HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Ստվերի կրճատմանն «Իրական խոչընդոտներ են հանդիսանում ոչ տնտեսական բնույթի գործոնները»

Այսօր Ազգային ժողովում  նախքան նիստի մեկնարկը օպերատորներին աշխատանքային նորամուծություն էր սպասվում: ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը ԱԺ հսկիչներին տեղեկացրել է, որ նիստը սկսվելուց 30 րոպե հետո ներկա օպերատորներին եւ ֆոտոլրագրողներին դուրս հրավիրեն: Լրագրողներին հնարավորություն է ընձեռվում ներկա լինել նիստերին, սակայն օպերատորները նիստերին հետեւելու եւ ձայնագրելու են  ԱԺ միջանցքում տեղադրված 2 մոնիտորներից:  Նորամուծությունը օպերատորների եւ ֆոտոլրագրողների կողմից բացասական վերաբերմունքի արժանացավ: Ազգային ժողովի այսօրվա քառօրյա նիստը մեկնարկեց, ինչպես եւ միշտ, ներկաների հաշվառմամբ:  Հայտարարվեց, թե դահլիճում ներկա է 104 պատգամավոր: «Ժառանգության» վարչության նախագահ Անահիտ Բախշյանը այս անգամ էլ կատարեց սեփական հաշվարկ եւ հակադրվեց` ասելով, թե  խորհրդարանի դահլիճում ներկա են 98 պատգամավոր։ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն հայտարարեց օրակարգում  ընդգրկված մի շարք օրինագծերի քննարկումը մինչև 30 կամ մինչև 60 օրով հետաձգելու մասին:  Օրինագծերը քննարկման են դրվել ու ձայների մեծամասնությամբ հետաձգվել, օրինակ  «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների և լրացումներ կատարելու մասին», «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերը եւ այլն: Խորհրդարանի նախագահը պատգամավորներին նկատողություն է արել` չքվեարկել ուրիշների փոխարեն: Այնուհետեւ ստվերի կրճատման վերաբերյալ զեկույց ներկայացրեց  ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը: «Ժառանգություն» խմբակցության անդամներ Լարիսա Ալավերդյանն ու Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեցին մի շարք նկատառումներ: Ա. Մարտիրոսյան նշեց, որ պետք է զեկույցում ներառվի դիզվառելիքի եւ բենզինի հարցը, որովհետեւ «գազի թանկացման անվան տակ գազալցակայանները, երբ  1 խորանարդ մետրն ավելանում է 16 դրամով, իսկ նրանք ավելացնում են 130-200 դրամ, այսինքն 10 անգամ ավել են վաճառում, իսկ հանձնաժողովը զեկույցում ներկայացրել է, որ իրենց նախազգուշացնող որոշումն ունեցավ դրական հետեւանք` տվյալ ապրանքային շուկայում իրացման գինը 200 դրամից նվազեց մինչեւ 160 դրամ»: Ա. Մարտիրոսյանը  մատնանշում է նաեւ զեկույցի վերջին տողը, որը, ըստ նրա, մեր տնտեսության եզրակացությունն է. «Իրական խոչընդոտներ են հանդիսանում ոչ տնտեսական բնույթի գործոնները, իշխանության մարմինների եւ խոշոր ձեռնարկությունների միջեւ արդեն կայացած ոչ ֆորմալ հարաբերությունները»: Ա.  Մարտիրոսյանի ելույթի ժամանակ պատգամավորները սկսեցին լքել դահլիճը: Սովորաբար մինչեւ առաջին ընդմիջումը դահլիճը սկսվում է դատարկվել եւ այս անգամ էլ աշխատանքները շարունակվեցին 20-30 պատգամավորի ներկայությամբ: Ի դեպ,  ընդունվածի համաձայն, դահլիճը լքեց նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Պատգամավոր Լարիսա Ալավերդյանն էլ իր ելույթը սկսեց հիշեցումով, որ այսօր սկսվում է Մեծ պահքը եւ խորհուրդ տվեց պատգամավորներին օգտագործել այդ օրերը «մտորելու և զուսպ կեցվածքով հանդես գալու համար»: Ներկայացվեցին նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի երկու հրամանագրերը`  «ՀՀ և Չեխիայի հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը  եւ «ՄԻ կողմից ՀՀ և մյուս կողմից՝ Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև գործընկերության և համագործակցության համաձայնագրին Բուլղարիայի հանրապետության և Ռումինիայի միանալու մասին» արձանագրությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter