Հարթաշեն գյուղում բրուցելիոզից տուժել է 26 տնտեսություն
Շիրակի մարզի Հարթաշեն գյուղը Աշոցքի տարածաշրջանի լեռնային ու հեռավոր գյուղերից մեկն է, որտեղ գյուղացիների հավստամամբ տարին տասներկու ամիս անձրև չի գալիս, հողը անջրդի է և անասնապահությունից բացի գոյատևման ոչ մի միջոց չկա: Արդեն մեկ ամիս է` բրուցելիոզը հերթով ոչնչացնում է գյուղի կովերին: Պաշտոնական տվյալների համաձայն 140 գլուխ անասուններ արդեն իսկ վարակվել են, որոնցից հասցրել են մորթել հարյուրը: Միջին հաշվով ընտանքիներից յուրաքանչյուրը երկու միլիոն դրամի վնաս է կրել` պետությունից ոչ մի փոխհատուցում չստանալով: Գյուղում իրավիճակն այնքան է լարվել, որ մարզի գրեթե բոլոր կառույցների` հակահամաճարակային տեսչության, սննդի անվտանգության, մարզպետարանի առողջապահության վարչության ներկայացուցիչները գյուղից գրեթե դուրս չեն գալիս. ախտահանում են բոլորի տներն ու գոմերը:
Սկսել են հետազոտել նաև անասունների հետ ամենօրյա շփման մեջ գտնվող մարդկանց` նրանցից արյուն վերցնելով ու մայրաքաղաք ուղարկելով: Հարթաշենի բուժկենտրոնի բուժքույր Հասմիկ Ավետիսյանի տեղեկացրեց, որ մինչ այժմ ստուգման է ենթարկվել հիսուն մարդ, որոնցից ոչ մեկի մոտ վարակ չի հայտաբերվել, այսօր ստուգման են ուղարկել ևս հիսունմեկի արյունը:
Փոխարենը դպրոցի տնօրեն Հովհաննես Ավետիքյանը հավաստիացնում է, որ դասերի ժամանակ սկսել են ուշաթափվել վարակից տուժած ընտանիքների երեխաները: Ըստ նրա պատճառը միանշանակ սովն է: Մեր` Հարթաշենում գտնվելու պահին ուշաթափվել էր բրուցելիոզից ամանաշատ տուժած ընտանիքի` Կարապետյանների երեխան: Վերջիններիս քսան գլուխ անասունից 12- ը վարակվել են, որից տասին ոչնչացրել են, իսկ երկուսը առողջ անասունների հետ միասին գտնվում են գոմում: Կարապետյանները դժգոհելով պատմեցին, որ իրենց ընտանիքը բաղկացած է տասներկու անդամից, ոչ թոշակ են ստանում, ոչ եկամուտ ունեն, այժմ էլ բրուցելիոզն է գլխներին պատուհաս դարձել:
«160-170 կգ կովը հարյուր հազար դրամ չի բռնել, ես ինչո՞վ ապրիմ, կով առնիմ, երեխին պահե՞մ, ալյուր առնի՞մ, լույսի վարձ տա՞մ, ո՞ր մեկն անեմ», - հարցնում էր Կարապետ Կարապետյանը:
Դպրոցի տնօրեն Հովհաննես Ավետիքյանն էլ փորձում էր ներկայացնել գյուղում տիրող «իրական» պատկերը: «Ինչպե՞ս հասկանանք փոխհատուցում չտալը, ձմեռվա կեսին մենք էնքան խոտ ենք տրամադրում, խոտ ենք կերցրել անասունին, արդեն երկու ամիս հետո անասունը արոտ պետք է ելնի, էդ անասունից մենք պետք է օգուտ ստանանք, ու օգուտը չենք տեսնում: Եթե գաք տեսնեք իմ աշխատանքը, կխղճաք, որ երկու ինստիտուտ ավարտած էս մարդը երկու տուկի համար ընկել է դաշտերը, հիմա էլ տասնմեկ բարձրակիթ կովեր դուրս են եկել շարքից: Ես չգիտեմ բրուցելիոզ են կովերը, թե տուբերկուլյոզ, վերջին կովիս մի քանի օր առաջ սպանդի ենթարկեցին: Բայց ես լաց չեմ լինում, ես աշխատավարձ ունեմ փառք Աստծո, բա հասարակ գյուղացին ի՞նչ անի: Օրերս երեք ծնող եկել էին, թե էրեխեքիս թղթերը տվեք` քաղաք ենք տեղափոխվում, այլևս այստեղ անելիք չունենք, անասուն չունենք, մնանք էս գյուղը ի՞նչ անենք: Իհարկե չեմ տվել թղթերը: Փոխհատուցման համար դիմել ենք գյուղապետարան, մարզպետարան, սակայն ճար չկա, հեռուստատեսությամբ հայտնել են, որ փոխհատուցում բառը մտքներիցդ հանեք: Ասում են, եթե Ձեր անասունը շարքից դուրս է եկել, սպանդի ենթարկեք: Եթե բարեհաճեին դեկտեմբերին բոլոր հիվանդ անասուններին հավաքեին, էսպիսի բռնկում չէր ստացվի, մեր գոմում մի քանի անորակ մոզի է մնացել: Ես ընդհանուր գյուղի համար եմ խոսում, ստեղ այլ եկամտի աղբյուր չկա, տուն կա յոթ անասունն էլ մորթել են, էրեխեն դասի է գալիս սոված ու ուշաթափվում է, չեմ չափազանցնում, գնացեք գյուղի քույրին հարցրեք, էլ ի՞նչ պահանջես էդ էրեխից: Ես չգիտեմ ի՞նչ են մտածում գյուղատնտեսության նախարարությունում, հլը նախարարին մարդ հարցնի Աշոցքի տարածաշրջանի տեղը գիտի՞, գյուղապետն ու մարզպետարանի գյուղվարչության պետն ի՞նչ անեն, անկարող մարդիկ են, ամբողջ գյուղը հրի ու սրի է մատնված», -ասաց դպրոցի տնօրենը:
«Եթե անասունը գոմից պիտի վերացնենք, գոմի դուռն էլ փակենք, էլ ստեղ մնալներս քանի կոպեկ արժի՞: Մեր մոտ կարկուտն էլ էնքան շատ է, որ չես կարող մտածել հացահատիկի ցանելու մասին, չորային տեղ է, անձրև չկա: Գյուղը նաև տեխնիկա չունի, մերը սաղ գնովի է, այլուրից սկսած քաղաքից ենք գնում», - ասաց Բաբկեն Մացակյանը:
Ինչքա՞ն նյութական վնաս է կրել գյուղը, հաշվարկե՞լ է գյուղապետարանը ու բարձրաձայնել գյուղատնտեսության նախարարաությանը: Մեր այս հարցին` գյուղապետ Գրիշա Գալստյանը փաստում է, որ տուժել է քսանվեց տնտեսություն, սակայն գյուղապետը նյութական վնասի չափ չի հաշվարկել, քանի որ նրա պատկերացմամբ, դա իր ֆունկցիան չէ և հետո մարզպետարանից հրահանգ չկա: Իսկ ահա Սննդի անվտանգության և անսանաբուժական Շիրակի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ Ալեքսան Հարությունյանը գտնում է, որ չպիտի փոխհատուցեն գյուղացուն, որպեսզի նրանք չհայտարարեն, որ գյուղի բոլոր անասունները բրուցելոզ են: Ըստ նրա վառ օրինակը իրենք տեսել են երկրաշարժի ժամանակ, երբ մարդկանց տները չէին փլվել, բայց իրենք իրենց ձեռքով էին քանդում պետությունից աջակցություն ստանալու համար: Վերջինս վարակի տարածման հարցում ինչ-որ տեղ մեղադրում է գյուղացիներին` անասնագոմերում ոչ մի հիգիենիկ պայման չստեղծելու համար :
«Եթե այդ գոմում պիտի պահվի հինգ անասուն, ապա պահում են տաս-տասհինգ անասուն, խիտ է, դուք էլ, ոչ մասնագետներն էլ գիտեն, որ ինչքան շատ եղավ, էնքան վարակը արագ կտարածվի , ուրիշ հիվանդանություններ կարող են գլուխ բարձրացնել: Վարակի աղբյուրը չես կարող ասել, դա անհնարին է, որովհետև ամբողջ հանրապետության մի ծերից մյուս ծերը անասունը շարժվում է, հատկապես ոչխար պահողները: Ամբողջ տարածաշրջանում միակ տեղն է, որտեղ կա բրուցելիոզ: Անասունների մեջ կան և կասկածելիներ և խիստ վտանգավորներ , բայց մենք ամեն ինչ անում ենք լավացման համար, տները, գոմերն ենք ախտահանում, համապատասխան ցուցում է տրված, որ մինչև ամսվա վերջ հիվանդ անասուններին դուրս բերենք, կատարենք համապատասխան միջոցառումներ» , -ասում է գլխավոր մասնագետը :
Մենք հետաքրքրվեցինք, թե ի՞նչ են անում հիվանդ անասունների միսը: «Մենք հիմանականում ուղարկում ենք մսի կոմբինատներ, Երևանում, Գյումրիում ունենք կետ, ջերմային վերամշակումից հետո միսն օգտագործելի է , վնաս չի բերում» - փորձում է հանգստացնել Ա.Հարությունյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել