HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հեռուստատեսությունն այլեւս չի կարող ցուցադրել որեւէ հավաստի բան

Հայաստան-Ադրբեջան - 2011. կարծիքներ ու մեկնաբանություններ    

Հեռուստատեսությունն այսօր Հայաստանում եւ Ադրբեջանում դեռ ամենամասսայական լրատվամիջոցն է: Հայ եւ ադրբեջանցի մասնագետների հետ այս թեմայով հարցազրույցները (կարդացեք ստորեւ) եւս մեկ անգամ վկայում են, որ այդ մասսայականությունը հայկական եւ ադրբեջանական հեռուստատեսությունները վայելում են ոչ թե լսարանների, եւ առհասարակ հասարակությունների կողմից վստահություն ունենալու, ինֆորմացիոն արագության եւ բացառիկության շնորհիվ, այլ հանգամանքների բերումով: Դրանք կապ չունեն հեռուստատեսային ինֆորմացիայի որակի եւ հասարակական տարբեր պահանջնարկներին բավարարելու հետ:   

Հայաստանի եւ Ադրբեջանի այսօրվա իրականություններն իրենց ամբողջության մեջ ուրվագծող մեր հարցումները (20 թեմաներով 40 տարբեր մասնագետների հետ զույգ հարցազրույցների շարք) «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Ադրբեջանում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրի մեկ բաժինն են: Ծրագրին աջակցում են Հայաստանում եւ Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանատները: Հարցազրույցները միաժամանակ տպագրվում են «Հետք» եւ Ադրբեջանում «Նովոյե Վրեմյա» թերթերում: Ադրբեջանում հարցազրույցներն անցկացնում է Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոն 

Հարցազրույց հեռուստառեժիսոր Արա  Շիրինյանի հետ

Հայաստանում քանի՞ համազգային հեռուստաալիք կա։  Դրանցից քանի՞սն են մասնավոր։ Տարբերություն կա՞ հանրային եւ մյուս հեռուստաալիքների միջեւ։

Հայաստանում այսօր հեռարձակվում են 7 համազգային հեռուստաալիքներ, այդ թվում եւ հանրային Առաջին ալիքը։ Եւս 10 հեռուստաալիք հեռարձակվում են մայրաքաղաքում եւ ծածկում են շրջակա մարզերը։ Բացի այդ, գործում են տասնյակ մարզային հեռուստաընկերություններ։ Բոլորը մասնավոր են, բացի հանրային Առաջին ալիքից։ Կա նաեւ Շողակաթ կրթամշակութային ալիքը, որն ազատ է գովազդից, գործում է Հայ առաքելական եկեղեցու աջակցությամբ եւ կառավարության ֆինանսավորվամբ:

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը գործնականում չի տարբերվում մասնավոր հեռուստաալիքներից։ Ծրագրերի բովանդակությունը, վարկանիշային կողմնորոշվածությունը, գովազդի եւ ժամանցային ծրագրերի քանակը վկայում են այն մասին, որ Առաջին ալիքը մասնավոր հեռուստաընկերությունների հետ մրցակցող կոմերցիոն ձեռնարկություն է։ Միակ տարբերությունն այն է, որ Առաջին ալիքը  չգիտես ինչու ծախսում է նաեւ բյուջետային միջոցներ։

Հանրային կոչված հեռարձակումը Հայաստանում, ըստ էության, ամենօրյա իշխանական քարոզչություն է, որը ներկայանում է իբրեւ տեղեկատվություն, գումարած` երաժշտական հաղորդումներ եւ 3-4 հեռուստասերիալ ամեն օր։ Ահա եւ ամբողջը։

Իրականում Առաջին ալիքը գաղափարախոսական կողմնորոշիչ է Հայաստանի բոլոր հեռարձակողների համար, որն ասես հերթապահություն է իրականացնում ողջ երկրում  եւ գծագրում թույլատրելիի սահմանները։ Լինելով բացառապես նախագահական իշխանության շահերի արտահայտողը` Առաջին ալիքը դարձել է բոլոր մեկնաբանությունների, քարոզչական կլիշեների, քաղաքական եւ մշակութային շեշտադրումների օրենսդիրը, հեռուստատեսային առասպելաշինության գլխավոր կոնստրուկտորը։ Մնացած բոլոր մասնավոր ալիքները հլու-հնազանդ հետեւում են հանձնարարված չափանիշներին։

Երկրում կա՞ն իրապես անկախ հեռուստաալիքներ։ Հեռուստատեսությամբ հաճա՞խ կարելի է տեսնել ընդդիմությանը կամ քաղաքացիական հասարակության ակտիվիստներին։

Հետամնաց տնտեսություն ունեցող բռնապետական երկրներում անկախ հեռուստաալիքներ չեն լինում։ Այդուհանդերձ, շատերի կարծիքով, Երկիր մեդիա հեռուստաալիքը միակն է, որ հակադրվում է իշխանությանը։ Դա իրոք այդպես է, սակայն այս հեռուստաընկերության ազատությունը շրջափակված է ՀՅ Դաշնակցության ազգայնական գաղափարախոսությամբ: Այս իրողությունը հետեւանք է քաղաքական աբսուրդի, երբ կուսակցությունը վերջին տարիներին հայտնվեց յուրօրինակ անպատասխանատու կարգավիճակում, լինելով միաժամանակ եւ ընդդիմություն, եւ իշխող կոալիցիայի մաս։

Իրական ընդդիմությունն` առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ամբողջովին զրկված է հեռուստատեսային եթերից։ Քաղաքացիական հասարակության ակտիվիստները եւս գործնականում չեն հայտնվում հեռուստաէկրաններին։ Այս կոշտ դրվածքը ստիպեց վերջիններիս "վերահսկողություն հաստատել" համացանցում, հիմնելով անկախ պարբերականներ, եւ առավել զանգվածային սոցիալական ցանցերում։ Այսօր հենց այստեղ են ծնունդ առնում ամենաառողջ քաղաքացիական նախաձեռնությունները, հասարակական լուրջ խմորումները։

Facebook-ի էջերում ընթացող որոշ քննարկումներ վկայում են այն մասին, որ ազգի մտավորական ներուժը ամբողջովին ընդդիմանում է իշխող վերնախավին։ Պատահական չէ, որ վերջին ուսումնասիրությունների համաձայն, հավաստի տեղեկություն փնտրող Հայաստանի քաղաքացիներն աստիճանաբար տեղափոխվում են համացանց։ Այդպիսի հնարավորություն այսօր ունի արդեն բնակչության 30 տոկոսը։ Թվում է, իշխանություններն իրենք էլ հասկանում են, որ խայտառակ վերահսկվող հեռուստատեսությունը միայն վարկաբեկում է իրենց, բայց անկարող են որեւէ խելամիտ բան ձեռնարկել։ Ինչ էլ որ անեն` արդյունքը միշտ նույնն է: Օրինակ, տարբեր հեռուստաալիքներով երբեմն ցուցադրվում են բանավեճի բեմադրություններ, որտեղ ինքնահռչակ "քաղաքական գործիչներն" անպտուղ վիճում են իրենց նման "փորձագետների" հետ` ստեղծելով հրատապ հարցերի հասարակական քննարկման պատրանք։

Ինչպե՞ս է հեռուստատեսությունն ազդում բարոյական արժեքների, հասարակության զարգացման վրա։

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը եւ ինտերնետի տարածումն այսօր այնպես են փոխում հասարակությունը, որ ավանդական հեռուստատեսության ազդեցությունը նույնիսկ չի նկատվում։ Տեխնոլոգիական հեղափոխությունը միայն խթանեց հասարակությանը` պահանջելու իրական փոփոխություններ երկրում։ Հայաստանում հեռուստատեսության դերը այդ փոփոխություններին հակադրվելն է, ինչպես նաեւ պահպանել ռեժիմը եւ վերարտադրել իշխանությունը։ Ուրիշ խնդիր, ցավոք, հեռուստատեսությունն իր առջեւ չի դրել:

Ծրագրերի մեծ մասի անպատասխանատու ժամանցային բնույթը, իշխանության գաղափարախոսների ցինիկ հռետորությունը եւ դեմագոգիան հետապնդում են մի նպատակ` ստեղծել սոցիալական անհավասարության, հարուստների կողմից աղքատների շահագործման մշակութահոգեբանական հիմնավորում։ Կարճ ասած, որպեսզի ստիպված չլինեն վերացնել ճչացող անհավասարությունը, իշխանությունները ձգտում են օրինականացնել այն հեռուստատեսության օգնությամբ։ Եւ դա նրանց որոշ չափով հաջողվում է։

Այսօր Հայաստանում հեռուստատեսությունն ամենօրյա աղետ է։ Վարկանիշները բնավ հաշվի չեն առնում բացարձակ մեծությունները։ Դրանք ցույց են տալիս, որ ինչ-որ մի ծրագիր ինչ-որ մի ալիքով գրավում է լսարանի որոշակի մասը։ Իսկ այն, որ լսարանն ինքը կրճատվել է մի քանի անգամ, վարկանիշները չեն հաշվում։ Փոխարենը, հաշվում են անկախ փորձագետները։ Մեդիայի այլընտրական ռեսուրսներ ծրագրի (ղեկավար` Մանանա Ասլամազյան) վերջերս անցկացված հարցման համաձայն` հեռուստադիտողների 45%-ը չի վստահում հեռուստատեսությանը` որպես տեղեկատվության հավաստի աղբյուրի։

Միացնելով հեռուստացույցը` մենք ակամա դառնում ենք ներկայացման հանդիսատեսներ, որը բեմադրված է իշխանության կողմից որպես տեղեկատվություն կամ ժամանց։ Բացահայտ սուտը կամ կեղծիքը պաշտոնապես համարվում է ճշմարտություն, որը ծառայում է միայն որպես կիսաֆաբրիկատ` լիակատար հեռուստատեսային առասպելաշինության համար: Հեռուստադիտողն այլեւս չի զարմանում, որ միեւնույն իրականությունը կարող է ունենալ մի քանի մեկնաբանություն։ Տարիների ընթացքում ձեւավորելով ներկայացման հասարակություն (ֆրանսիացի փիլիսոփա Գի Դեբորի տերմինն է)` հեռուստատեսությունն այլեւս անկարող է ցուցադրել որեւէ հավաստի բան։ Ու թեեւ բոլորը գիտեն այդ մասին, միեւնույնն է, հեռուստադիտողների մեծամասնությունն ի վիճակի չէ ամբողջովին արգելափակել սեփական ուղեղը կեղծիքի առջեւ։ Սա հեռուստատեսային ընկալման առանձնահատկությունն է։

Ո՞ր երկրների հեռուստաալիքներն են մատչելի երկրի բնակչությանը, եւ դրանցից որո՞նց են նրանք նախապատվություն տալիս։

Հայաստանում մատչելի են մի քանի տասնյակ երկրների հեռուստաալիքներ` հիմնականում ռուսերեն կամ բնօրինակի լեզվով։ Մալուխային ծառայությունների փաթեթներում, որոնցից հիմնականում օգտվում են մեծ քաղաքների միջին եւ բարձր եկամուտ ունեցող ընտանիքները (բնակչության մոտ 15%), կան Euronews- ը եւ CNN-ը, France 24-ը եւ Deutsche Welle-ն` ընդամենը մոտ հարյուր արբանյակային հեռուստաալիք։ Իսկ բնակչության մեծ մասի համար հաղորդվում են միայն երեք ռուսական ալիքներ` ОРТ, РТР Планета եւ Культура։ Առաջին երկուսը մատչելի են նաեւ հանրապետության հեռավոր շրջաններում։ Ավանդաբար Հայաստանում նախապատվությունը տրվել է ռուսական ալիքներին եւ դա բնական է, քանի որ Հայաստանում առաջին օտար լեզուն ռուսերենն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter