HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Գ.Արսենյան. «Նոնսենս է, որ ունենք 4 մարդ ու չենք կարողանում պարզել ով է սպանողը»

ՄԱԿ նախագահ, Մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողովի ներկայացուցիչ Գուրգեն Արսենյանը Մամուլի ազգային ակումբում ներկայացրեց իր ունեցած մտահոգությունները հանձնաժողովի գործունեության հետ կապված: «Այդ մտահոգություններն առաջացել են վերջին նիստից հետո, որտեղ որ զեկուցվեց, թե հնարավոր չէ նույնականացումը, թե որ կարաբինից արձակված կրակոցի հետեւանքով  է քաղաքացին ստացել մահացու վնասվածք եւ մահացել»,-ասում է բանախոսը եւ հավելում. «Մենք երեւի կարողացանք ժամանակակից քրեագիտության մեջ նոր էջ բացել. ունենք երեք սպանված մարդ, չորս կարաբին, չորս կրակող եւ չենք կարողանում նույնականացնել, թե որ կրակոցից վրա հասավ մարդու մահ, դա ինձ համար անընդունելի փաստ է»: Բանախոսը ունի ստեղծված իրավիճակի նկատմամբ երկու մոտեցում. «Եթե իշխանությունը զոհված քաղաքացիների նկատմամբ ունի վերաբերմունք որպես խռովարարի, որի մահը իրենց քիչ է հետաքրքրում, եւ այդպիսի վերաբերմունքով է առաջ շարժվում, ապա համարում եմ դա անընդունելի: Երկրորդ մոտեցումն էլ այն է, որ եթե ենթադրենք, թե երեք մահն էլ վրա են հասել մեկ կարաբինից արձակված կրակոցների հետեւանքով, այդ դեպքում մենք ունենք Ոստիկանությունում ծառայող մոլագար, որը հաճույք է ստանում  իր քաղաքացիներին սպանելով»,-նշում է բանախոսը: Իսկ որպեսզի հնարավոր լինի ժխտել այդ երկու տարբերակները, Գ. Արսենյանը նշեց, որ «ցանկացած միջոցների օգտագործմամբ` տեխնիկական վերլուծական, փորձագիտական, պարտադիր պետք է կարողանանք հասնել իրականության բացահայտմանը»: Մարտի 1-ի հանձնաժողովի գործունեությունը, ըստ բանախոսի, կարող է դառնալ անիմաստ. «Որպես մարտի 1-ի հանձնաժողովի անդամ գտնում եմ, որ հանձնաժողովը պետք է կոշտացնի իր դիրքորոշումները, որովհետև մասնագիտական մարմինների կողմից ներկայացված այդ թեզը, ինձ, որպես հանձնաժողովի անդամի, ՀՀ քաղաքացու ու կուսակցության ղեկավարի, չի բավարարում: Գտնում եմ նաև, որ պետք է ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ հրավիրվեն հանձնաժողով և բացատրություններ տան իրենց գործողությունների համար. Օրինակ՝ այն ժամանակվա ոստիկանապետն ու պաշտպանության նախարարը»,- ասում է Գ. Արսենյանը: Հարցին, թե արդյո՞ք հնարավոր չէ ինքնախոստովանական ցուցմունքներ կորզել այդ 4 ոստիկանից, նա պատասխանեց. «Չգիտեմ: Նոնսենս է, որ ունենք 4 մարդ ու չենք կարողանում պարզել ով է սպանողը»: Չի՞ պատրաստվում, արդյոք, հանձնաժողովը հրավիրել այդ 4 ոստիկաններին` ինքնուրույն ինչ -որ բան պարզելու. «Եթե գտնենք, որ նախաքննական կամ պատկան մարմինները, որոնց խնդիրների շրջանակում է այդ փաստերի պարզաբանումը, այլևս ի վիճակի չեն իրականացնել, մենք կփորձենք ինչ որ բան ինքներս անել»: Անդրադառնալով ներքին խնդիրներին բանակի մասնակցությանը` Գ. Արսենյանն ասաց, որ եթե պարզվի, որ բանակն իրոք մասնակցություն է ունեցել նախքան արտակարգ դրություն հայտարարելը, ապա դա «դուրս է ՀՀ օրենսդրության սահմաններից»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter