HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Անհավասար մեկնարկ. Երեւանի քաղաքապետի ընտրությունները սկսված են

Անցած շաբաթ ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց Երեւանի քաղաքապետի ընտրությունները մայիսի 31-ին անցկացնելու մասին։ Ըստ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 109-րդ հոդվածի՝ Երեւանի ավագանու ընտրությունների օրը կարող էր նշանակվել այս տարվա ապրիլի 1-ից դեկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում։

Ընտրությունների օրը կարող էր նշանակվել դրանից ոչ ուշ, քան երեք ամիս առաջ: Մայիսի 31-ը, փաստորեն, իննամսյա ժամկետների պարագայում ընտրված հնարավոր ամենամոտակա օրերից մեկն էր։ Հասկանալի է, որ կառավարության նման շտապողականությունը բացարձակապես պատահականության արդյունք չէր կարող լինել։ Բացի իշխանական կոալիցիայի անդամ կուսակցություններից, Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու ցանկություն են հայտնել նաեւ ընդդիմադիր երկու հիմնական ուժերը՝ Հայ ազգային կոնգրեսը եւ «Ժառանգություն» կուսակցությունը։ Դա չափազանց սկզբունքային ընտրապայքար էր խոստանում, որը բացարձակապես ձեռնտու չէ իշխանությանը։ Ի տարբերություն համապետական ընտրությունների, Երեւանի քաղաքապետի ընտրությունները համեմատաբար վերահսկելի են, որովհետեւ դրանք ընդգրկում են միայն մայրաքաղաքը։ Եվ ընդդիմությունը, մոբիլիզացնելով իր ուժերը, լիովին հնարավորություն էր ստանում հսկողություն իրականացնել ընտրական գործընթացի նկատմամբ՝ էապես սահմանափակել քվեատուփերի լցոնումները, հանձնաժողովների նկատմամբ ճնշումները եւ այլ ընտրախախտումներ իրականացնելու հնարավորությունները։ Երեւանցիների՝ մարզերի բնակչության համեմատ սոցիալապես ավելի ապահովված լինելու հանգամանքը չափազանց նվազեցնում է նաեւ ընտրակաշառքների միջոցով ձայների զանգվածային գնման հնարավորությունը, եւ այս երկու իրողություններն էապես սահմանափակում են անօրինական միջոցներին ապավինելու իշխանության ձգտումները։ Փաստորեն, ընտրապայքար մղելու հինական միջոցը մնալու է քաղաքական-քարոզչական տեխնոլոգիաների կիրառումը, ընտրողների տրամադրությունների վրա ազդելու ճիշտ մարտավարությունը։ Այս տեսակետից ընտրությունների անցկացման համար ընտրելով հնարավոր ամենամոտակա օրը՝ իշխանությունն առաջին հերթին նպատակ ունի ընդդիմադիր ուժերին թույլ չտալ լրջորեն նախապատրաստվել ընտրություններին։ Հաշվարկը կատարվել էր՝ ելնելով այն իրողությունից, որ ընդդիմությունը ոչ միայն չէր հասցրել թեկնածուներ առաջադրել քաղաքապետի ընտրություններին, այլեւ հստակ կողմնորոշվել՝ միասնական ցուցակո՞վ է մասնակցելու, թե՞ առանձին-առանձին։ Բացի դրանից, ՀԱԿ-ն առայժմ զրկված է իր հիմնական հարվածային ուժից՝ ակտիվիստներից, որոնց մեծ մասը գտնվում է ազատազրկման վայրերում։ Այն փաստը, որ մինչեւ ապրիլի վերջ, ամենայն հավանականությամբ, ընդունված կամ դեռ կիրառելի չեն լինի Քր. օրենսգրքի 225 եւ 300-րդ հոդվածներում կատարվող փոփոխությունները, այդ մարդիկ դժվար թե մինչ այդ համալրեն ՀԱԿ-ի շարքերը, վերականգնեն նրա պոտենցիալը։ Բացի դրանից, ՀԱԿ-ն իր հիմնական ուշադրությունը սեւեռել է նրանց եւ նրանց ընտանիքների խնդիրների կարգավորմանը, եւ Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու հարցը նկատելիորեն մղվել է երկրորդ պլան։ Հետեւաբար, մայիսի 31-ը նշանակելով Երեւանի քաղաքապետի ընտրությունների օր՝ իշխանությունը փորձում է մեկնարկային անհավասար պայմաններով սկսել ընտրապայքարը։ Այս իմաստով չափազանց կարեւոր է դառնում ընդդիմության ընտրած մարտավարությունը։ Օրեր առաջ «Ժառանգություն» կուսակցությունը որոշեց «ընդդիմադիր ուժերի, ինչպես նաեւ հասարակական դերակատարների լայն շրջանակների հետ բանակցությունների արդյունքում որոշում կայացնել Երեւան քաղաքի ավագանու առաջիկա ընտրություններին կուսակցության մասնակցության նպատակահարմարության, ձեւաչափի եւ նախընտրական ցուցակի վերաբերյալ»։ Սա նշանակում է, որ «Ժառանգությունը» առաջնահերթորեն դիտարկում է ոչ թե առանձին, այլ միասնական թիմով ընտրություններին մասնակցելու հնարավորությունը։ Սա ուղղակի «մեսիջ» է ՀԱԿ-ին՝ բանակցություններ սկսել այդ հարցի շուրջ եւ որքան հնարավոր է շուտ որոշում կայացնել։ ՀԱԿ-ը, իհարկե, առայժմ սպասողական դրության մեջ է։ Վերջինիս համար չափազանց կարեւոր է իմանալ՝ որքանո՞վ է պահպանում հասարակական վստահության այն ռեսուրսը, որը ձեռք էր բերել ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին աննախադեպ թափ հավաքած շարժման ժամանակ։ Մարտի 1-ի հանրահավաքը ՀԱԿ-ի համար առաջին հերթին կարեւոր է հենց այս առումով։ Առավելեւս, եթե նկատի առնենք, որ ՀԱԿ-ը հանրահավաքը նպատակին ծառայեցնելու առումով ապավինելու է հենց երեւանցիներին, եթե նկատի ունենանք մարզերից հանրահավաքին մասնակցելու ցանկություն ունեցողներին խոչընդոտելուն ուղղված ավանդական միջոցառումները ուժայինների կողմից։ Դրանից հետո ՀԱԿ-ն իր համար կպարզի՝ ի՞նչ դիրքերից եւ ինչպիսի՞ ակնկալիքներով է այլ քաղաքական ուժերի, կոնկրետ «Ժառանգության» հետ բանակցություններ սկսելու Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար։ Սակայն երկու գործոն ստիպում են այս երկու ուժերին ընտրություններին մասնակցել միասնական թիմով։ Առաջինն այն է, որ երկուսն էլ չեն կարող քաղաքապետի պաշտոնի համար իբրեւ թեկնածու առաջադրել իրենց առաջին դեմքերին։ ՀԱԿ-ի դեպքում՝ որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը երբեք չի համաձայնի նախագահական ընտրություններին մասնակցելուց հետո համակերպվել քաղաքապետի պաշտոնին։ Խնդիրն այն է, որ դա անուղղակի կերպով կնշանակեր, որ ՀԱԿ-ը, իր դրած մաքսիմալիստական նպատակներին հակառակ, համակերպվում ու հաշտվում է պարտության հետ։ Մյուս կողմից` քաղաքապետի պաշտոնն իր կարգավիճակով ակնհայտորեն ավելի ցածր է, քան Տեր-Պետրոսյան քաղաքական ֆենոմենի իրական մասշտաբները։ Իսկ «Ժառանգության» դեպքում խոչընդոտը «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանված սահմանափակումն է, համաձայն որի Աժ պատգամավորը չի կարող դառնալ քաղաքապետ։ Եվ այս դրույթը բազմիցս քննադատության է արժանացել «Ժառանգության» կողմից։ Երկրորդ՝ ՀԱԿ-ն արդեն Կենտրոնի թաղապետի ընտրություններում մասնակցելու փորձ ունի։ Արարատ Զուրաբյանի ձախողված մասնակցությունը նրան սատարած քաղաքական ուժին ստիպում է առավելագույն զգուշությամբ մոտենալ քաղաքապետի ընտրություններին, որովհետեւ հերթական ձախողումը կարող է վերջնականապես հուսահատեցնել ՀԱԿ-ի էլեկտորատին։ Իր հերթին Աժ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով մասնակցելու ձախողված փորձ ունի նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը։ 2007 թ. օգոստոսի 26-ին Թալինի թիվ 15 ընտրատարածքում կայացած ընտրություններում նա պարտություն կրեց՝ 4 թեկնածուների մեջ գրավելով վերջին տեղը։ Այսինքն` նույն մտավախություններն ունի նաեւ «Ժառանգությունը»։ Հետեւաբար, միակ իրատեսական մոտեցումը միասնական ցուցակ կազմելը եւ բանակցությունների արդյունքում միասնական թեկնածուի առաջադրումն է։ Մյուս օրինակն էլ Արաբկիր համայնքի թաղապետի ընտրություններն են, որտեղ «Ժառանգության» թեկնածուն նորից պարտվեց: Իշխանությունն, իհարկե, նման մտավախություն չունի, որովհետեւ երբեք պարտություն չի կրել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։ Սակայն դա պայմանավորված է եղել ոչ թե նրա բարձր հեղինակությամբ կամ հասարակական վստահությամբ, այլ այն պատճառով, որ ընդդիմությունը գրեթե երբեք տեղական նշանակության ընտրությունների չի մասնակցել։ Ամեն դեպքում, կոալիցիոն ուժերը եւս բանակցություններ սկսելու խնդիր ունեն, որովհետեւ բոլոր չորս կուսակցություններն էլ որոշակի սպասելիքներ ունեն։ «Եթե կոալիցիայում ընդգրկված քաղաքական ուժերին չհաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել, ապա «Բարգավաճ Հայաստանը» առանձին կմասնակցի ընտրություններին»,- դեռ ԲՀԿ համագումարից առաջ հայտարարել էր Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը։ Մինչդեռ ՀՀԿ-ն ընտրություններին մասնակցության հարցն իր քաղխորհրդում քննարկեց առանձին՝ առանց կոալիցիոն գործընկերների հետ խորհրդակցելու, եւ որոշեց իբրեւ քաղաքապետի թեկնածու առաջարկել միանգամից երեք հոգու՝ Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանին, «Հայռուսգազարդի» ղեկավար Կարեն Կարապետյանին եւ ներկայիս քաղաքապետ Երվանդ Զախարյանին, բոլորն էլ ՀՀԿ-ից։ Այսպիսի կեցվածքով ՀՀԿ-ն, փաստորեն, իր գործընկեր կուսակցություններին հասկացնում է, որ քաղաքապետի պաշտոնն իր «իրավասությանն» է պատկանում, եւ եթե անգամ ընդհանուր ցուցակ էլ կազմվի, քաղաքապետ ընտրվելու է իր առաջադրած թեկնածուն։ Սա հիանալի բանակցությունների սկիզբ է, ինչը հենց այդպես էլ ընկալեցին կոալիցիոն մյուս ուժերը, որովհետեւ չառարկեցին ՀՀԿ-ի կողմից հարցն առանձին քննարկելու քայլը։ Այն բանից հետո, երբ ԲՀԿ-ն իր համագումարի միջոցով Սերժ Սարգսյանին ցույց տվեց իր «կոտրած ատամները», ակնհայտ էր, որ առանձնապես լուրջ փոխզիջումների մասին խոսք լինել չէր կարող։ ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ ՀՅԴ-ն առավելագույնը կարող են հավակնել ներկայիս թաղապետերի, ընտրություններից հետո Երեւանի վարչական շրջանների ղեկավարների պաշտոններին։ Այսինքն` ՀՀԿ-ի հետ բանակցությունները կընթանան ընդամենը այն հարցի շուրջ, թե ՀՀԿ-ի թեկնածուին սատարելու դիմաց նրանցից յուրաքանչյուրը քանի վարչական շրջանի ղեկավարի պորտֆել կստանա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter