HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Սահմանը փակ է մարդկանց, բայց ոչ այն հատող նախիրի համար

Երկու շաբաթ առաջ Կոթիում գողացել էին Ոսկեպարի բնակիչ Ազալխան Մանթաշյանի 2 կովը: Կարճ դադարից հետո Նոյեմբերյանի սահմանագոտում կրկին անասնագողություն եղավ: Փետրվարի լույս 21-ի գիշերը սահմանամերձ Ոսկեվան գյուղում անհայտ անձը կամ անձինք գողացել են Էդիկ Գարդիշյանին պատկանող 11 գլուխ խոշոր եղջերավոր անասունը:

Ոսկեվանի համայնքապետ, նախկին զինվորական Սերյոժա Ալեքսանյանը պատմում է, որ ինքը գյուղի մի քանի հատվածներում գիշերային լուսավորություն է անցկացրել, այդ թվում` միջնակարգ դպրոցի մուտքի մոտ: Հենց կրթօջախի մուտքի մոտ էլ գտնվում է Գարդիշյանների առանձնատունը: Սերյոժա Ալեքսանյանի խոսքերով` դպրոցն առաջիկայում հիմնանորոգվելու է, այդ կապակցությամբ այստեղ նախագծողներ են եկել, եւ այդ չարաբաստիկ գիշերը ինքը մինչ ժամը 11:30-ը նրանց հետ դպրոցում է գտնվել: Գողությունը ավելի ուշ է կատարվել: Մետաղաձողով կոտրելով Գարդիշյանների գոմի փականը` գողերը հափշտակել են անասունները: Հարեւանի շանը գողերն ինչ-որ դեղ են տվել, որից հետո մինչ հիմա շունն անզգայացած վիճակում է: Գարդիշյանների ավանակի դունչն էլ կողոպտիչները մետաղալարով կապել են, որ զռռոցով աղմուկ չբարձրացնի: Է. Գարդիշյանը կոչումով մայոր է, ծառայում է հայրենի գյուղին կից սահմանապահ ստորաբաժանումում, ոչ հեռու այն տարածքից, որտեղով տարել են գողացված անասունները: Այդ գիշեր գողացել են նաեւ ոսկեվանցի Սեյրան Մելքոնյանի երկու կովը: Կովերից մեկը ճանապարհին ծնել է, մյուսն էլ փախուստի է դիմել, այս երկու անասունը հետո վերադարձվել են գյուղ: Գարդիշյանների թաղամասում գրեթե բոլորն էլ վերջին տարիներին անասնագողություններից կորուստներ են ունեցել: Իսկ գյուղի դպրոցի տնօրեն Անետա Սարգսյանի կովերը երկու անգամ են տարել: 1990-ական թվականներից մինչ օրս Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերում անասնագողության տասնյակ դեպքեր են եղել, հարյուրավոր, եթե ոչ հազարավոր անասուններ են անհետացել: Գողությունները, չնչին բացառությամբ, չեն բացահայտվել: 1997 թ. Ջուջեւան գյուղում անասնագողություն կատարվեց: Սակայն ադրբեջանցի 3 անասնագողերը չէին հասցրել հատել սահմանը, նրանք առավոտյան մշուշի մեջ մոլորվել էին անտառում: Ջուջեւանցիներն ու նոյեմբերյանցի ոստիկանները հետապնդեցին գողերին, որի արդյունքում նրանք սպանվեցին: Հետագայում նրանց դիակները հանձնվեցին ադրբեջանական կողմին: Դրանից հետո անասնագողությունները ժամանակավորապես դադարեցին: 2005-2007 թթ. Նոյեմբերյանի սահմանամերձ բնակավայրերում անասնագողություններ չեղան: Անասունների առեւանգումը վերսկսվեց 2007 թ. ապրիլի լույս 22-ի գիշերը, երբ սահմանամերձ Կոթի գյուղում անհայտ անձինք գողացան Հովհաննես Հախվերդյանի 9 մոզին: 2007 թ. Կոթիում առեւանգվել էր 72-ամյա Հովսեփ Սարուխանյանը` շուրջ 300 ոչխարի հետ միասին: Օրեր անց նրա դիակը գտնվեց, իսկ ոչխարներն այդպես էլ չհայտնաբերվեցին: 2007 թ. անասնագողություններ եղան Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան, Ոսկեպար, նաեւ` Իջեւանի տարածաշրջանի Ներքին Ծաղկավան, Բերքաբեր սահմանամերձ գյուղերում: 2007 թ. Ոսկեպարից գողացել էին Դերենիկ Պապյանի 5 կովը: Դժվարին վիճակում հայտնված համագյուղացուն սատարելու համար ոսկեպարցիները իրենց սուղ միջոցներից հանգանակություն կատարելով` Պապյանի համար 1 կով եւ 1 մոզի գնեցին: 2008 թ. հունիսի 10-ի գիշերը գողացել են Ոսկեվանի հարեւան Բաղանիս գյուղի 74-ամյա բնակիչ Բաղիշ Հարությունյանի 104 ոչխարը, 40 գառը եւ 6 այծը: Հարությունյանների առանձնատնից մինչ հայ-ադրբեջանական սահմանը շուրջ 3 կմ է: Ի դեպ, անասնագողը (կամ` անասնագողերը) գողացված անասունները քշել-տանելու ժամանակ մի գառ, որի ոտքը կոտրված էր, թողել էին սահմանապահ զինվորական ստորաբաժանման հենց պարսպի տակ, անմիջապես միջպետական մայրուղու եզրին: Հայկական եւ ադրբեջանական հենակետերը սահմանի այս հատվածում իրար շատ մոտ են, մի քանի հարյուր մետր հեռավորությամբ: Անասունների հետքերով առաջնորդվելով` Բաղիշի որդի Հրայրն իր հորեղբոր տղայի` Բորիսի հետ մոտեցել էր սահմանին: Նրա խոսքերով` մինչ սահման մնացել էր մոտ 300 մ: Սակայն առաջ գնալը վտանգավոր էր, քանզի ադրբեջանական հենակետերից կրակ կբացեին: Ի դեպ, 2008 թ. հունիսի 12-ի գիշերը Ոսկեվանում փորձել էին գողանալ վերոհիշյալ Սեյրան Մելքոնյանի որդու` 42-ամյա Խաչիկ Մելքոնյանի կովերը, սակայն կովերի բառաչը խանգարել է հանցագործներին: Նույն Ոսկեվան գյուղում 2008 թ. մարտի 31-ին գողացել էին Էմմա Գեւորգյանի կովը, մոզին եւ հորթը: Գեւորգյանների տունը գյուղի եզրին է, սահմանից մի քանի կիլոմետր հեռավորությամբ: Անասնագողությունը սահմանամերձ գյուղերում դարձել է տարածված երեւույթ, չարիք, որ խանգարում է ապրել, գյուղերում ստեղծում սարսափի եւ անվստահության մթնոլորտ: Գյուղացիները կարծում են, որ դրանց հետքերը տանում են դեպի Ադրբեջան, դրա համար էլ այդ հանցագործությունները չեն բացահայտվում: Նաեւ կասկածում են, որ ադրբեջանցի անասնագողերի հետ հանցակից տեղացիներ էլ կան` «երբ գողը տնից է լինում, եզը երդիկով են հանում»: Որոշ գյուղերում, հույսները միայն իրենց վրա դնելով, բնակիչները դիմում են «տեխնիկայի» օգնությանը: Դովեղ գյուղի բնակիչ Գարիկ Ամիրխանյանն իր գոմում դպրոցական զանգ էր տեղադրել: Տարիներ առաջ, ուշ գիշերին, տան մեջ ուժգին հնչեց զանգը` ազդարարելով, որ անասնագողերը գոմ են մտել: Արթնանալով` տնեցիներ վառեցին լույսերը, գողերն էլ փախուստի դիմեցին: Դովեղի սահմանամերձ Ջալաղ հանդամասից 2008 թ. հունիսի 13-ին գյուղի նախիրը հայտնվեց Ադրբեջանի տարածքում: Նախրապանները պնդում էին, որ սահմանին հայտնված զինված ադրբեջանցիներն էին առեւանգել գյուղացիներին պատկանող 27 կովը, 5 երինջն ու ցլիկը, իսկ իրավապահներն էլ համոզված էին, թե նախրապաններն են անզգուշորեն առանց հսկողության թողել ձորը ջուր խմելու իջած նախիրը, որն էլ հետո անցել է Ադրբեջանի տարածք: Հարց է ծագում` իսկ ու՞ր էին հայ սահմանապահները, չէ՞ որ սահմանը պիտի փակ լինի թե մարդկանց, թե անասունների համար: Սահմանամերձ գյուղերի շատ հողեր, ականապատված լինելով կամ վտանգավոր տեղանքում գտնվելով, չեն մշակվում: Սահմանային բնակավայրերի հողատարածքները մեծամասամբ անջրդի են եւ լավ բերք չեն տալիս: Գյուղացու եկամտի միակ միջոցը մնում է անասնապահությունը: 2007 թ.-ի վերջին եւ 2008 թ.-ի սկզբին խոզերի աֆրիկյան ժանտախտի համաճարակը Նոյեմբերյանի տարածաշրջանում գրեթե վերացրեց խոզերի գլխաքանակը: Որպես գյուղացու գոյատեւման միջոց մնացին խոշոր եղջերավոր անասունները: Սակայն անասնագողությունները կտրում են նաեւ վերջին հույսը: Պետությունը պարտավոր է ապահովել իր քաղաքացիների կյանքի եւ գույքի անվտանգությունը: Մի քանի տարի առաջ Դովեղում անասնագող ավազակները ավտոմատի կրակով վիրավորեցին գիշերն իր անասնագոմը պաշտպանելու եկած Կարեն Վարդանյանին, ում կյանքը հետո բժիշկները հազիվ փրկեցին: Տարիներ առաջ սահմանամերձ Բերդավանի մի բնակիչ գողացված իր սիրելի ձիուն` Պեծոյին փրկելու համար դիմել էր արկածախնդրության: Նա Վրաստանի տարածքով Ադրբեջանի Ղազախի շրջան էր հասել: Սիրելի ձիու համար երիտասարդը կարող էր կորցնել կյանքը, սակայն նրա բախտը բերել էր` նա տուն էր վերադարձել ձիով: Հիմա ո՞ր գյուղացին կհամարձակվի իր Ծաղիկ կովի համար Ադրբեջան գնալ, կամ` ինչպե՞ս... Իսկ կովը, ինչպես տեղացիներն են ասում` «կթանը», գյուղացու ապրուստի վերջին հույսն է: Երբ այդ հույսն էլ չքանում է գիշերային խավարի մեջ, սահմանի վրա մաքառած նոյեմբերյանցուն միայն հայրենի եզերքից տարագրվելն է մնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter