Ռազմիկ Զոհրաբյան. «Մեզ հակացուցված է, որ մի տեղում շատ մարդ հավաքվի, քանի որ մենք հեշտությամբ զոմբիանում ենք»
«Մարտի 1-ի իրադարձությունները մեր բոլորի համար խարան են, դա վերաբերում է Հայաստանի վարկանիշին, դրսից մեզ նայում են որպես պետության, որտեղ մի կաթիլ մեղրի նման չեն կարողանում կիսել իշխանությունը և անընդհատ ընդհարումների են գնում, մեզ համարում են թերզարգացած պետություն, բայց մենք պետք է փորձենք չհասցնել դրան, եթե պարտվել ես ընտրություններում, հաջորդ անգամ փորձիր հասարակության համար լավ բաներ անել, որ հասարակութունը քեզ ընտրի»,- Հետքի հետ զրույցում հետադարձ հայացք գցելով 2008թ. փետրվարի 19-ի ընտրություններին և դրանց հաջորդած դեպքերին՝ ընդհանրական գնահատական տվեց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:
Ազգային ժողովում ձևավորված մարտի 1- ի դեպքերի ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքները նա գնահատում է բավարար. «Դեռևս բոլոր սպանությունները չէ, որ բացահայտված են, բայց ոչ թե հանձնաժողովն է թույլ, այլ այնպիսի մութ գործարքներ են եղել, որ չեն կարողանում բացահայտել, իսկ փաստահավաք խումբը, որ նրանց համար պետք է տեղեկատվություն հավաքի, ավելի ուշ ձևավորվեց:
Նա հանձնաժողովի ամենամեծ ձեռքբերումը համարում է այն բացահայտումը, որ մարտի մեկին 10 զոհերից 3-ի մահվան պատճառը եղել է հնացած Չերյոմուխայի օգտագործումը. «Ես դժվարանում եմ ասել՝ մարտի 1-ի զոհերին սպանողները կբացահայտվե՞ն, թե՞ ոչ, քանի որ «գործընթացի մի տարին է արդեն լրանում, բայց ընդամենը 3 զոհերի սպանության մասին կա որոշակիություն, ես միայն հուսով եմ, որ կբացահայտվեն,, բայց չեմ կարող վերջնական ասել՝ կբացահայտվե՞ն, թե՞ ոչ»,- ասում է ՀՀԿ պատգամավորը:
Իշխող կուսակցության փոխնախագահի մեկնաբանությամբ` մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձություններում և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը ունեին իրենց մեղքի բաժինը. «Եթե հավասար չափով մեղավոր լինեին, ընտրությունները կհամարվեին անվավեր և կհայտարարվեր, որ ամեն ինչ սկսվում է նորից, բայց Սահմանադրական դատարանի, եվրոոպական կառույցների ճանաչելուց հետո ընդդիմությունը չհամաձայնվեց արդյունքների հետ և ֆիզիկական ճանապարհով, զանգվածային անկարգություների միջոցով փորձեց գալ իշխանության»:
Ի վերջո, ՀՀԿ պատգամավորը եզրակացնում է, որ Հայաստանում չեն ձևավորվել քաղաքական սովորույթներ ընտրությունների գնալու և խաղաղ ճանապարհով իշխանությունը փոխանցելու: Սակայն Ռ. Զոհրաբյանը համոզված է, որ հասարակության մեջ թուլացել է այն լարվածությունը, ինչ կար մարտի 1-ից հետո, քանի որ եվրոպական կառույցների կողմից իշխանությանն աջաջադրված 3 բանաձևերը մեծամասամբ կատարվել են: «Միայն վերջնամասի կատարումն է մնացել` կապված կալանավորների դատաքննման եւ այն պարզաբանումների հետ, թե, ի վերջո, ի՞նչ միջոցներից կամ ու՞մ ձեռքով են սպանվել 10 զոհերը»,- ասում է Ռազմիկ Զոհրաբյանը:
Պատգամավորը կարծում է, որ կալանավորներին ազատ արձակելու առումով լուրջ առաջնթաց կա, քանի որ մեծ թվով մարդիկ պայմանական և 28 հոգի խնդրագրերով ազատ են արձակվել պատժից: Ի պատասխան ընդդիմության այն պնդումների, թե խնդրագրերով ազատ արձակվածները չեն մտնում իրենց քաղբանտարկյալների ցուցակի մեջ, Ռազմիկ Զոհրաբյանը հիշեցրեց, որ քաղբանտարկյալներ մենք չունենք, քանի որ Հայաստանին վերաբերող բանաձևերում նման ձևակերպում չկա:
«Դատից հետո պարզ կլինի, որ եթե մարդը ոչինչ չի արել և իր քաղաքական հայացքների համար է ձերբակալվել, դրանից հետո կաող են ասել, որ սրանք քաղկալանավոր են ու դուք պահում եք նրանց, բայց դեռևս ոչ մեկը այնտեղ չի պահվում իր քաղաքական հայացքների համար, բոլորի վրա կան որոշակի գործեր, որոնք քննվում են, և այդ գործերը տնօրինում է դատարանը»,- ասում է պատգամավորը` հավելելով, որ 225 և 300 հոդվածներում կատարվող փոփոխությունների արդյունքում դատավարությունները շատ արագ կընթանան:
Ռ. Զոհրաբյանի խոսքերով՝ 1960 թ. լինելով քաղաքական ընհատակյա գործիչ և 10 տարվա ազատազրկման դատապարտված, ինքը շատ լավ գիտի, թե ինչ են ռեպրեսիաները, հետապնդումը, ճամբարը, քաղկալանավորը և ոչ քաղկալանավորը. «Մեզ հռչակել էին պետական վտանգավոր հանցագործներ, մենք էլ այն ժամանակ իրենցից պակաս ըմբոստ չենք եղել, եթե ոչ առավել, և՛ դատավարությունն ենք խանգարել, և՛ հացադուլ ենք արել, բայց դա եղել է 1- 2 օր, որ մենք ցույց տանք մեր կամքը, որ մենք կարող ենք նաև չհամաձայնել նրանց հետ, բայց այն ժամանակ մենք ոչ թե ուզում էինք, որ դատավարություն չլինի, այլ մեզ արգելում էին խոսել, երկրորդ բառից հետո դատավորն ասում էր՝ պարզ է, նստեք»:
Իսկ այժմ պրն Զոհրաբյանը համոզված է, որ մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, և իրավական առումով դատարաններն ավելի անկախ են: «Եթե մարդուն ձերբակալել են, ապա նա պարտավոր է թեկուզ մեղադրել իշխանությունեներին, պաշտպանվել, բայց ոչ թե սուլել կամ հայհոյել: Ինչպե՞ս պետք է հասարակությունը կամ եվրոպական կառույցներն իմանան՝ այդ 7 կալանավորները մեղք ունե՞ն, թե՞ չունեն, եթե նրանք չեն խոսում, այլ հայհոյում են, չեն նստում կամ չեն կանգնում»:
Նա համոզված է, որ կալանավորներին ազատ արձակելով՝ ընդդիմությունը չի սահմանափակվի, քանի որ պահանջում է արտահերթ ընտրություններ. «Մենք հիմք չենք տեսնում, որ ընտրությունները եղել են սխալ, եթե ընդդիմությունն ունի ժողովրդի մեծամասնության ձայնը, ապա թող մասնակցի քաղաքապետի ընտրություններին և ցույց տա իր ներուժը, ընտրությունները սահմանադրական ճանապարհով են լինելու, այլ ձև մեր ժողովրդավար երկիրը չունի, թող հաղթի նա, ով ավելի ուժեղ է և հասարակության համար վստահելի»:
Ըստ նրա` քաղաքապետի ընտրություները լակմուսի թղթի նման ցույց կտան ընդդիմություն - իշխանություն հարաբերությունները, և դրանից հետո հասարակությունը կհասկանա՝ ինչքանո՞վ էր ճիշտ և ինչքանո՞վ էր սխալ ընդդիմությունը: Ի դեպ, կոալիցիայի ներսում դեռ չգիտեն՝ միասնակա՞ն են գնալու քաղաքապետի ընտրությանը, թե՞ ոչ, բայց Ռազմիկ Զոհրաբյանի խոսքերով՝ քանի որ արդեն հայտնի է ընտրությունների օրը, կոալիցիան կհավաքվի ու որոշում կկայացնի:
Ռազմիկ Զոհրաբյանը համոզված է, որ ընդդիմությունը խոհեմ կլինի և մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ «դուրս չի գա սահմաններից»: «Մենք դեռ չենք մարսել մարտի 1-ը, դեռ տաք է վերքը, ես կարծում եմ, որ ընդդիմությունը, եթե նույնիսկ ունի քաղաքական շահեր, որպես հայ մարդ պիտի չգնա նոր ընդհարման, իսկ իշխանությունները շատ խիստ ձևով զերծ են մնալու դրանից, ոստիկանությունը զուտ կարգուկանոն ու վերահսկողություն է սահմանելու,- ասում է ՀՀԿ փոխնախագահը և հավելում, որ չնայած մենք մեզ համարում ենք եվրոպացի, իրականում ասիացի ենք,- մի պարզ բանից կարող ենք պատերազմ սարքել, դրա համար մեզ դեռ հակացուցված է, որ մի տեղում շատ մարդ հավաքվի, քանի որ մենք հեշտությամբ զոմբիանում ենք»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել