«Կանաչ երթ. Հանուն բնության և օրինապահության»
Փետրվարի 21-ին` շաբաթ օրը, տեղի կունենա Թեղուտի Պաշտպանության Խմբի և Կանաչ Լույս Արշավի կողմից համատեղ կազմակերպված «Կանաչ երթ. Հանուն բնության և օրինապահության» հանրային գործողությունը:
Թեղուտի Պաշտպանության Խմբի տարածած հաղորդագրության համաձայն՝ Գործողության նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել բնությունը հարգելու և օրինակելի քաղաքացիական վարքագծով առաջնորդվելու գաղափարների վրա:
Գործողության մասնակիցները կհավաքվեն Սիրահարների այգում (Բաղրամյան պող.) ժամը 13:00: Գործողությունը կմեկնարկի մոտավորապես ժամը 13:30-13:45-ին նախապես գործողության ծրագիրը ներկայացնելուց և միմյանց հետ ծանոթանալուց հետո: Մասնակցությունը ազատ է:
Գործողության կմասնակցեն թե' հեծանվորդներ, թե' հետիոտներ: Հեծանվորդները կշրջեն Երևան քաղաքի Կենտրոն համայնքով նախօրոք սահմանված երթուղով` դրոշներով և կարգախոսներով հանրությանը ներկայացնելով գործողության գաղափարները:
Հետիոտները կբաժանվեն երկու հոգանոց խմբերի: Վերջիններս մայթերի մոտ կանգնած ավտոմեքենաների դիմապակիների վրա կթողնեն թռուցիկներ, որոնք կոչ կանեն վարորդներին ճանապարհը զիջել հետիոտնին, կամ եթե վարորդը սխալ է կանգնեցրել ավտոմեքենան (ասենք` երթուղային տաքսու համար նախատեսված վայրում), ակնարկ կանեն դրա վերաբերյալ կրկին թռուցիկի միջոցով:
Ցրվելով քաղաքով մեկ` Չնայած հեծանվորդներն ու հետիոտները կբաժանվեն ու կցրվեն քաղաքով մեկ, այնուամենայնիվ նրանք կհանդիպեն 3 կետերում` Կարապի լճին հարակից տարածքում, Երևանի Պետական Բժշկակական Համալսարանի մոտ և Սայաթ-Նովա/Մաշտոց խաչմերուկում, որտեղ բուկլետներ և տեղեկատվական թերթիկներ կբաժանվեն անցորդներին:
Գործողությունը կավարտվի ժամը 16:00 Սիրահարների այգում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել