե հանքային արդյունաբերությունում վիճակն ինչպիսի±ն կլինի, եւ միաժամանակ, բավականին հոռետեսական գնահատականներ են տրվում: Ըստ Տիգրան Սարգսյանի, անհրաժեշտ է ներկայացնել, թե Սյունիքի մարզում ինչպիսի՞ իրավիճակ է ստեղծվելու աշխատատեղերի առումով: «<Հատկացված 3 մլրդ դրամը երաշխավորելու է, որպեսզի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ամբողջ հզորությամբ աշխատի մոտակա երեք տարիների ընթացքում: Երկրորդը` 50 արբանյակային ձեռնարկություններ, որտեղ ներգրավված է 2 հազար աշխատող, նույնպես երաշխավորված է լինելու, որ պահպանելու են իրենց աշխատատեղերը: Երրորդը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրողականությունը առնվազն 30 տոկոսով ավելանալու է, քանի որ ներմուծվելու են սարքավորումներ, որոնք կբարելավեն արտադրության տեխնոլոգիաները: Եվ, իհարկե, Սյունիքի մարզում այսպիսով կստեղծվի շատ ավելի բարենպաստ սոցիալական միջավայր, ինչը մեզ համար կարեւոր է: Սա նախադեպը չունեցող գործառույթ է, որ մենք ձեզ հետ միասին այսօր իրականացնում ենք եւ ամբողջությամբ ունի հակաճգնաժամային բովանդակություն»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter