HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախթալայի նոր քաղաքապետը փորձում է լուծել կուտակված խնդիրները

Լոռու մարզի Ախթալա համայնքի նորընտիր համայնքապետ Հայկ Խաչիկյանը համայնքի իր հեղինակած 2009 թ. բյուջեն ներկայացնելիս առանձնապես կարեւորում էր բյուջեի եկամուտների արդյունավետ ու խնայողաբար ծախսումները եւ փորձում էր իր պլանավորած ծախսերի առաջնահերթությունը փաստարկել:

Լոռու մարզպետը քաղաքապետից պահանջում է քաղաքի աղբահանության կազմակերպման համար ստեղծել ՍՊԸ. «Այդ դեպքում համայնքի բյուջեից պետք է վճարենք նաեւ ՍՊԸ-ի տնօրենի եւ հաշվապահի աշխատավարձ, որը շռայլություն է մեր աղքատ բյուջեի համար: Ես կարող եմ կազմակերպել աղբահանության աշխատանքները, իսկ քաղաքապետարանի հաշվապահը կկատարի հաշվապահական աշխատանքները, եւ երկու հաստիքային միավոր կխնայենք»,- բացատրեց քաղաքապետը եւ հաստատակամորեն պնդեց, որ քաղաքի աղբահանության գործը կկազմակերպեն առանց ՍՊԸ-ի: Խնայողության նպատակով Հ. Խաչիկյանը Ախթալայի Սարահարթ թաղամասի լուսակետերի տեղադրման աշխատանքները կատարելու ժամանակ խնդրել է Ախթալայի «Մեթըլ Փրինս» ընկերության աջակցությունը, որոնք էլ անվճար կատարել են այդ աշխատանքները:«Այստեղ մենք խնայեցինք 50 հազար դրամ, Սվինեց թաղամասի լուսակետերի տեղադրման աշխատանքները կկատարեմ ես` թաղամասի բնակիչների հետ, կրկին կկատարենք որոշակի խնայողություններ»,- ներկայացնում է Հ. Խաչիկյանը: Բյուջեով քաղաքապետի 2009 թ. աշխատավարձը սահմանվել է 140 հազար դրամ, որի կապակցությամբ քաղաքապետը տվեց իր մեկնաբանությունը. «Երկար ժամանակ քաղաքապետարանի համար որակյալ հաշվապահ չէինք ճարում, մեր այսօրվա հաշվապահն աշխատում էր Ալավերդու առողջապահական կենտրոնում եւ ստանում էր 100 հազար դրամ աշխատավարձ: Նա համաձայնեց մեզ մոտ աշխատել միայն նույնքան աշխատավարձ ստանալու պայմանով: Քանի որ գործող հրահանգի համաձայն հաշվապահի աշխատավարձը պետք է կազմի քաղաքապետի աշխատավարձի 80%-ը, ստիպված իմ աշխատավարձը սահմանեցինք 140 հազար դրամ»: Պրն Խաչիկյանը գտնում է, որ ավելի լավ է քաղաքապետը ստանա 140 հազար դրամ աշխատավարձ, քան տարբեր ճանապարհներով շորթի բյուջեի գումարները: Այս առումով նա առանձնապես օրինակելի չհամարեց իր նախորդի` Սուրեն Թամազյանի կողմից 2008 թ. համայնքի բյուջեի սոցիալական օգնության գումարներից իր փեսային 60 հազար դրամ սոցիալական օգնություն տալը, երբ նրա ընտանիքի բոլոր անդամներն աշխատանք ունեն եւ սոցիալապես ապահովված են: Նորընտիր քաղաքապետը նաեւ հայտնեց, որ Ալավերդու ոստիկանությունից իրեն տեղեկացրել են, թե ուսումնասիրության արդյունքներով Ախթալայի համայնքապետարանի 2008 թ. բյուջեից 3 մլն դրամ հատկացված սոցիալական օգնության ցուցակներում ընդգրկված բնակիչներից 20-ը անտեղյակ են եղել նախկին քաղաքապետի կողմից իրենց տրված օգնության գումարներին: Այդուհանդերձ, Հայկ Խաչիկյանը Ախթալա համայնքի 2009 թ. բյուջեի 33,3 մլն դրամ պլանավորված եկամուտներից 22,2 մլն դրամը պլանավորել է աշխատավարձի եւ սոցվճարների հետ միասին: Սա կազմում է բյուջեի 65%-ը: Փաստորեն, բյուջեի եկամուտների (առանց սոցվճարների) շուրջ 50 %-ը` 16, 6 մլն դրամ, նախատեսված է համայնքի կառավարման ապարատի պահպանության համար: Սա, թերեւս, պետք է բացատրել նորընտիր համայնքապետի` բյուջետային գործընթացների վերաբերյալ փորձի պակասով: Ախթալայի 2008 թ. բյուջեի 31,6 մլն դրամ պլանավորված եկամուտներից աշխատավարձ սահմանվել էր 15,5 մլն դրամ` բյուջեի 53%-ը, որը նույնպես մեծ թիվ է: Հայկ Խաչիկյանը Ախթալայի բազմաթիվ հիմնախնդիրների շարքում ամենակենսականը համարեց խմելու ջրամատակարարման հարցը: Պարզվում է` Ախթալայում բնակիչները 4 օրը մեկ անգամ են ստանում խմելու ջուր: Այս առումով էլ նոր քաղաքապետը քննադատեց իր նախորդին: «Հունաստանի կառավարության կողմից 2005 թ. Ախթալայի խմելու ջրի բարելավման ծրագիր իրականացնելու համար հատկացվել է 16 հազար եվրո, դրան գումարվել է նաեւ համայնքի 10 % ներդրումը, սակայն ախթալացիների ջրամատակարարման հարցն այդպես էլ չի լուծվել, խնդիրն անավարտ է մնացել ջրահավաք ավազանում»,- բացատրեց քաղաքապետը: Այդ ջրագծի գործարկման հետ քաղաքապետն այլեւս հույսեր չի կապում: Հույսը դրել էր Ագարակից եկող ջրի վրա, բայց Օձունում (այստեղով է անցնում ջրատարը) ջրի մեծ կորուստների հետեւանքով Ախթալային ջուր քիչ է հասնում: «Ջրմուղկոյուղուց» քաղաքապետին խոստացել են, որ օրերը տաքանալուն պես Օձունում ջրի կորուստները կնվազեցվեն, եւ դրանից հետո ջրամատակարարման վիճակն Ախթալայում կփոխվի: Քաղաքապետի հետ զրույցից պարզվեց, որ թեեւ Ախթալայի Սարահարթ թաղամասը գազիֆիկացված է, սակայն գազից դեռեւս չեն կարողանում օգտվել Սվինեց եւ Բարիտ թաղամասերի բնակիչները: «Դրանք մեծ գումարների հետ են կապված»,- ասաց Հ. Խաչիկյանը: Իսկ լուծումը քաղաքապետը դեռեւս չունի: Դեռ չեն լուծվել նաեւ այդ թաղամասերի փողոցային լուսավորության խնդիրները, սակայն դրանց գումարները 2009 թ. բյուջեով նախատեսված են: Ի տարբերություն քաղաքապետի, Ախթալայի բնակիչներին ամենից շատ հուզում է բնակչության առողջության պահպանման խնդիրը: «Հիվանդ ենք, այ, կտորվում ենք: Կտորվում ենք, բայց բժիշկ չկա»,- ասաց հրապարակում հավաքվածներից մեկը: «Հիվանդանալու դեպքում ի՞նչ են անում» հարցին ախթալացի Վոլոդյա Փարսադանյանը պատասխանեց. «Որ լավ հիվանդանանք, պրոստինը գլխներիս ենք քաշելու ու գուզ անենք»: Այսինքն` սպասեն մահվան: Հայկ Խաչիկյանը հայտնեց, որ Ախթալայի խորհրդային տարիներից ժառանգություն մնացած հիվանդանոցը մոտ 5-6 մլն դրամի պարտք ունի, իսկ բարձրահարկ շենքը նախատեսված է հանձնել Գույքի կառավարման վարչությանը: Դա նշանակում է, որ Ախթալայում հիվանդանոց ունենալու հույս բնակիչներն այլեւս չեն կարող փայփայել: Մինչդեռ հիվանդանոցից մինչեւ օրս օգտվում են նաեւ Ախթալայի հարեւան համայնքների ու Նոյեմբերյանի մոտակա գյուղերի բնակիչները: Մեր այցելության օրը 10-ամյա աղջկան` Սյունի Միրզոյանին գրկած հիվանդանոցից դուրս բերող հայրը` Նոյեմբերյանի Լճկաձոր գյուղի բնակիչ Արարատ Միրզոյանն ասաց. «Երեխաս ոտքն այրել է, 10 օր անկողնում պառկած է եղել, աղիքների հետ կապված խնդիրներ կային, բացի այդ` ոչինչ չէր ուտում, լսել ենք` էստեղ լավ ճանաչված բժշկուհի կա, Անահիտ Ղազարյանն է, մենք էլ եկել էինք իրա մոտ, երեխային օգնեց, շնորհակալ ենք: Հիվանդանոց գոյություն չունի, կանչով-մանչով են աշխատում»: Ախթալայում կուտակված հիմնախնդիրների լուծման գործում բնակիչները Հայկ Խաչիկյանի հետ փորձում են հույսեր կապել: Ազնվորեն գնահատում են կարճ ժամանակում քաղաքի աղբահանության, մաքրության եւ լուսավորության խնդիրների լուծման ուղղությամբ նրա կատարած աշխատանքները: Սակայն ախթալացիները երազում են լավ ապրելակերպի ու հիվանդանոցի վերականգնման մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter