HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Մի բռնադատվածի պատմություն

Ժաննա Հարությունյանը բռնադատվածի կարգավիճակ ունեցող 197 ղարաբաղցիներից մեկն է: Իր բախտակիցների նման, խորհրդային տարիներին նա հոր` դաշնակցականի տղա լինելու պատճառով ստիպված է եղել պատանեկությունն անցկացնել Ալթայի մարզում: Ծնվել է Ստեփանակերտում: Տիկին Ժաննան պատմում է, որ հայրը` Համազասպ Ղուկասյանը,  հայտնի մարդ էր Ղարաբաղում, ճանաչված մանկավարժ եւ ղեկավարում էր Ստեփանակերտի դպրոցներից մեկը:

Քահանայի տղա էր. դա էլ, աղջկա կարծիքով, արտաքսման պատճառ է դարձել, չնայած պաշտոնական հիմնավորումը դաշնակցական-նացիոնալիստ լինելն էր: 1949 թ. հոկտեմբերն էր: Ժաննան 14 տարեկան էր, նա լավ հիշում է այդ օրը, երբ իրենց տուն եկան խորհրդային բանակի մի սպա եւ երկու զինվոր ու հայտնեցին, որ պետք է շտապ հավաքվեն: «Սկզբից չհասկացա, թե ու՞ր պետք է գնանք եւ ինչու՞ պետք է հավաքվենք, բայց  անում էինք այն, ինչ հանձնարարում էին մեծերը: Օգնեցի հավաքել տան եղած-չեղած ապրանքներից: Հիշում եմ, որ գորգն էլ պատից հանեցի ու փաթաթեցի: Մեզ դրսում սպասում էր բեռնատար մի մեքենա, որտեղ բարձեցինք մեր ապրանքները, նստեցինք, եւ մեքենան շարժվեց դեպի զինկոմիսարիատ, որտեղ բազմաթիվ մեքենաներ էին կանգնած»,- հիշում է տիկին Ժաննան: 23_02-j_harutyunyan-1 Զինկոմիսարիատի մոտ գրանցելուց հետո նրանց բազմաթիվ ընտանիքների հետ միասին նստեցրեցին մեծ մեքենաները եւ շարժվեցին դեպի Ադրբեջանի Եվլախ քաղաք: Այստեղ նրանց տեղափոխեցին գնացքի բեռնատար վագոններ: «Մեկ վագոնում 8 ընտանիքով էինք: Մոտ մեկ ամիս ճանապարհ գնացինք, մինչեւ հասանք Ալթայի մարզի Բիյսկ անունով բնակավայրը: Երբ տեղ հասանք, երեկո էր արդեն: Մեզ տեղավորեցին մի շինության մեջ, որտեղ խոտ էին պահում: Միայն առավոտյան պատկերացրեցինք, թե որտեղ ենք ընկել: «Զեռնոսովխոզ» էր կոչվում տեղանքը: Հիշում եմ, թե առավոտյան ինչպես էին սովխոզի կթվորուհիները կաթով լի դույլերով մարդկանց կաթ բաժանում: Առաջին օրը ես գնացի կաթի»,- հիշում է Ժաննա Հարությունյանը: Հոր ռուսերենի իմացությունն ինչ-որ չափով օգնեց, որ նորմալ տեղավորվեն: Սովխոզի կենտրոնական բաժանմունքում նրանց մի սենյակ տրամադրեցին, որտեղ բացի նրանցից տեղավորեցին նաեւ 5 հոգանոց մի ընտանիք: Ժաննայի հայրը սկզբում քարի հանքում էր աշխատում, բայց որոշ ժամանակ հետո ծանոթացավ Ղրիմից բռնագաղթած Բորիս Կառնիլովիչի հետ, որն էլ օգնեց նրանց: «Բորիս Կառնիլովիչին հայրս պատմեց մեր պայմանների մասին, ու նա առաջարկեց տեղափոխվել ուրիշ տուն: Մեզ երկու սենյականոց փոքրիկ տուն տրամադրեցին, որը գտնվում էր անասնապահական սովխոզի տարածքում: Իսկ հայրս էլ սկսեց աշխատել այդ սովխոզի այգում: Իմ հիշողության մեջ դեռ մնում է այն մեծ այգին` խնձորենիներով ու մրգատու այլ ծառերով ու թփերով»,-պատմում է տիկին Ժաննան: Դպրոցն այստեղ ավարտելուց հետո Ժաննան ընդունվեց Տոմսկի բժշկական ինստիտուտ: Սակայն, այդ ժամանակամիջոցում մահանում է հայրը, եւ Ժաննան ամեն ինչ թողնում է ու վերադառնում միայնակ մնացած մոր՝ Շամամ Հարությունյանի մոտ: 1952-1955 թթ. նրանք երկուսով փորձում են իրենց գոյությունը պաշտպանել օտար երկրում: Մայրը դերձակություն էր անում, իսկ Ժաննան սկսում է դաշտում աշխատել, որտեղ հիմնականում եգիպտացորեն էին ցանում: «Այդպես էլ ապրում էինք երկուսով, մինչեւ չհայտարարեցին համամիութենական ամնիստիայի մասին: 1956-ին տեղափոխվեցինք Ստեփանակերտ: Մեր տունը լրիվ քանդուքար էր, կարգի բերեցինք ու ամեն ինչ սկսեցինք նորից: Երկուսս էլ աշխատանքի ընդունվեցինք. ես`շինվարչությունում որպես քարտուղար-մեքենագրուհի, ինչպես նաեւ աշխատում էի գրադարանում, իսկ մայրս աշխատանքի ընդունվեց մարզային հիվանդանոցում»,- ասում է տիկին Ժաննան: Բաքվում ավարտելով Ապի Ախունդովայի անվան ինստիտուտի ռուսաց լեզվի եւ գրականության բաժինը` նա տեղափոխվում է հայրենիք, սկզբում աշխատում Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի դպրոցում, այնուհետեւ` թիվ 2 սովխոզում, որտեղ էլ ծանոթանում է ապագա ամուսնու հետ: Ամուսինները 6 տարի ապրում են գյուղում, այնուհետեւ նրանց բնակարան են տրամադրում Ստեփանակերտում, որտեղ էլ մինչեւ հիմա բնակվում են: Տիկին Ժաննան այժմ ապրում է տղայի հետ, ով մանկուց 2-րդ կարգի հաշմանդամ է: Ամուսինը հիվանդության պատճառով 5 տարի առաջ է մահացել: «Աղջիկս էլ ամուսնացել ու ապրում է Լենինգրադում, բժիշկ-գինեկոլոգ է»,- ասում է նա: Տան երկու անդամներն էլ չեն աշխատում, միայն թոշակ են ստանում: Տիկին Ժաննան ստանում է 55 հազար դրամ թոշակ (համեմատաբար բարձր թոշակը կապված է Ալթայում եղած տարիների ստաժի եռապատկմամբ), իսկ տղան`17 հազար: Այդ եկամուտով էլ ապրում են մայր ու տղա: Տիկին ժաննան խոստովանում է, որ եկամուտը չի բավարարում իրենց, բայց «փորձում են ծերը-ծերին հասցնել»: «Մի ժամանակ սկսեցի թխվածքներ թխել եւ վաճառել, որպեսզի կարողանամ տան ծախսերը հոգալ, բայց հիմա չեմ անում`շահավետ չէ»,- ասում է բռնադատվածի կարգավիճակ ունեցող տիկին Ժաննան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter