HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարկային փոփոխություններ. առավելությունները եւ թերությունները

«Հետքի» կլոր սեղանի շուրջ Հայաստանի հարկային վերջին փոփոխությունների, դրանց թերությունների եւ առավելությունների մասին զրուցում են Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը, կադրերի, խորհրդատվության եւ հաշվապահական հաշվառման «Թի ըքաունթ» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Մարտիրոսյանը, ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանը եւ «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:

Է. Բաղդասարյան – Փոքր եւ միջին բիզնեսը խթանելու նպատակով հարկային դաշտում իրականացվեցին փոփոխություններ: Ի՞նչ արդյունքներ են դրանք տվել, ոլորտի ներկայացուցիչները գո՞հ են: 23_02-a_alaverdyan1

Ա. Ալավերդյան – Փոփոխություններն ուժի մեջ են մտել այս տարվա հունվարի 1-ից եւ դեռեւս ընթացքի մեջ են: Դրանք իրենց բնույթով շատ բարդ են, որովհետեւ ընդգրկում են փոքր ու միջին բիզնեսի ողջ դաշտը: Հայաստանում 58,35 միլիոն դրամի շեմի սահմանումը, կարելի է ասել, հարկման առումով ոչ թե նորություն էր, այլ հեղափոխություն: Դա շատ բարձր շեմ է, որի տակ մտնում են փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների մեծ մասը: Բայց կարծում եմ` բոլորը չէ, որ պատրաստ են անմիջապես օգտվել այդ շեմի առավելություններից, սակայն գործընթացը սկսված է: Փոփոխությունների ազդեցությունը զգում ենք տարբեր ուղղություններով: Կան ե՛ւ դժգոհողներ, ե՛ւ գոհունակություն հայտնողներ: Հարկային մարմինները ստանում են բազմաթիվ հարցեր, ընդունում են տնտեսվարող սուբյեկտներին, որոնք առաջ են քաշում տարբեր հարցադրումներ, լարման տակ աշխատում է նաեւ թեժ գիծը: Մեր ամենօրյա աշխատանքով զգում ենք, որ 58,35-ի շեմի գործարկումն առաջացրել է վարչարարական խնդիրներ, եւ ես կարծում եմ, որ մի քանի ամիս անց` տարվա կեսին, կունենանք ռեալ գնահատական, թե փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների ո՞ր մասն է մտնում այդ շեմի տակ, գործում որպես այդպիսին եւ հարկվում այդ մեխանիզմով: Խոսքը տասնյակ հազարավոր տնտեսվարողների մասին է:

Է. Բաղդասարյան – Իսկ հիմնական դժգոհություններն ինչի՞ հետ են կապված, եւ ովքե՞ր են դժգոհողները:

Ա. Ալավերդյան – Միանգամից ասեմ, որ դրույքաչափի հետ կապված դժգոհություններ չկան, որովհետեւ մեղմացումն ակնհայտ է: Տնտեսվարող սուբյեկտների դժգոհությունները վերաբերում են հասույթների ֆիքսմանը, թե որտե՞ղ եւ ինչպե՞ս արտացոլեն իրենց շրջանառությունները, հաշվետվության ի՞նչ ձեւերից օգտվեն, հսկիչ-դրամարկղային մեքենաներն (ՀԴՄ) ինչպե՞ս կիրառեն եւ դրանցում գրանցված հասույթներն ինչպե՞ս արտացոլեն հաշվետվության մեջ: Դժգոհություններ կան իրազեկման պակասից, որովհետեւ բոլորը չէ, որ իրազեկված են: Բայց հիմնական դժգոհությունը կապված է փաստաթղթավորման հետ: Եթե պայմանականորեն տնտեսվարող սուբյեկտներին բաժանենք երկու բանակի` խոշոր, մանր ու միջին, վերջիններս բողոքում են, որ երբ իրենք գնումներ են կատարում` շինանյութերից սկսած, մինչեւ տարբեր հումքի նյութեր, խոշորն իրենց փաստաթուղթ չի տրամադրում: Իսկ մյուս բեւեռը դժգոհում է, որ իրենցից փաստաթուղթ չեն պահանջում, իրենք ուզում են խանութին փաստաթուղթ տրամադրել, բայց վերջինս հրաժարվում է, որովհետեւ այդ դեպքում ֆիքսվում է նրա շրջանառությունը: Այս պարագայում խոշորը զրկվում է սպառման հնարավորությունից, այն էլ տնտեսական ճգնաժամի պայմաններում, եւ եթե մեկ ուրիշին դիմելով նորից մերժում է ստանում, ստիպված ապրանքը տրամադրում է առանց փաստաթղթի: Ամենամեծ խնդիրը սա է. տնտեսվարող սուբյեկտների մեծ մասը հրաժարվում է կա՛մ փաստաթուղթ տրամադրելուց, կա՛մ այն վերցնելուց: Իսկ օրենքում նախատեսված մեխանիզմը, որով մենք կարող ենք որսալ այդ դժգոհությունները եւ վերացնել դրդապատճառները, կարծում եմ` դեռեւս կատարյալ չէ:

Է. Բաղդասարյան – Ճիշտն ասած` խոշոր բիզնեսի այդ դժգոհության մասին առաջին անգամ եմ լսում, որ իրենք ուզում են փաստաթուղթ տալ, սակայն չեն վերցնում:

Ա. Ալավերդյան – Կարող եմ հասցեական ասել, թե որ կազմակերպություններն են դժգոհում, կարող եմ թվարկել նաեւ նրանց կողմից իրացվող արտադրանքի տեսակները` կաթնամթերք, մսամթերք, շինանյութ, ծխախոտ, խմիչք: Բոլոր խոշոր դիստրիբյուտորական ցանց ունեցող սուբյեկտներն այս խնդիրն ունեն: Միգուցե չեն բարձրաձայնում, բայց շատ-շատ դժգոհում են, որ փոքր եւ միջին բիզնեսը, օգտվելով օրենսդրական հնարավորություններից, շահագրգռված չէ աշխատել փաստաթղթով: Բայց կարծում եմ, որ որոշ մեխանիզմներ կան, որ երեք կամ վեց ամիս հետո կհարթեն այս իրադրությունը: Խնդիրը հիմնավորապես լուծելու համար անհրաժեշտ են ավելի մեծ ջանքեր: Այլ քայլեր էլ կան, օրինակ` վիճակահանությունը: Դա առնչվում է մանր բիզնեսին, բայց փաստաթղթավորման եղանակ է: Հիմա պատրաստվում ենք ներդնել եւս մեկ մեխանիզմ, որպեսզի միմյանց հետ աշխատող կազմակերպությունները շահագրգռված լինեն աշխատել փաստաթղթերով: Նախատեսում ենք շրջանառության մեջ մտցնել հատուկ հաշիվներ, եւ եթե գործարքները կատարվեն առանց դրանց, հարկման տեսակետից մենք ներկայացվող փաստաթղթերը հիմք չենք ընդունի: Պետության կողմից հաստատվելու է ստանդարտ փաստաթուղթ, ու եթե A սուբյեկտը B-ից ապրանք գնի, գրանցումն անպայման պետք է տեղի ունենա այդ համարակալված փաստաթղթի վրա, որը մեկի համար կհիմնավորի ծախսը, մյուսի համար` եկամուտը:

Է. Բաղդասարյան – Պարոն Մարտիրոսյան, «Թի ըքաունթի» հետ աշխատող ընկերություններն այս ընթացքում հատկապես ինչի՞ց են դժգոհում:

Տ. Մարտիրոսյան – Բողոքները հիմնականում կապված են վարչարարության եւ օրենքի որոշ դրույթների բացակայության կամ նախատեսված չլինելու հետ: Օրինակ` դեռ սահմանված չէ հարկ վճարողի գիրքը:

Ա. Ալավերդյան – Ժամանակին մենք Ազգային ժողովում ասում էինք, որ փոքր բիզնեսին հասույթները գրանցելու համար անհրաժեշտ է ինչ-որ մատյան, գիրք: Իրականում, երբ նշում ենք` հաշվապահություն չի վարում, դրանով ասում ենք` կեցցե անգրագիտությունը: Հաշվապահությունը միայն բարդ հաշվապահությունը չէ: Ենթադրվում է, որ ցանկացած փոքր բիզնես պետք է ցույց տա, թե իր արտադրանքն ինչքան իրացվեց: Մենք այնքան ենք ընկել պոպուլիզմի հետեւից, որ ասում ենք, թե հաշվապահությունն այնքան վտանգավոր է, որ փոքր բիզնեսի համար անգամ գիրք էլ չենք սահմանել: Հիմա օրենքով բոլոր այն սուբյեկտների համար, ովքեր ունեցել են մինչեւ 58,35 մլն դրամի շրջանառություն, ապրանքների վաճառքի եւ հասույթների գրանցման գիրքը վերացել է: Դրա համար ո՛չ գրքի կարիքը կա, ո՛չ էլ այդ ուղղությաբ կիրականացվեն ստուգումներ: 23_02-t_martirosyan

Տ. Մարտիրոսյան – Պարոն Ալավերդյան, ես մի հարց ունեմ: Ի՞նչ են անելու ծառայություն մատուցող այն ընկերությունները, որոնք նախորդ տարի գործել են Ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) դաշտում, բայց, դրամական հոսքերից ելնելով, վճարումները կատարել են այս տարվա հունվարին: Հիմա նրանց ԱԱՀ-ն հետաձգված է: Օրինակ` մենք ունենք մի ընկերություն, որը ստացված ծառայության մասով մոտ 1,5 միլիոնի հետաձգված ԱԱՀ-ի վճարում ունի: Ստացվում է, որ եթե նա վճարեր դեկտեմբերին, կհարկվեր ավելի քիչ: Իսկ հիմա մեկ անգամ արդեն վճարելով` մի անգամ էլ ծախսագրում է կատարելու: Նույն իրավիճակն է նաեւ այն ընկերությունների մոտ, որոնք, ասենք, ապրանքները գնել եւ վաճառել են նախորդ տարում, բայց մատակարարին դեռ չեն վճարել:

Ա. Ալավերդյան – Ես բացառում եմ երկակի ԱԱՀ-ի վճարումը, որովհետեւ մեր Հարկային օրենսգրքի հիմնարար սկզբունքն է. միեւնույն հարկման օբյեկտին նույն ժամանակահատվածի համար երկու անգամ միեւնույն տեսակի հարկով չհարկել: Պետք է առաջնորդվենք այս սկզբունքով, եւ եթե այդպիսի հարցեր բարձրացվեն, խելամիտ առաջարկների դեպքում պատրաստ ենք պաշտոնական պարզաբանմամբ կամ հրանգավորման միջոցով խնդիրը կարգավորել, որպեսզի սուբյեկտն ավել հարկ չվճարի կամ երկու անգամ չկորցնի:

Տ. Մարտիրոսյան – Մեր հաճախորդները հաճախ տալիս են նաեւ հետեւյալ հարցը. ենթադրենք` տնտեսվարողը հիմնական միջոց է ձեռք բերել պարզեցված հարկի վճարման ժամանակահատվածում: Հիմա նա անցնում է ընդհանուր հարկման ռեժիմ: Այս դեպքում այդ հիմնական միջոցների մաշվածությունը նա կարո՞ղ է նվազեցնել շահութահարկից: Որովհետեւ այս պարագայում նա հայտնվում է մի իրավիճակում, որ իր նմանը, որը գույքը ձեռք է բերել ԱԱՀ-ի ժամանակ, ավելի շահեկան վիճակում է:

Ա. Ալավերդյան – Բայց չէ՞ որ ԱԱՀ վճարող տնտեսվարողը հաշվապահություն էր վարում, շահութահարկի հաշվարկ էր անում, եկամտի ծախս էր հաշվարկում: Նա այդ բարդությունները հաղթահարել է, հիմա էլ օգտվում է պտուղներից: Իսկ հարկատուների մի խումբ կա, որոնք այն ժամանակ օգտվել են պարզեցված հարկի բարի պտուղներից, հիմա սկսվել է մեկ այլ արտոնյալ կարգավիճակ, իրենք ուզում են այդ վիճակից օգտվել, սակայն ուզում են նաեւ օգտվել ԱԱՀ վճարողների համար նախատեսված արտոնություններից: Ճիշտն ասած` մենք այս հարցում մի քիչ դիմադրում ենք:

Տ. Մարտիրոսյան – Խոսքը մնացորդի մասին է, ոչ թե նախորդի կամ այն մաշվածության, որը բաժին ընկավ պարզեցված հարկի հատվածին:

Ա. Ալավերդյան – Ես առաջարկում եմ այդ պրոբլեմը միասին` մեր համապատասխան մասնագիտական բաժինների հետ մասնագիտորեն քննարկենք: Համոզված եմ, որ լուծում կգտնենք` հաշվի առնելով երկու կողմերի շահերը: 23_02-a_minasyan

Ա. Մինասյան – Իմ կարծիքով` ոլորտում այսօր բաց է նաեւ այն հարցը, որ խոշոր բիզնեսը, հնարավոր մասնատումների միջոցով, կարող է հայտնվել արտոնությունների դաշտում: Այսինքն` փոխկապված անձանց ինստիտուտի խնդիրը պետք է օրենքում հստակ ամրագրվեր: Այդ հարցը, քանի որ իրավակիրառական պրակտիկայում դեռեւս փորձարկում չէր անցել, պայմանավորվեցինք, որ ընթացքում պետք է լուծում ստանա, որովհետեւ այսօր այն առկա է: 58,35-ի շեմից կարող են այսօր օգտվել, օրինակ, մի քանի սուբյեկտներ ստեղծելով, բայց մեկ կենտրոնից ղեկավարվելով:

Ա. Ալավերդյան – Տեսեք` ինչ է ստացվում: Մենք ունենք փոքր բիզնեսի զարգացմանն ուղղված փաթեթ, որը գործողության մեջ է: Տեսականորեն թվում է, թե բոլոր հարցերը հաշվի են առնվել եւ արդեն կիրառվում են: Բայց ընթացքում ի հայտ են գալու մի շարք հարցեր` ծախսագրման, հասույթների գրանցման, փոխկապակցված ինստիտուտի կիրառման հետ կապված: Միանշանակ, պարոն Մինասյանը ճիշտ է. Հայաստանում փոխկապակցված անձանց ինստիտուտը դեռեւս միայն թղթի վրա է, եւ գործնականում շատ դժվար է դա կիրառել: Կարծում եմ, որ այսպիսի հարցերը կկուտակվեն, կկազմեն որակ եւ դրանց լուծման նպատակով կարիք կլինի դիմելու ԱԺ-ին` փոքր բիզնեսի շահերը հաշվի առնելու նպատակով:

Տ. Մարտիրոսյան – Իսկ հնարավո՞ր է, որ թեկուզ ապագայում լինի մի այնպիսի մարմին, որը, ելնելով կոնկրետ իրավիճակից, մոտեցման այլ ձեւ կիրառի տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ: Օրինակ` ունենք սննդամթերք արտադրող կազմակերպություն, որն իր արտադրանքն առաքում է գրասենյակներ: Փաստորեն, այդ տնտեսվարող սուբյեկտին ՀԴՄ չի տրամադրվում. դիմել է հարկային տեսչություն, մերժվել է: Այսինքն` նա չի կարողանում իր պարզ բիզնեսն իրականացնել:

Ա. Ալավերդյան –Ես այդ կազմակերպության մասին տեղյակ եմ, այն մշտական գործունեության վայր չունի: Հիմա խնդրում եմ պատասխանեք, ասենք` նա պիցցայի պատվերն առաքում է կոնկրետ հասցե, հենց այդ պահին նա ՀԴՄ-ի կտրո՞ն պետք է տրամադրի:

Ա. Մինասյան – Իսկ ինչո՞ւ ոչ: Ոչ թե առաքիչը ՀԴՄ-ն իր հետ պետք է տանի, այլ արտադրամասում պիցցայի հետ միասին կտրոնը վերցնի ու տրամադրի գնորդին:

Ա. Ալավերդյան – Իսկ մենք ասում ենք` երբ պիցցան առաքում եք, գրանցեք այն առաքման գրքում: Ավելի լավ չէ՞:

Ա. Մինասյան – Լավ չէ, որովհետեւ դրանով տվյալ ապրանքի գնորդը զրկվում է ՀԴՄ կտրոնով վիճակահանությանը մասնակցելու հնարավորությունից:

Ա. Ալավերդյան – Ուրեմն, թող տուն առաքելու պատվերի փոխարեն գնա համապատասխան վայր ու գնի այդ ապրանքը, որպեսզի կարողանա մասնակցել նաեւ վիճակահանությանը:

Ա. Մինասյան – Ինչքանով հասկացա, եթե գնորդն արտադրամաս էլ գնա, միեւնույն է, ՀԴՄ կտրոն նրան չեն կարող տրամադրել, որովհետեւ այդ ընկերությունն իրացման կետ չունի: Այս դեպքում Ձեր առաջարկած լուծումը ո՞րն է:

Տ. Մարտիրոսյան – Իմ կարծիքով` պետք է լինի ինչ-որ մի մարմին, որը նման դեպքերում, ելնելով տնտեսվարող սուբյեկտների ներկայացրած առանձնահատկություններից, կկիրառի առանձնահատուկ մոտեցում, բնականաբար, իրականացնելով նաեւ համապատասխան վերահսկողություն: Ասպիսի մի կոնկրետ պրոբլեմ էլ կա. լամինանտներ վաճառող տնտեսվարողը մի փոքր կրպակում ապրանքը ցուցադրում է փոքր չափի կտորներով: Նա ՀԴՄ-ով գումարը վերցնում է եւ կազմակերպում առաքում: Բայց հարկային տեսչությունն ասում է` այս փոքր կրպակի մեջ 6 մետրանոց լամինատը չէիր կարող իրացնել, պետք է այն հասույթի գրքում գրանցես:

Ա. Ալավերդյան – Հարցը վերաբերում է նրան, թե տվյալ սուբյեկտն արտադրանքի իրացման ինչպիսի ձեւ է ընտրում: Երկրորդ` միայն նմուշը տեսնելը գնորդի համար բավարար չէ: Դա խոսում է առեւտրի սպասարկման որակի մասին:

Ա. Մինասյան – Բայց հարկայինն ի՞նչ գործ ունի գնորդի ճաշակի հետ:

Ա. Ալավերդյան – Կներեք, 14 հարկանի շենքի 12-րդ հարկում մեկը մեծածախ առեւտուր է կազմակերպում, ես դրա հետ գործ ունե՞մ:

Ա. Մինասյան – Դրա հետ էլ գործ չունեք, որովհետեւ օրենքով արգելված է 12-րդ հարկում իրացմամբ զբաղվել:

Ա. Ալավերդյան – Արգելված է զբաղվել մանրածախ առեւտրով, բայց մեծածախ կարող է:

Ա. Մինասյան – Ես որքանով հիշում եմ` Քաղաքացիական օրենսգրքում, «Իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում եւ կառավարության համապատասխան որոշումներում արգելվում է այդպիսի տարածքներում նման գործունեություն ծավալել` առանց տարածքի նշանակությունը փոխելու: Ա. Ալավերդյան – Հարկային օրենսդրության կիրառման առումով մենք չենք կարող ասել, որ տվյալ սուբյեկտի գործունեությունը տվյալ տարածքում համարվում է ապօրինի: Առեւտուր անելու սահմանափակում, ցավոք, օրենսդրորեն չունենք:

Ա. Մինասյան – Որպես ոլորտի ներկայացուցիչներ` ես ուզում եմ մի հարց ուղղել ձեզ: Ընդամենը վերջերս մենք օրենք ընդունեցինք, որով մինչեւ 100 մլն շրջանառություն ունեցողները հաշվապահությունը վարելու են պարզեցված կարգով, եւ այդ կանոնակարգը դեռեւս պետք է կառավարությունն ընդունի: Իսկ մի քանի տարի անց պետք է անցնենք հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշներին: Ինձ համար հետաքրքիր է` ի՞նչ խոչընդոտներ կան միջազգային ֆինանսական հաշվետվությունների կազմման եւ ներկայացման ուղղությամբ: Ես հասկանում եմ, որ այսօր ո՛չ մեր հաշվապահներն են պատրաստ դրան, ո՛չ էլ ձեռնարկությունների սեփականատերերը եւ մենեջերներն են գիտակցում դրա կարեւորությունը: Բայց ուրիշ ի՞նչ խոչընդոտներ կան:

Տ. Մարտիրոսյան – Կարծում եմ` առաջին հերթին պետք է փոխվի հոգեբանությունը, որովհետեւ այսօր հաշվապահական հաշվառում տնտեսությունների մեծ մասը վարում է, որպեսզի բավարարի հարկային տեսչության պահանջները: Մարդիկ դեռ քիչ են հասկանում, որ հաշվապահական հաշվառումը պետք է նաեւ ներքին օգտագործողին: Միջազգային չափանիշներին անցնելու հետ կապված` մեր մասնագետների, հաշվապահների շրջանում այսօր մեծ զանգված կա, որոնք այս անցումները, որպես մասնագետ, ուղղակի ի վիճակի չեն հաղթահարելու: Օրինակ` տարիքով կանայք, ովքեր պարզեցված հարկի դաշտում են աշխատել, հիմա պետք է նորից կարդան բազմաթիվ օրենքներ:

Ա. Ալավերդյան – Նախեւառաջ` այդպիսի հաշվապահություն վարելու հարցում պետք է լինի պահանջարկ: Քանի մեր բիզնեսը թափանցիկ չէ, ստվերի մեջ է, որեւէ սեփականատիրոջ կամ բաժնետիրոջ Հայաստանում ձեռնտու չէ, որպեսզի իր շրջանառությունները հաշվապահորեն արտացոլվեն: Բայց, բացի հարկայինին ներկայացնելուց, հաշվապահությունը սեփականատերերին, բաժնետերերին, պոտենցիալ բաժնետերերին, արտաքին ներդրողներին ներկայացնելու համար է, որպեսզի գրավչություն ստեղծվի, իմանան` ինչ ակտիվներ եւ պասիվներ ունի տվյալ կազմակերպությունը: Սրա համար է հաշվապահությունը, եւ եթե մեր տնտեսվարողները վարեն միջազգային ֆինանսական հաշվետվություն, օտարերկրյա կապիտալը կարող է թափանցել նաեւ Հայաստան: Դրա համար առաջին հերթին պահանջարկ է պետք: Այդ ինչպե՞ս է, որ մենք կարողանում ենք հանրային սննդի ոլորտում միջազգային ամենաբարձր չափանիշներով օբյեկտ պատրաստել, բայց հաշվապահություն չենք ուզում վարել: Կամ`այդ ինչպե՞ս է, որ մի քանի սուբյեկտներ նման հաշվապահություն շատ լավ վարում են` կոնյակի գործարան, «ՎիվաՍել-ՄՏՍ», բանկեր եւ այլն:

Ա. Մինասյան – Որովհետեւ նրանց առջեւ այդ պահանջը դրված է օրենքով:

Ա. Ալավերդյան – Այո, դա վարչապետ Տիգրան Սարգսյանի պնդումն էր, որ անպայման այն, ինչին հասել ենք բանկային ոլորտում, տեղափոխվի նաեւ տնտեսական դաշտ: Ընկերությունները շահագրգռված չեն, եւ դրա համար կառավարությունը գնաց պարտադրանքի. ինչ-որ մեծության ընկերություններ, որոնք, օրինակ, ունեն 500 միլիոնի շրջանառություն, պետք է հաշվապահական հաշվառումը վարեն միջազգային չափանիշներին համապատասխան:

Ա. Մինասյան – Սա ստվերի դեմ պայքարի կարեւոր միջոց է: Բայց մյուս կողից` այլ բան է, երբ կա օրենքի պահանջ, այլ բան է, որ սուբյեկտները դեռ պատրաստ չեն դրան:

Տ. Մարտիրոսյան – Մենք, լինելով մի ընկերություն, որտեղ աշխատում է 25 հաշվապահ, ինքներս տեղեկատվության պակաս ունենք: Կարծում եմ` ամենամեծ բացերից մեկն այսօր դա է:

Ա. Մինասյան – Դուք ունեք հաշվապահական ասոցիացիա, ինչո՞ւ չեք ակտիվացնում:

Ա. Ալավերդյան – Հասարակական այդ կառույցը դեռեւս վերջնականապես կայացած չէ. կա «Հաշվապահների ասոցիացիա», «Որակյալ հաշվապահների ասոցիացիա», շուտով կարող է ստեղծվել «Հայ որակյալ հաշվապահների ասոցացիա»...

Ա. Մինասյան – Պատճառը նաեւ պետության մեջ է, որովհետեւ առ այսօր չենք մտածում, որ առնվազն հաշվապահների որակավորման քննությունը հարկավոր է փուլային ձեւով փոխանցել այդ կառույցներին: Պահել ենք չինովնիկի ձեռքում. Ֆինանսների նախարարությունն ինքն է որակավորում: Արդյունքում հաշվապահության հարցաշարի 60 տոկոսը հաշվապահներին ամենեւին պետք չէ: Պահանջարկը, թե ինչ հարցաշար է անհրաժեշտ կազմել եւ ինչ որակի, դա պետք է իրենք որոշեն: Պահանջը ծնում է նաեւ պետությունը:

Ա. Ալավերդյան – Հայաստանում հաշվապահական հաշվառման դրվածքի համար պետեկամուտների կոմիտեն երբեք պատասխան չի կրել եւ չի էլ կրելու, որովհետեւ դա սուբյեկտների խնդիրն է: Մենք հարկային հաշվառման պատասխանատուն ենք, որը հաշվապահական հաշվառումից տարբերվում է:

Ա. Մինասյան – Իհարկե, տարբերվում է, բայց նաեւ հիմնվում է դրա վրա: Պետությունը պետք է աջակցի դրա կայացմանը: Օրինակ` ֆոնդային բորսան մինչեւ 2000 թ. պետական կառույց էր, այնուհետեւ դարձավ ինքնակարգավորվող կազմակերպություն, հետո` պետական եւ օտարվեց շվեդական ֆոնդային բորսաների ցանցին: Կենտրոնական բանկը գնաց այդ քաղաքականությանը, որպեսզի խրախուսի մասնավորի մասնակցությունը, ընդ որում` պլանավորված էր, որ որակավորման քննությունները պետք է փոխանցվեն Ֆոնդային բորսային: Այսինքն` պետական չինովնիկը պետք է հասկանա, որ ինքն ավելի շատ չի մտածում այն անձի մասին, ով ինքն իր որակի համար շուկայում պետք է տեղ ունենա:

Է. Բաղդասարյան – Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հարկային ռազմավարության փաստաթղթի վրա, որում մի շատ լավ կետ կա. «Պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից գործարարությամբ զբաղվելը կանխարգելող օրենսդրական եւ վարչարարական մեխանիզմի ներդրում»: ԱԺ-ում օրենքի ինչ-որ նախագծեր կա՞ն, ինչպե՞ս է այս ամենն իրականացվելու: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու, որպեսզի պատգամավորները բիզնեսով չզբաղվեն:

Ա. Մինասյան – Սկսենք օրենսդրությունից. Քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածը սահմանում է ձեռնարկատիրական գործունեությունը: Այն սեփական ռիսկով, որոշակի եկամուտ ստանալու ակնկալիքով իրականացվող տնտեսական գործունեություն է: Իսկ 26-րդ հոդվածը սահմանում է ձեռնարկատիրական գոծունեության առնվազն 3 ձեւ. ստեղծել իրավաբանական անձ, գրանցվել անհատ ձեռնարկատեր, արտոնագրավճար կատարողներ կամ գյուղատնտեսությամբ զբաղվելու դեպքում` համատեղ գործունեության պայմանագիր: Ստացվում է, որ իրավաբանական անձ ստեղծելու դեպքում ես դառնում եմ բաժնետեր եւ այդ ուժով դառնում եմ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող: Այսինքն` խախտեցի ոչ միայն Սահմանադրությունը, օրենքը, այլեւ բազմաթիվ այլ պետական պաշտոնյայի էթիկական սկզբունքներ: Այսօր մեր երկրում, եթե այս տրամաբանությամբ ենք շարժվում, վարձակալություն հանձնող անձը դառնում է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող: Այսինքն` կա օրենսդրական լուրջ փոփոխության անհրաժեշտություն: Ես շատ ուրախ եմ, որ այդ ռազմավարությունը ներառված է կառավարության ծրագրում, բայց դա գերազանցապես վերաբերում է հարկային ոլորտին, այնինչ հարկավոր են գլոբալ փոփոխություններ, որպեսզի հնարավոր լինի կատարել հստակ տարանջատում: Կան միջազգային չափանիշներ, օրինակ` անձը որեւէ ընկերությունում փայի մասնակցության ուժով չի համարվում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող, եթե փայը. առաջին` չի պարտադրում այնպիսի վերահսկողություն, որ տվյալ անձը կարողանա որոշումներ կայացնել միանձնյա կամ փոխկապակցված անձանց հետ: Երկրորդ` նա չի հանդիսանում գործադիր մարմնի անդամ: Եվ երրորդ` չի միավորում աշխատուժը, կապիտալը եւ ձեռնարկատիրական ունակությունը: Այս սկզբունքներից ելնելով` ներկայումս ես եւ իմ շատ գործընկերներ աշխատում ենք օրենսդրության մեջ փոփոխություն կատարելու ուղղությամբ, որպեսզի կարողանանք մտցնել հստակություն:

Է. Բաղդասարյան – Այսինքն` պետք է օրենքները փոխեք, որ այդ մարդիկ հանգիստ կարողանան բիզնեսո՞վ զբաղվել:

Ա. Մինասյան – Ոչ, օրենքները պետք է փոխենք, որպեսզի հստակ լինի` ով է երկրում համարվում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձ: Այսօր մենք պրոբլեմ ունենք, եւ հարկայինն այն լուծելու համար տեսեք, թե ինչ է արել: Ձեռնարկատիրական գործունեություն հասկացությունից զատ հարկային օրենսդրության մեջ օգտագործել է տնտեսական գործունեություն հասկացությունը եւ որոշել է որոշակի ձեւով չափանիշներ սահմանել, որպեսզի կարողանա կիրառել արդար հարկման համակարգ:

Է. Բաղդասարյան – Պարոն Ալավերդյան, այս ռազմավարությունը գրելիս կիրառումն ինչպե՞ս էիք պատկերացնում:

Ա. Ալավերդյան – Պետք չէ պատկերացնել կոնկրետ մեկ օրինակով, այլ համալիր ընդգրկման մեջ: Երկրորդ` դա կապված է ծրագրի այն հատվածի հետ, որը վերաբերում է խոշոր բիզնեսի հարկման մեխանիզմների կատարելագործմանը: Մասնավորապես, այդ կետն ուղղված է բարձրաստիճան պետական պաշտոնյաների կողմից ձեռնարկատիրական գործունեության դեպքերի կանխարգելմանը: Օրինակ` նախարարի տեղակալը միաժամանակ ձեռներեց է, զբաղվում է ներկրմամբ կամ ունի խոշոր ձեռնարկություն: Եթե նա բաժնետոմսեր ունի, այսօրվա օրենսդրությունը որեւէ խոչընդոտ չի ստեղծում: Բայց եթե զբաղվում է ակտիվ բիզնեսով, որոշումներ է կայացնում, արձակում է հրամաններ եւ վճիռների վրա գործում է որոշիչ ազդեցություն, ապա դա ուղղակի ձեռնարկատիրական գործունեություն է: Միայն այդ հարցադրումն արդեն շատ կարեւոր է: Մինչ այժմ մենք ընդհանրապես նման հարցեր չենք բարձրացրել, եւ բոլորիս աչքի առաջ պետական բարձրաստիճան պաշտոնյան զբաղվել կամ զբաղվում է բիզնեսով: Կարծում եմ` արդեն իսկ հարցադրումը ենթադրում է, որ պետք է տարբեր մեխանիզմներ ու ելքեր գտնենք, վերլուծենք եւ աստիճանաբար մտցնենք սահմանափակումներ պետական բարձրաստիճան պաշտոնյաների համար, որ նրանք միաժամանակ բիզնեսով չզբաղվեն ու օգտվեն իշխանության, այսպես ասած, բարիքներից: Պաշտոնյան պետք է համոզված լինի, որ եթե այդ պաշտոնը զբաղեցնում է, ստանում է այնքան նյութական բավարարվածություն, որը բավարարում է իր պահանջները, այսինքն` նա կարիք չունի հովանավորի կամ բիզնեսով զբաղվելու: Ստացվել է հակասական իրավիճակ. մի կողմից չունենք պետական բարձրաստիճան պաշտոնյայի բարեկեցության այնպիսի մակարդակ, որի դիմաց նրանից կպահանջենք համապատասխան մոտեցումներ եւ կարգելենք զբաղվել ձեռներեցության տեսակներով: Իսկ պարոն Մինասյանը շատ լավ օրինակ բերեց, որ ձեռներեցությունն այնպես անհստակ է սահմանված, որ եթե նույնիսկ մեխանիկական սահմանափակումներ մտցնես, ուղղակիորեն նա կարող է ձեռներեց չհամարվել, բայց անուղղակի` իր երեխաների, կնոջ, հարազատների միջոցով զբաղվել բիզնեսով: Եթե հարցերը լուծեցիր փոխկապակցված ինստիտուտում, կա շահերի հետ կապված խնդիր, եւ շահերի իրացման միջոցով տվյալ անձն այդ հարցը կկարգավորի: Ուզում եմ ասել` նախ պետք է այդ երկու բեւեռները` պետական պաշտոնյա եւ բիզնես, իրարից սահմանազատել: Մեկ օրվա կամ մեկ տարվա մեջ սա չի լինի: Մեխանիզմներից մեկն այն է, որ օրենսդրությունը պետք է հստակեցնել: Պետք է հստակեցնել քաղծառայողի, հարկային, մաքսային, հանրային ծառայողների, պետական մյուս պաշտոնյաների պաշտոնների նկարագրերը, գործառույթները: Պետք է հստակ պատասխանատվության միջոցներ սահմանվեն պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: Պետք է հստակեցվեն նաեւ պետական պաշտոնյային պարգեւատրման, խրախուսման մեխանիզմները: Այսինքն` սա ենթադրում է մի շարք միջոցառումների իրականացում: Խոսքը նաեւ կանխարգելիչ միջոցառումների մասին է: Օրինակ` բարձրաստիճան պետական պաշտոնյաների շահերն ուսումնասիրող կամ էթիկայի հարցերով զբաղվող առանձին մարմնի կամ այդպիսի գործառույթով օժտված միավորի ստեղծում: Այսօր դա դրված է պետական կառավարման հիմնարկի ղեկավարի հայեցողությանը: Իսկ առաջիկայում այսպես կոչված Էթիկայի հանձնաժողովը կարող է աստիճանաբար մեր հասարակության մեջ նաեւ այդպիսի մեխանիզմներ ներդնել: Հարկային մարմնի ծրագրում դա ներառելը պայմանավորված է այդ համակարգում խնդրի սրությամբ, որպեսզի հարկային ծառայողն ինքը բիզնեսով չզբաղվի կամ չհովանավորի, որովհետեւ դա առաջացնում է անհավասար մրցակցություն:

Է. Բաղդասարյան – Մեզ մոտ ամեն ինչ հակառակ է ստացվում: Ասենք` հրապարակում ենք փաստեր եւ տեղեկացնում ինչ-որ խախտման մասին, բայց դրա հեղինակը ոչ միայն չի պատժվում, այլեւ բարձրացվում է նրա պաշտոնը: Օրինակ` բանանի պատմությունը: Այս օրինակն եմ մատնանշում, որովհետեւ խախտումներն իրականացվել են հարկային եւ մաքսային մարմինների միջոցով:

Ա. Ալավերդյան – Բերեք կոնկրետ օրինակ:

Է. Բաղդասարյան – Օրինակն արդեն ներկայացրի` բանանի ներկրման եւ արտահանման փաստաթղթեր կեղծողը ԴԱՀԿ ծառայության պետն է:

Ա. Ալավերդյան – Ես տեղյակ չեմ այդ մասին, որովհետեւ ինձ հետաքրքրում է ՍՊԸ-ն, որի կատարած խախտման դիմաց պետական բյուջեին հասցված վնասը ոչ միայն վերականգնվեց, այլեւ տույժ-տուգանքներով մենք նույնիսկ մեր մեկ ամսվա պլանը հանգիստ կատարեցինք, եւ շատ լավ էր:

Է. Բաղդասարյան – Այսինքն` դրանով նրան հնարավորություն տվեցիք, որ ինչ ուզենա անի:

Ա. Ալավերդյան – Ոչ, մենք մարդուց գումար չենք գանձել, գանձել ենք կազմակերպությունից ԱԱՀ, որ պետբյուջեն պետք է ստանար, ուշացման օրերի տույժ, որ բավականին լուրջ գումար էր, եւ տուգանք` կատարված խախտման դիմաց:

Զրույցը գրի առավ Արարատ Դավթյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter