HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՊՀ երկրների մեջ Հայաստանը երրորդ տեղում է

Տեղեկատվական տեխնոլոգիաների դաշտը 2008 թ.-ին

Վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող (ՏՏ) ընկերությունների ընդհանուր թիվն աճել է 17 %-ով: 2008 թ.-ի տվյալներով` Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների ընդհանուր թիվը 175 է:

Եթե 1990-ականներին Հայաստանում տարեկան միջինը 5 ընկերություն էր հիմնվում, ապա 2000-2008 թթ. տարեկան հաշվով միջինը հիմնվել է 17 ՏՏ ընկերություն: Այս տվյալները հրապարակվեցին Աղվերանում փետրվարի 21-ին կազմակերպված Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 9-րդ համագումարում, որտեղ «առանց փողկապների հանդիպում-ֆորում»-ին մասնակցում էին ՏՏ ոլորտի ավելի քան 40 ընկերությունների ներկայացուցիչներ: Ոլորտի փորձագետները հայկական ՏՏ ընկերությունները բաժանում են երկու սեգմենտների` տեղական կապիտալով ընկերություններ և արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղեր: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կատարած «Հայաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետազոտությունը» ցույց է տալիս, որ վերջին 10 տարիների ընթացքում տեղական ՏՏ ոլորտը արձանագրել է արտասահմանյան ներդրողների մեծ հոսք: 2008 թ. տվյալներով` Հայաստանում գործում է արտասահմանյան 56 ընկերություն: ՏՏ ոլորտի արտադրանքի 62 %-ը արտահանվում է ավելի քան 20 երկիր՝ ԱՄՆ, Եվրոպա և ԱՊՀ: Հիմնականում մեծ պահանջարկ ունեն կիսահաղորդիչների նախագծումը, ծրագրային ապահովումը, աուտսորսինգը, ֆինանսական ծրագրերը, մուլտիմեդիա նախագծերը, ինտերնետային և վեբ ծրագրավորումը և այլն: Տեղական ընկերությունները գործում են բազմակողմանիորեն և փոքրածավալ սեգմենտներում, մինչդեռ արտասահմանյան ձեռնարկությունները մասնագիտացած են պատվերներով ծրագրերի մշակմամբ և ծառայությունների մատուցմամբ: Հայաստանյան ՏՏ ոլորտի արտահանումը կազմում է մոտ 70 մլն ԱՄՆ դոլար, որից 60 %-ը` ԱՄՆ և Կանադա, 18 %-ը` Եվրոպա, մնացածը` ՌԴ և ԱՊՀ երկրներ: Հետաքրքիրն այն է, որ վերջին երկու տարում ռուսական կամ ԱՊՀ երկրների մասնակցությամբ ընկերությունների թիվը Հայաստանում նվազել է 5%-ով, հակառակ դրան` կրկնակի մեծացել է եվրոպական ընկերությունների մասնակցության ցուցանիշը` 8 %-ից հասնելով 16 %-ի: Այդուհանդերձ, արտասահմանյան ընկերությունների 64 %-ը Հյուսիսային Ամերիկայից են` Կանադայից ու հատկապես ԱՄՆ-ից: 1991-1997 թթ.-ը տեխնոլոգիական ոլորտի համար անցումային շրջան էին, իսկ դրանից հետո այն համեմատական աճ է ապրել: Ծրագրային ապահովման ընկերությունների մոտ 80%-ը հիմնադրվել են 2000-2008 թթ.: Վերջին 10 տարվա ընթացքում արտասահմանյան տարբեր ընկերություններ իրենց ծրագրավորման գրասենյակներն են հիմնել Հայաստանում: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ասում է, որ նրանց համար, թերևս, գրավիչ են Հայաստանի բարձրակարգ մասնագետները և համեմատաբար ցածր ծախսերն ու ցածր վարձատրվող աշխատուժը: Այդպիսիք են` DOG, EPAM Systems, Lycos Europe, Luxoft, ինչպես նաև հայտնի բրենդային ընկերությունները` Alcatel, Siemens AG, Microsoft Corporation և SUN Microsystems Inc.: Միկրոսխեմաների նախագծման և ծրագրային ապահովման ոլորտում մեծ կշիռ ունի հատկապես Synopsys ընկերությունը: «Հայաստանի դիրքավորումն աշխարհում, ցավոք, որպես ՏՏ-ի երկիր լավ հորիզոնականում չէ: Ունենք կոնկրետ հաջողություններ, որոնցով աշխարհին կարելի է ներկայանալ, բայց կարծում ենք, որ այս ուղղությամբ պետք է երկարաժամկետ ծրագրեր իրականացնի կառավարությունը և հետևողականորեն դիրքավորել մեր երկիրը ՏՏ քարտեզի վրա»,- կարծում է Բագրատ Ենգիբարյանը:

Վերջին 10 տարվա ժամանակահատվածում Հայաստանի ծրագրավորման և ծառայությունների շրջանառությունը տարեկան աճել է 27 %-ով և 2008 թ. կազմել 111 մլն ԱՄՆ դոլար: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ՏՀՏ գնահատման 2000 թ. հաշվետվության համաձայն` 1998 թ. ընդհանուր շրջանառությունը կազմել է 10 մլն ԱՄՆ դոլար: Տեղական ընկերությունների բաժինը ոլորտի հասույթում վերջին հինգ տարիների ընթացքում կազմում է մոտ 45 %` 50 մլն ԱՄՆ դոլար: Հայաստանում 1 մլն ԱՄՆ դոլար հասույթ ունեցող խոշոր ձեռնարկությունները 9-ն են, որոնց համար եկամտաբեր են պատվերով ծրագրավորումը, աուտսորսինգը, միկրոսխեմաների նախագծումը, ցանցային համակարգերը, հաղորդակցությունը և ինտերնետային կիրառման ծրագրերը: Այդուհանդերձ, մասնագետների գնահատմամբ` Հայաստանը տարածաշրջանում բավական շահեկան դիրքերում է, ԱՊՀ երկրների տիրույթում ետ է մնում միայն Ռուսաստանից և Ուկրաինայից: Մոտ հարևանները` Վրաստանն ու Ադրբեջանը, շատ հեռու են Հայաստանից, հատկապես շրջանառության տեսակետից: «2008 թ. Հայաստանը դիրքավորվել է միջազգային ճանաչում ունեցող շատ կառույցներում: Վառ օրինակ է Microsoft-ի ոչ միայն վաճառքի գրասենյակը Հայաստանում, այլև իննովացիոն կենտրոնի հիմնումը»,- նշեց Բագրատ Ենգիբարյանը: Ինտերնետային ծառայություններ մատուցող ընկերությունները գրանցել են ամենաբարձր ցուցանիշը` 70 % շրջանառությամբ, որը պայմանավորված էր «ԱրմենՏելի» մենաշնորհի ավարտով և շուկա մուտք գործած նոր խոշոր պրովայդերներով, որն էլ բերեց ինտերնետ կապի սակագների նվազեցման: «Տեղական շուկայի փոքր ծավալը պայմանավորված է ծրագրային փաթեթների և ՏՏ ծառայությունների հանդեպ ձեռնարկությունների ու կառավարության համեմատաբար ցածր պահանջարկով: Դրա պատճառներն են` նախ ցածր աշխատավարձերը, ծրագրային ապահովման համատարած անօրինական օգտագործումը, արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցների ցածր պահանջարկը, ֆինանսական խոչընդոտներն ու այլ գործոններ»,- շարունակում է Բագրատ Ենգիբարյանը: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Հովհաննես Ավոյանն էլ նշում է, որ Հայաստանում արդեն առաջանում է շուկա, դա արդեն մեծ գործոն է դաշտի զարգացման համար: Ավելին, ոչ լիցենզիոն ծրագրերից լիցենզիոնն օգտագործելու գաղափարն արդեն մտնում է ՏՏ դաշտ: «Լիցենզիոն ծրագրային միջոցներն արդեն ավելի կիրառելի են, քան «պիրատային» ծրագրերը»,- հաստատում է նա: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքերով` ոլորտի զարգացման հիմնական խնդիրը մասնագետների պակասն է, այժմ էլ` ՀՀ դրամի արժևորումը, որը բարձրացնում է ՏՏ ընկերությունների ծախսերը: «Մյուս պատճառը ոլորտի արդյունավետության բարձրացումն է, լուրջ ուշադրություն է դարձվում այն հարցին, որ ոլորտում տարվեն հետազոտական աշխատանքներ, տեղական կազմակերպությունների աջակցությունը նույնպես կարևոր է, օրինակ` կառավարության աջակցությունը վերջերս նկատելի է»,- ասաց Բագրատ Ենգիբարյանը: Տեղական ընկերությունների արտադրողականությունն աճել է 11 %-ով` համեմատած արտասահմանյանների 3 %-ի հետ, սակայն դեռ արտասահմանյաններից հետ են մնում 10%-ով: Այդուհանդերձ, հայկական ՏՏ ձեռնարկությունների ցածր արդյունավետության պատճառները շատ են. տեղական շուկան սահմանափակ է, ցածր է աուտսորսինգային ծառայությունների արժեքը, կարիք կա բարձրակարգ ծրագրային ճարտարագետների, ծրագրերի ղեկավարների և բիզնես մասնագետների, հայտնի ծրագրերի, ինչպիսիք են, օրինակ, CMMI, ISO 9001-ը, ցածր է որակը հեռահաղորդակցության և ինտերնետ կապի հասանելիության ոլորտում, քիչ է քանակը նաև մասնագիտացված հաստատությունների համար: Տեղական շուկայում ծրագրային փաթեթներից ամենավաճառվողները հաշվապահական ու ֆինանսական ծրագրերն են, որոնք պատվիրում են խոշոր ձեռնարկությունները և բանկերը:

Կանայք ՏՏ ոլորտում մեծ տեղ են զբաղեցնում

2008 թ. ՏՏ ոլորտում զբաղվածների թիվը կազմել է 4900: Իսկ ավելի քան 70 %-ը տեխնիկական մասնագետներ են` ծրագրային ապահովման մասնագետներ, վերլուծաբաններ, ծրագրավորողներ, ՏՏ ծրագրերի ղեկավարներ: Ոլորտում տղամարդկանց և կանանց հարաբերակցությունը կազմել է 65/70 %: Հետաքրքիրն այն է, որ Հայաստանում այս ոլորտի կանանց թիվն ավելի բարձր է, քան ԱՄՆ-ում` 26.6% ( 2005 թ. տվյալներով): 2008 թ. Տվյալներով` տեղական ընկերություններում միջինը աշխատում է 21 մարդ, իսկ արտասահմանյաններում` 43: ՏՏ ոլորտի աշխատակիցների ավելի քան 50 %-ն ունի 5 և ավելի տարիների աշխատանքային փորձ: Մինչդեռ ընդամենը երկու տարի առաջ` 2006 թ., այդ ցուցանիշը 60 % էր, որը պայմանավորված է նոր շրջանավարտների և ուսանողների աշխատանքի ընդունման հանգամանքով: «Այսօր ոլորտը համարվում է Հայաստանում միջին աշխատավարձով ամենաբարձր վարձատրվող ոլորտներից մեկը, գերազանցում է ամսական 700 դոլարին համարժեք դրամի չափը, որը նշանակում է, որ ոլորտն ունի մեծ սոցիալական էֆեկտ»,- նկատեց Բագրատ Ենգիբարյանը: Հարկ է փաստել, որ 2008 թ. տվյալների համաձայն` Հայաստանում ՏՏ մասնագիտությամբ 7000 ուսանողներ են սովորում տարբեր բուհերում, որոնց 85%-ը` ԵՊՀ-ում և ԵՊՃՀ-ում, սակայն գործատուները դեռևս նշում են որակյալ կադրերի բացակայության մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter