HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքաշինության նախարարությունը համաձայնել է Գյումրիում բնակարանների բաշխման գործընթացը տեսաձայնագրելու առաջարկությանը

Նախորդ ամիս «Շիրակ կենտրոնը» Գյումրիում երկրաշարժից մինչ օրս անօթևան ընտանիքներին բնակարանների բաշխման գործընթացում թափանցիկություն ապահովելու նպատակով, ՀՀ քաղաքաշինության նախարարին դիմում-առաջարկ էր հղել, առաջիկա երկու ամիսներին անցկացվելիք 1756 բնակարանների բաշխման վիճակահանությունների ողջ ընթացքը տեսաձայնագրելու անհրաժեշտության մասին:

Դիմում-առաջարկում նշված էր. «Աղետի գոտում նախորդ տարիներին իրականացված բնակբաշխման փորձը հաշվի առնելով կարելի է ասել, որ ոչ պակաս կոռուպցիոն ռիսկեր է պարունակում   բնակարանների հատկացման փուլը: Պատճառը պարզ և միանգամայն հասկանալի է. յուրաքանչյուր ընտանիք էլ կնախընտրեր բնակվել ցանկալի` հիմնականում 2-րդ կամ 3-րդ հարկի հարավային պատուհաններով բնակարաններից որևէ մեկում:

Նույնիսկ 2010 թվականին, երբ բնակարանները հատկացվեցին հրապարակային վիճակահանություններով, բազմաթիվ անօթևան ընտանիքների մոտ առկա էր մտահոգություն դրանց արդարացի ընթացքի վերաբերյալ: Նրանք կասկածում էին, որ ոչ բոլոր բնակարաններն են վիճակահանությամբ բաշխվում: Կարելի է հասկանալ անօթևան ընտանիքների մտավախությունը. 22 տարի շարունակ ծայրահեղ ծանր պայմաններում ապրելով տնակներում, նրանք իրենց մաշկի վրա են զգացել բազում անարդարություններ, ինչպես ասում են` «աչքը տեսածից է վախենում»:

Նման մտավախություններն առավել ևս ներկա փուլում են առկա բնակարան ստանալու հավակնորդ ընտանիքների շրջանում, քանի որ ի տարբերություն 2010 թ.-ի` ընթացիկ տարում Գյումրիում երկրաշարժից անօթևան ընտանիքների համար բնակելի  շենքերը կառուցվել են երկու տարբեր ` Մուշ-2 և Անի թաղամասերում: Իսկ շահառուների մեծ մասը ձգտում են բնակարաններ ստանալ Անի թաղամասից, քանի որ այն առավել հին և կայացած թաղամաս է, համեմատաբար ավելի մոտ է քաղաքին և ունի կենսապահովման պայմաններ:

«Շիրակ կենտրոնն» իր պատրաստակամությունն է հայտնում աջակցելու, որ բնակարանների բաշխման վիճակահանություններն ընթանան թափանցիկ և այդ նպատակով սեփական տեխնիկական ու ֆինանսական միջոցներով նկարահանելու ու (www.shirakcentre.org) վեբ կայքում տեղադրելու է 2011 թվականին Գյումրիում բնակարանների բաշխման վիճակահանությունների ամբողջ ընթացքի տեսաձայնագրությունները»:

Այսօր ստացվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանը, որում ասվում է. «Վիճակահանության ողջ ընթացքը տեսաձայնագրումը ողջունելի է, և այն ավելի կբարձրացնի վիճակահանության գործընթացի թափանցիկության նկատմամբ հասրակության վստահությունը»:

«Շիրակ կենտրոն» ՀԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter