HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

«Սուպեր հայրենասեր հայերը» Ծաղկաձորում

21_02-multi_rest-houseՀայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ, «Ապավեն» ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանը այսօր Ծաղկաձորում մեկնարկած «Կամուրջ 2009» 6-րդ միջազգային տնտեսական ֆորումին պատասխանեց, թե ինչու են հիմնականում ներգրավված Ռուսաստանի եւ Իրանի ներկայացուցիչները. «Դա պայմանավորված է տարածաշրջանային համագործակցությամբ»,-ասում է միության նախագահը եւ հիշեցնում վարչապետի առաջ քաշած թեզը, թե եկել է ժամանակը ռեգիոնալ-տարածաշրջանային համագործակցության: «Գլոբալ համաշխարհային տնտեսությունը ապրեց այս կաթվածահարությունը, մենք պետք է հարեւան երկրներով, այն շուկաներով, որին ավանդաբար կապված ենք եղել եւ կարող ենք իրար լրացնել, պետք է այդ շուկաներում աշխատել  եւ պատահական չէ, որ հարեւան երկրներն են` Ռուսաստան, Իրան, Բուլղարիա, Հունաստան, հարեւան երկրներ, որտեղ եւ տեղափոխման ծախսերն են քիչ, եւ իրար նկատմամբ հավատն ու համագործակցությունն ավելի արագ է լինում, եւ հաշվի առնենք այն երկրները, որտեղ մեր երկրի համայնքը հզոր է, էթնիկ ծագում ունեցող մեր կապիտալը մեր փրկության ուղիներից մեկն է»,-ասաց Արսեն Ղազարյանը: Արտահանման պոտենցիալն էլ, ըստ Ա. Ղազարյանի, ճկուն դարձնելու համար պետք է չհուսահատվել. «Մեր արտահանման եղած պոտենցիալը կարող ենք  ավելի նպատակահարմար դարձնել, եթե մեր մրցունակ ապրանքն ավելի որակով դարձնենք, եթե չհուսահատվենք եւ ավելի համարձակ մտնենք այն բախումները, որ արտաքին շուկայում ստեղծվել են»: Արտահանման պոտենցիալ էլ, ըստ բանախոսի, ունեն հանքայի ջրերը, պահածոները, կոնյակն ու գինին, նաեւ. «Վստահ եմ, որ մի քանի ամսից նաեւ հանքաարդյունաբերությունը կվերականգնվի»: Միության նախագահը համոզված է, որ ֆորումը համագործակցության նոր եզրեր կմատնանշի. «Եթե հնարավոր չլիներ, չէինք հավաքվի, հնարավորություն միշտ կա, եթե կա ցանկություն եւ աշխատանք»: Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը անդրադառնալով վարչապետի ելույթին ասաց, որ այսօր շինարարությունը հնարավոր չէ ամբողջությամբ փրկել. «Բայց ծրագրեր կան խնդիրը լուծելու, որովհետեւ բնակարանների պահանջարկը բարձր է մեր հասարակության մեջ, ինչը հեշտացնում է կառավարության գործն այդ ուղղությամբ գործիքներ եւ ֆինանսավորում նախատեսելու հարցում»: Ֆորումն էլ, ըստ Ն. Երիցյանի, թույլ է տալիս արտահայտել կուտակած գիտելիքը. «Սովորաբար բացահայտումներ են լինում, օգուտ քաղում ենք, քանի որ բոլորն էլ զբաղված մարդիկ են եւ առիթ չի լինում քննարկումներ ունենալ: Ֆորումը  ստացվել է Դավոսի շարունակությունը եւ կարծում եմ տարիների արդյունքում բովանդակաության խորությամբ կարող է այդ մակարդակի դուրս գալ»: «Հետքի» հարցին, թե երբ է նախատեսվում նոր տեխնոլոգիաներ գնել, քանի որ վարչապետը ելույթում նշեց, որ տեխնոլոգիաների  գների անկում է գրանցվել եւ դա հնարավորություն է Հայաստանում տարբեր ոլորտներ արդիականացնել, նախարարը պատասխանեց. «Ախր շատ տարօրինակ հարց եք տալիս, մենք հո Սովետական միությունում չենք ապրում, որ ամեն ինչի համար  կոնկրետ ժամանակ եք հարցնում»: 21_02-s_kalendjianՌուսաստանի կառավարությանը կից Ժողտնտեսության ակադեմիայի կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցի դեկան, տնտեսագիտության դոկտոր Սերգեյ Կալենջյանը ասում է, որ առաջին հերթին եկել է տեսնելու Հայաստանն այս դժվար ժամանակահատվածում. «Ծաղկաձորում, օրինակ, շատ նոր ու շքեղ հյուրանոցներ են ավելացել, բայց գները սարսափելի են, այս գներով դուք հյուրեր չեք ունենա, ինքներդ ձեզ համար կառուցելու եք ու ապրելու, միայն սուպեր հայրենասեր հայերը կարող են գալ եւ ապրել այսպիսի գներով այս հյուրանոցներում»: Տնտեսագետը գտնում է, որ չնայած վարչապետը խոսեց նաեւ Տաթեւը զբոսաշրջության կենտրոն դարձնելու ծրագրի մասին, բայց այնուամենայնիվ զբոսաշրջության հեռանկարներ չկան. «Մյուս ոլորտներում էլ հեռանկարներ չկան, քանի որ դրամի այսպիսի փոխարժեքի դեպքում , ես չես տեսնում հեռանկար: Գալ եւ այստեղ փոխ ծախսել կամ էլ ձեր արտադրանքը գնել, այս ամենը կարող եք չձայնագրել, քանի որ այս ամենը ես ասացի սրտանց»: Սերգեյ Կալենջյանն ասում է, որ Հայաստանը օգտագործում է Սփյուռքի`  բիզնեսի ոլորտում  ունեցած ներուժի միայն 5-10 տոկոսը . «Միջազգային բիզնես ֆորումների ժամանակ Հայաստանի բիզնեսի գոյության մասին անգամ չի խոսվում: Հայաստանն առաջին հերթին օգուտ պետք է քաղի այն փաստից, որ էներգետիկ ռեսուրսների գներն անկում են ապրել, ես այլ հնարավորություններ չեմ տեսնում, քանի որ արտահանումը պետք է ձեզ օգուտ բերի, դե օրինակ այսօր փորձեք ձեր գարեջուրը վաճառել Ռուսաստանում, կամ էլ ջուրը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter