HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանի արտգործնախարարի այցին ընդառաջ

2009թ. փետրվարի 20-21-ին Հայաստանում երկօրյա պաշտոնական այցով է գտնվելու Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն: Վրաց բարձրաստիճան պաշտոնյայի այցի կապակցությամբ «Ջավախք» հայրենակցական-բարեգործական կազմակերպությունը, «Միտք» վերլուծական կենտրոնը և Հայրենադարձության և հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:  Ներկայացնում ենք հայտարարության տեքստը. 2008թ. հուլիսից առ այսօր Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախք-Ծալկա նահանգում ծայր առած հակահայկական հալածանքների, եւ մասնավորապես` - ջավախքահայ քաղաքական ակտիվիստներ եւ հասարակական գործիչներ` Վահագն Չախալյանի, Գրիգոր Մինասյանի, Սարգիս Հակոբջանյանի եւ Գրիշա Ավագյանի ձերբակալության, - վրաց ոստիկանության կողմից ջավախքահայ այլ քաղաքական ակտիվիստների շարունակական ահաբեկումների, - Վահագն Չախալյանի եւ նրա ընտանիքի անդամների նկատմամբ ներկայումս ընթացող դատավարության ընթացքում վրաց իշխանությունների կողմից թույլ տրվող աղաղակող խախտումների, - հայ-վրացական սահմանի Բավրա անցակետում վրացական կողմից հարուցվող արհեստական խոչընդոտների արդյունքում վրացահայության եւ ջավախքահայության շրջանում օր օրի ավելանում է վախի եւ հիասթափության մթնոլորտը, ինչը հանգեցնում է երկրամասից հայերի արտագաղթի տեմպերի ավելացմանը: Նշված երեւույթները կարելի է բնութագրել որպես վրաց իշխանությունների կողմից իրականացվող «ժողովրդագրական ահաբեկչության» քաղաքականություն, որի հիմնական նպատակն է վրացահայության եւ ջավախքահայության հասարակական-քաղաքական կառույցների ոչնչացման եւ հասարակական-քաղաքական գործիչների չեզոքացման միջոցով հասնել վրացահայության եւ ջավախքահայության լռեցմանը ու «ինտեգրման» անվան տակ` նրանց ձուլմանը եւ դրանով` հայաբնակ այս տարածքի ամբողջական ու լիակատար յուրացմանը: 2009թ. փետրվարի 20-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն: Նրա այցի ընթացքում, անկասկած, քննարկվելու են Սամցխե-Ջավախք-Ծալկայում վերջին շրջանում տեղի ունեցած դեպքերը: Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հայ-վրացական միջպետական հարաբերությունների օրակարգում զետեղել եւ առաջնահերթ կերպով հետապնդել հետեւյալ չորս խնդիրների լուծումը. - Ջավախքում ծայր առած հալածանքների անհապաղ դադարեցում եւ 2008թ. հուլիսից առ այսօր ձերբակալված ջավախքահայ գործիչներ` Վահագն Չախալյանի, ինչպես նաև` Գրիգոր Մինասյանի, Սարգիս Հակոբջանյանի եւ Գրիշա Ավագյանի դատական եւ քրեական հետապնդման դադարեցում եւ նրանց ազատ արձակում. - Վրաստանում հայերի համախումբ բնակության տարածաշրջաններում (Սամցխե-Ջավախք եւ Ծալկա) հանրային կյանքի բոլոր ոլորտներում եւ մասնավորապես` վարչարարության մեջ հայերենի օգտագործման օրենսդրական արտոնում. - Ջավախքահայ երիտասարդության արտագաղթի նվազեցման նպատակով` Ախալքալաքում հայ-վրացական պետական համալսարանի հիմնադրում. - Վրաստանում Հայ Առաքելական Եկեղեցու իրավաբանական գրանցում եւ բռնագրավված հայկական եկեղեցիների վերադարձ: Հայ-վրացական հարաբերությունների երկարաժամկետ բնականոն զարգացման միակ երաշխիքը դա վրացահայության եւ, մասնավորապես, ջավախքահայության իրավունքների հարգումն է: Վրաստանի իշխանությունների առջեւ չկա որեւէ առարկայական արգելք վրացահայության եւ ջավախքահայության խնդիրների օրինական լուծման ուղղությամբ, նամանավանդ, որ դրանց լուծումն ուղղակիորեն բխում է Վրաստանի կողմից ազգային փոքրամասնությունների պաշտպանության գծով ստանձնած միջազգային պարտավորություններից: Վրաստանի իշխանություններին միմիայն քաղաքական կամք է պակասում: Վրացահայության եւ ջավախքահայության արդարացի պահանջների արհամարհման եւ լռեցման գործելավոճն այլեւս սպառել է իրեն: «Ջավախք» հայրենակցական-բարեգործական կազմակերպություն «Միտք» վերլուծական կենտրոն Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միություն Երեւան, 19 փետրվար 2009թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter