HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Վարչապետն այցելել է Ասկերանի շրջանի գյուղեր

Անցած 10 տարիներին ԼՂՀ Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ ու Վարդաձոր գյուղերը նշանակալիորեն վերականգնվել են, սակայն օրախնդիր է մնում բնակարանային պատշաճ ապահովվածությունը: Միայն Նախիջեւանիկում 2008թ. վերականգնվել եւ կառուցվել են տասնյակ բնակարաններ` ինչպես պետական, այնպես էլ ոչ կառավարական կազմակերպությունների միջոցներով: Հենց այս երկու գյուղեր էլ այսօր այցելեց վարչապետ Արա Հարությունյանը, որտեղ նա հանդիպեց գյուղաբնակների հետ: Այս մասին հայտնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Երկու բնակավայրերն էլ շուտով լիովին կգազիֆիկացվեն, հողագործությամբ զբաղվողները հնարավորություն կստանան օգտվելու ոռոգման նոր համակարգից, որը շարք կմտնի կառավարության աջակցությամբ: Բայց ահա խմելու ջրի հարցը կրկին ծառացել է գյուղերի բնակիչների առջեւ, թեպետ մեկ տարի առաջ շահագործվել էր նոր ջրատար, եւ բազմամիլիոնանոց պետական այդ նախագիծը մարդկանց շուրջօրյա ջուր պետք էր ապահովեր: Կարճ ժամանակ անց ջրի ակունքների խիստ նվազման պատճառով այժմ ջրամատակարարումը ընդհատված է: Անդրադառնալով հիմնախնդրին` վարչապետ Ա.Հարությունյանը հայտնեց, որ առաջիկայում պետական օժանդակությամբ կգործարկվի ջրամատակարարման նոր տարբերակ, կլինի նաեւ ավելցուկ պաշար, որն էլ կուղղվի ոռոգման համակարգին»,-նշվում է վարչության տեղեկատվության մեջ: Գործադիր իշխանության ղեկավարը մտահոգություն հայտնեց, որ գյուղաբնակները լավ չեն օգտագործում տեղի բարենպաստ պայմանները, լիովին չեն մշակում բերրի հողատարածքներն եւ կարգին չեն զբաղվում անասնապահությամբ: Այդ տեսանկյունից իրավիճակը համեմատաբար բարվոք է Վարդաձորում: Ընդարձակ վարելահողեր ունեցող գյուղը Արցախի եզակի համայնքներից է, որ գործում է առանց պետական դոտացիայի, սեփական միջոցներով է հոգում գյուղական կարիքները: Այստեղ ներուժը ավելի մեծ է, եւ վարչապետը համայնքին հորդորեց առավել ակտիվ լծվել գյուղատնտեսական գործունեությանը` օգտվելով պետական լայն աջակցությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter