Սերժ Սարգսյանն էլ է անհանգստանում հեռուստաեթերով
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հեռուստառադիոհեռարձակման բնագավառում առկա խնդիրներին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Գրիգոր Ամալյանը Հանրապետության նախագահին ներկայացրել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի մոտեցումներն առկա խնդիրների լուծման եւ ոլորտի զարգացման վերաբերյալ:
Նախագահ Սարգսյանը, կիսելով հեռուստառադիոհաղորդումների որակի վերաբերյալ վերջին շրջանում արձանագրված հասարակական մտահոգությունները, ընդգծել է որակական փոփոխությունների անհրաժեշտությունը, կարեւորել է նաեւ ոլորտը կարգավորող օրենսդրական բարեփոխումները եւ պատրաստակամություն հայտնել նպաստել այդ գործընթացին:
Սերժ Սարգսյանը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահին հանձնարարել է առաջարկել ձեւաչափ, որը հնարավորություն կտա քաղաքացիական եւ հասարակական կառույցներին ներազդել հեռուստառադիոընկերությունների գործունեության բովանդակային բաղադրիչի վրա: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել