Նախիջևանում Ազգային անվտանգության նախարարությունը ձերբակալել և հարցաքննել է լրագրողի
Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի աշխատակից Իդրակ Աբասովը Նախիջևանում ճնշման է ենթարկվել: Այս մասին «Թուրան» (Turan) գործակալությանը հայտնել է անձամբ լրագրողը: Նրա խոսքերով, իր գործընկեր Ռաշադ Ալիևի հետ ժամանել էր Նախիջևան մամուլի ազատությունը, մարդու իրավունքները և սոցիալական իրվավիճակն ուսումնասիրելու համար:
Երկու օրերի ընթացքում լրագրողները հանդիպել են պաշտոնական և ոչ պաշտոնական անձանց, ինչպես նաև մի շարք քաղաքացիների հետ, որոնք բողոքել են իրենց իրավունքների խախտման դեպքերի մասին:
«Փետրվարի 20-ին Ռաշադ Ալիևին զանգհարարեցին և տեղեկացրեցին, որ մեզ կընդունի Նախիջևանի ազգային անվտանգության նախարարը: Ես ուրախացա և մտածեցի, որ տեղացի լրագրողները չափազանցնում են իրենց վրա իշխանությունների և ուժային կառույցների ճնշման փաստերը, առավել ևս, որ տեղի ունեցած հանդիպումները պաշտոնական մակարդակում շատ հանգիստ էին անցել»,-պատմել է Աբասովը:
Լրագրողը նաև պատմել է, որ երբ իրենք գնացել են ԱԱՆ, աշխատակիցը տեղեկացրել է, որ ընդունելու է միայն Աբասովին:
«Երբ ես ներս մտա, իմ աչքերը կապեցին, ձեռքերս ոլորեցին և իջեցրեցին նկուղ և ինչ-որ սենյակում նստեցրեցին աթոռի վրա»,-մանրամասնել է լրագրողը: Այնտեղ նրանից վերցրել են ֆոտոխցիկը, տեսախցիկը և փաստաթղթերը: Այդ պահին ներս է մտել զինվորական հագուստով մեկը, և ասել. «Ով ես դու, որ նստած լինես իմ ներկայությամբ, ոտքի»,-գոռացել է նա:
Նրան են տվել մի թղթապանակ, որտեղ լրագրողին վերաբերող թղթեր են եղել: Անծանոթը լրագրողին ցույց է տվել նրա ինտերնետային նամակագրությունը` ակնարկելով կասկածելի կապերի մասին:
«Նախիջևանը հատուկ իրավիճակում է, շուրջ բոլորը հայեր են, միգուցե քեզ էլ են նրանք ուղարկել»,-ասել է անծանոթը:
Հետո նա հետաքրքրվել է Նախիջևանում Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի աշխատակիցներով, և ի վերջո, պահանջել է հեռանալ Նախիջևանից և այլևս երբևէ չվերադառնալ: Երկու ժամ անց լրագրողին բաց են թողել, վերադարձրել են ֆոտո և տեսախցիկները, բայց բոլոր նկարահանումները ջնջված են եղել»,-հայտնում է Contact.com ինտերնետային պարբերականը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել