HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգությունը» մասնակցել է Շահումյանի անվան կոլտնտեսության հողերի աճուրդին

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, նրա օգնականը եւ խմբակցության փորձագետը երեկ ողջ օրը հետեւեցին Շահումյանի անվան կոլտնտեսությանը պատկանած 17,5 հեկտար հողատարածքներն իրենց փաստացի հողօգտագործողներին օտարելու վիճակահանությանը, որը Երեւանի քաղքապետարանը կազմակերպել էր Երեւան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի վարչական կենտրոնում: Վիճակահանությունը կազմակերպած հանձնաժողովի կազմի մեջ ներառված էին ներկայացուցիչներ փաստացի հողօգտագործողներից, վարչական շրջանի աշխատակազմից եւ քաղաքապետարանից:

Բնակիչները երկար էին սպասել Խորհրդային Միության ժամանակ իրենց ծնողների ու պապերի կողմից համառ աշխատանքով հիմնված ու մշակված կոլտնտեսության հողերի օտարմանը, ինչի կապակցությամբ նախկինում դիմել էին թե Աջափնյակի թաղապետարան, հանրապետության ղեկավարությանը, իսկ 2009թ-ին` նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին եւ խմբակցության պատգամավորներին:

Անմիջապես Հայաստանի անկախացմանը հաջորդած հողերի անհատույց համապետական սեփականաշնորհման գործընթացում կոլտնտեսությունը լուծարվել էր եւ քաղաքային իշխանությունները նախ հայտարարել էին, թե ինչպես Հանրապետության մյուս բնակավայրերում, կոլտնտեսականներին նույնպես անհատույց կսեփականաշնորհվեն կոլտնտեսությանը պատկանած հողատարածքները: Սակայն, երեք ամիս անց, Երեւանի քաղաքապետարանի կայացրած որոշմամբ, քաղաքամերձ լինելու ու քաղաքի զարգացման հեռանկարի հիմնավորումներով, այդ հողատարածքները սոսկ վարձակալական հիմունքներով էին հատկացվել քաղաքացիներին, որոնցից շատերը դրանք մշակում են 19 տարի շարունակ:

Չնայած նախկինում Երեւանի քաղաքային իշխանությունների կատարած այդ հայտարարություններին, այդուամենայնիվ 2008 թվականի հոկտեմբերի 23-ին կայացած փակ դասական աճուրդով «Դեֆանս հաուզինգ ինվեստ» փակ բաժնետիրական ընկերությանն էին օտարվել նշված ու հարակից այլ տարածքներ: Այդ ժամանակից ի վեր անլուծելի կոնֆլիկտ էր ստեղծվել հողատարածքների իրավաբանական սեփականատիրոջ եւ փաստացի հողօգտագործողների միջեւ, քանի որ առաջինը պահանջում էր ազատել աճուրդով ձեռքբերված հողատարածքները, իսկ հողօգտագործողները հրաժարվում էին կատարել իրենց ներկայացվող պահանջը` պնդելով, որ իրենք այդ հողերի օտարումից օգտվելու նախապատվության իրավունք ունեն, մինչդեռ պետությունը դրանք փակ աճուրդով օտարել է «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ՓԲԸ-ին:

Վարձակալներից այգիներն ամեն գնով խլելու ցավագին գործընթացում բազմիցս հրդեհներ են բռնկվել այգիներում, ոռոգման համակարգն է խաթարվել` երբեմն դրամատիկ վիճակների առջեւ կանգնեցնելով վարձակալներին:

2009թ-ից սկսած «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հարցը բազմիցս բարձրացրել է Ազգային ժողովում իր հայտարարություններում, ինչպես նաեւ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում: Խնդրի ու դրա լուծումների առնչությամբ «Ժառանգության» պատգամավորի կողմից բազմաթիվ գրություններ են ուղղվել Կառավարությանը, վարչապետին ու փոխվարչապետին, Երեւանի նախկին ու ներկա քաղաքապետերին:

Կառավարությունը «Ժառանգության» պատգամավորին հայտնել էր, որ հարցը նախեւառաջ Երեւանի քաղաքապետարանի տրույթում է, եւ ցանկալի է լուծումներ գտնել նրա հետ միասին:      

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարի առաջարկով մայիսի 17-ին Երեւանի քաղաքապետարանում կազմակերպվեց հարցի քննարկում, որին մասնակցում էին փոխքաղաքապետը, քաղաքապետարանի իրավասու վարչությունների պաշտոնյաններ, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Ռ.Հովսեփյանը, հողօգտագործողների ներկայացուցիչներ եւ պատգամավոր Սաֆարյանը:        

Հարցի բազմաթիվ ասպեկտներ քննարկելուց հետո Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք նշեցին, որ ցանկանում են Կառավարության որոշմամբ այնպիսի լուծում տալ բարձրացված խնդրին, որով հողատարածքների վարձակալներին հնարավորություն կընձեռվի դրանք ձեռք բերել կադաստրային արժեքով: Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն կառաջանա նաեւ դադարեցնել նշված հողատարածքները աճուրդով ձեռք բերած ընկերության սեփականության իրավունքը:

2011թ. հուլիսի 11-ին Կառավարությունը վերջապես ընդունեց 995-Ն որոշումը, որով Երեւանի քաղաքապետին լիազորվեց փոփոխություններ կատարել «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ՓԲԸ-ի հետ 2008 թվականի նոյեմբերի 5-ին կնքված «Հողամասի առուվաճառքի մասին» Հ.105/5-ԱԳ եւ «Պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին» 04/4Կ-ԱԳ պայմանագրերում:

2-րդ կետով էլ որոշվեց «հողամասերի սահմանների ճշգրտման արդյունքում Երևանի քաղաքային համայնքի սեփականությունը դարձող` նոր հատակագծից դուրս մնացած 17,5 հեկտար հողատարածքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Երեւանի քաղաքապետարանի կողմից օտարվելու է նշված հողատարածքները փաստացի զբաղեցրած հողօգտագործողներին» :

Օգոստոսի 9-ին էլ Երեւանի քաղաքապետարանը սկսեց ի կատար ածել Կառավարության որոշման հիշյալ կետը` հողի վարձակալության պայմանագրեր ունեցող ավելի քան 300 անձանց համար կազմակերպելով վիճակահանություն: Առաջին օրվա դրությամբ դրան մասնակցել էին ավելի քան 200 վարձակալներ: «Ժառանգության» խմբակցության ղեկավարը առաջին օրվա արդյունքների դրությամբ վիճակահանության մասնակիցներից որեւէ բողոք չի ստացել:  

Մնացած վարձակալների համար վիճակահանությունը շարունակվել է նաեւ այսօր: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter