HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունն ուշացնում է սողանքներից տուժածներին աջակցությունը

Լուսինե Թոփլաղալցյան

ՀՀ կառավարությունը 2008 թ. հոկտեմբերի 16-ի 1202-Ա որոշմամբ Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի սողանքային գոտում գտնվող 50 բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու համար պետական բյուջեի պահուստային ֆոնդից Գեղարքունիքի մարզպետարանին հատկացրեց 213 մլն 460 հազար դրամ: Նույն որոշման համապատասխան հոդվածով 3 մլն 465 հազար դրամ հատկացվեց գյուղի uողանքային տարածքում գտնվող բնակելի տների տեխնիկական վիճակի հետազննության աշխատանքների իրականացման համար:

«Սակայն հետազոտական աշխատանքների իրականացման համար,- ինչպես հայտնեցին Գեղարքունիքի մարզպետարանում,- որեւէ կազմակերպություն հայտ չի ներկայացրել»: Հավանական պատճառը գումարի չափն են համարում:

Շահառուների ընտրությունը

Սողանքային երեւույթների ուսումնասիրություն Այգուտում եւ հարեւան հինգ համայնքներում իրականացվել է 1998 թվականին: Սակայն վերջին 4-5 տարիների ընթացքում սողանքները Այգուտին հասցրել են տալ ամենամեծ վնասները: 1998 թ. ուսումնասիրության արդյունքներով` Այգուտ համայնքում հաշվառվել է սողանքային գոտում գտնվող եւ տարբեր աստիճանի վթարայնություն ունեցող 149 բնակելի տուն: Հաշվառումից 10 տարի անց պետական աջակցություն ստանալու համար ինչպե՞ս եւ ու՞մ կողմից են ընտրվել վերոհիշյալ 50 բնակելի տները` չհաջողվեց պարզել: Սակայն կառավարության վերոնշյալ որոշման հավելվածում տրված է «քանդված եւ քանդման ենթակա բնակելի տների բնակիչների» ցուցակը, ինչից կարելի է ենթադրել, որ աջակցություն ստանալու համար ընտրվել են ակտիվ սողանքային գոտում գտնվող տները: Մեկ տարի առաջ արդեն քանդված բնակելի տների 15 բնակիչներին կառավարության մեկ այլ որոշմամբ հատկացվեցին վագոն-տնակներ: Հետեւաբար, 50-ից 15-ի ընտրությունը հասկանալի է: Մնացած 35 բնակելի տները նույնպես գտնվում են ակտիվ սողանքային գոտում, սակայն նրանց ընտրության չափանիշները պարզ չեն: 10 տարվա վաղեմություն ունեցող ուսումնասիրությունը չէր կարող արժանահավատ հիմք հանդիսանալ նման ընտրության համար, քանի որ սողանքային երեւույթներն ակտիվացել են վերջին տարիներին: Թե ո՞վ է կատարել տների ընտրությունը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճարտարապետության բաժնի վարիչ Բագրատ Կրոյանը չկարողացավ որոշակի պատասխան տալ: Նման հարցադրումը պայմանավորված էր մասնավորապես աջակցություն ստացած Այգուտ համայնքի բնակիչ Ռիմա Հովհաննիսյանի բնակելի տան ընտրությամբ: Աջակցություն ստացող ընտանիքները պարտավոր են բնակարան ձեռք բերելուց հետո իրենց միջոցներով մեկամսյա ժամկետում քանդել սողանքային գոտում գտնվող բնակելի տները: Ռ. Հովհաննիսյանի տան ներկա վիճակն էականորեն տարբերվում է շատ տներից: Ճիշտ է, սողանքներից վնասվել են տան բակում գտնվող մառանատիպ շինությունը, հողաշերտերը, տուն տանող ճանապարհը (որը հարթեցրել են տանտերերը), սակայն քարաշեն տունը թե դրսից, թե ներսից աչք է շոյում իր ամուր, հաստատուն տեսքով ու պատերով: Այս տունը քանդել կլինի՞... Տիկին Ռիման եւ հարսը առանց ափսոսանքի պնդեցին, որ պարտադիր քանդելու են: Կառավարության վերոհիշյալ 1202-Ա որոշման համաձայն` «քանդման ենթակա» տունն արդեն պետք է քանդված լիներ: Շահառուների ընտրության առնչությամբ Այգուտի համայնքապետ Հենրիկ Գաբրիելյանը պարզաբանեց, որ ընտրված 50 տները գտնվում են սողանքային նույն ուղղության վրա, եւ նրանցից 40-ն արդեն քանդված են: 2008 թ. ընթացքում ավելի է վատթարացել սողանքային գոտում գտնվող այդ տների վիճակը, ինչի կապակցությամբ էլ Այգուտի համայնքապետն ահազանգել է Գեղարքունիքի մարզպետարան: Մարզպետ Նվեր Պողոսյանի անմիջական ջանքերի շնորհիվ էլ հաջողվել է կառավարությունից աջակցություն ստանալ:

Աջակցություն ստացողները դեռ 12-ն են

Աջակցություն uտացողների հետ համապատաuխան պայմանագրեր կնքելու գործընթացն ավարտվել է նախատեսված ժամկետում` 2008 թ. դեկտեմբերի 15-ին: Գեղարքունիքի մարզպետը պայմանագրեր է կնքել 46 անձանց հետ: Մյուս բնակիչները փաստաթղթային խնդիրներ են ունեցել: 2008 թ. դեկտեմբերի 30-ին 12 ընտանիք Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական աջակցությամբ պատրաuտի բնակելի տուն (բնակարան) է ձեռք բերել: Թեեւ պետական աջակցությունը նախատեսել է նաեւ անհատական բնակարանային շինարարության իրականացում, սակայն 46 ընտանիքներից որեւէ մեկը դեռեւս չի ընտրել այդ տարբերակը: Կառավարության որոշմամբ` անշարժ գույքի շուկայից պատրաuտի բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու դեպքում ֆինանսական աջակցությունը շահառուներին տրամադրվելու է կառավարության մեկ այլ` 30.05.2002 թ. «Ռմբակոծությունների եւ ռազմական գործողությունների հետեւանքով անoթեւան մնացած քաղաքացիների վնաuի փոխհատուցման` բնակարանային խնդիրների առաջնահերթ լուծման մաuին» N 845-Ն որոշման 1-ին կետով հաuտատված կարգով uահմանված ընթացակարգին համապատաuխան: Այս ընթացակարգով նախատեսվում է. «Աջակցության միջոցով ձեռք բերված բնակելի տան (բնակարանի) արժեքը վճարվում է նոտարական կարգով վավերացված առուվաճառքի պայմանագիրը մարզպետարան ներկայացվելուց հետո 10 բանկային oրվա ընթացքում»: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճարտարապետության բաժնի վարիչ Բ. Կրոյանի տեղեկացմամբ` մարզպետարանում առկա են վճարման ենթակա 25 հայտեր, սակայն կապված 2008 թ. ֆինանսական տարվա ավարտի հետ` այդ վճարումները 2009 թ. հնարավոր է իրականացնել միայն այն ժամանակ, երբ կառավարությունը նոր որոշում կընդունի: Մարզպետարանը դիմել է կառավարություն, եւ ներկայումս ընթանում են աշխատանքներ համապատասխան որոշման նախագիծ մշակելու ուղղությամբ: Այդ աշխատանքները ենթադրում են նաեւ կայացվելիք որոշման մեջ փաստաթղթային խնդիրներ ունեցող անձանց մասով հստակեցում: Գործընթացը կարող է երկարաձգվել մինչեւ մեկ ամիս: Սակայն ժամկետային այս խախտումներից տուժում են անշարժ գույքի առուվաճառք իրականացնող կողմերը, որոնք ակամա հայտնվել են անորոշ սպասման մեջ: Ժամկետների խախտման հետեւանքով բնակելի տների նախկին սեփականատերերին ուշացած օրերի համար տույժեր չեն վճարվելու, սպասման ու անորոշության համար որեւէ ֆինանսական փոխհատուցում չի տրվելու: Գնորդների վիճակն էլ ավելի բարդ է: Նոտարական գործողություններ են իրականացրել, կատարել են գույքի պետական գրանցում, իրականացրել են համապատասխան վճարումներ, իրավաբանորեն սեփականատերեր են դարձել, սակայն նախկին սեփականատերերին ամեն օր բացատրություն են տալիս, խնդրում են, արդարանում, համոզումգ Աջակցություն ստացած բնակիչները նշում են, որ բնակարանի փնտրտուքը իրենցից ջանքեր է պահանջել: Բնակարանի վաճառքի առաջարկները շատ են, սակայն հիմնականում չեն համաձայնվում վաճառել նախապես նոտարական գործարք կատարելու եւ գումարն ուշ ստանալու պայմանով: Այդ պատճառով իրենք ընտրության մեծ հնարավորություն չեն ունեցել: Բացի այդ, Այգուտ համայնքում տների գները բարձրացել են: Մարդիկ էլ իրենց հերթին տարակուսում են` արժե՞ տուն գնել սողանքային երեւույթներ ունեցող իրենց կամ հարեւան համայնքներում: Նորայր Ասրյանը, ում ընտանիքը վագոն-տնակ ստացածներից մեկն է, 3 սենյականոց բնակարան է գնել Ճամբարակ քաղաքում, բազմաբնակարան շենքում, սակայն վճարումն ուշանում է: Նա նշում է, որ մարդիկ չեն համաձայնվում վաճառել իրենց առաջարկած պայմաններով, վստահություն չունեն: Միխայիլ Հակոբյանն արդեն 1 մլն 800 հազար դրամ նախավճար է տվել տան համար եւ ամեն օր վաճառողին համոզում է սպասել: Ռայա Արաբաչյանի ընտանիքին հաջողվել է վերջապես իրենց հատկացրած ֆինանսական աջակցության չափով տուն գտնել հարեւան համայնքում, սակայն գնորդի հետ համաձայնությունը դեռ բանավոր է: Միշա Կարապետյանի ընտանիքը մեկ սենյականոց բնակարան է գնել Ճամբարակում, բազմաբնակարան շենքում: Նրանց բնակարանի արժեքն արդեն վճարվել է: Սակայն իրենց տունը դեռ չեն քանդել: Սպասում են օրերը տաքանան: Լեռնիկ Բաղդասարյանի ընտանիքը մեկ սենյականոց բնակարան է գնել Վանաձորում, բազմաբնակարան շենքում: Բնակարանը գտել է մեծ դժվարությամբ: Վաճառողն ամեն օր զանգում է, պահանջում է տունը վերադարձնել եւ տեղեկացրել է, որ փետրվարի 20-ից հետո դատական կարգով լուծարելու է նոտարական պայմանագիրը: Ամալյա Մակարյանի ընտանիքը բնակարան է գնել Հրազդանում: Քանի որ վաճառողը պարտքեր է ունեցել, դրանք մարելու համար կանխիկ գումար է անհրաժեշտ եղել: Գործարքն իրականացնելու համար այս ընտանիքը վճարել է 300 հազար դրամ նախավճար, որն իր հերթին փոխառությամբ է վերցրել: Վճարման ուշացման հետ կապված` իրենք նույնպես վճարելու են փոխառության տոկոսներ: Արթուր Վարդանյանի ընտանիքը գնել է երկու սենյականոց բնակարան Ճամբարակում, բազմաբնակարան շենքում: Նրանց բնակարանի արժեքը վճարվել է, սակայն իրենց տունը դեռ չեն քանդել: Սպասում են օրերի տաքանալուն: Արթուրի մայրը` Թագուհի Օսիպյանը, քանդման ժամկետների սահմանումը սխալ է համարում: Առուվաճառքը տեղի է ունեցել 2008 թ. դեկտեմբերին, դրանից հետո մեկամսյա ժամկետում` ցրտին, ինչպե՞ս է հնարավոր տուն քանդել: Իրենց գնած բնակարանը գազիֆիկացված չէ, ընտանիքում փոքր երեխա կա, հետեւապես տեղափոխվելու եւ քանդելու համար ժամկետներն անհարմար են:

«Նվեր տված ձիու ատամները չեն հաշվում»

Տնակների ազատումն առաջին հայացքից կարծես խնդիրներ չի հարուցում: Սակայն, նկատենք, որ տնակներ ստացած բնակիչները դրանք տեղադրելիս իրականացրել են զոդման, ապա` վերանորոգման աշխատանքներ (պաստառապատում, յուղաներկում եւ այլն): Կան բնակիչներ, ովքեր տնակի առջեւ շվաքարան են վերակառուցել կամ կից կառույց, սակայն հիմա ստիպված են քանդել դրանք` տնակները հետ հանձնելու համար: Ավելի դժվար է բնակելի տների քանդումը: Համաձայն կառավարության որոշման` այդ աշխատանքները պիտի իրականացվեն uեփականատերերի միջոցներով եւ ուժերով: Հարկ է նշել, որ ֆինանսական աջակցություն ստացող կամ ստանալու հայտ ներկայացրած քաղաքացիների գերակշիռ մասը գտնվում է սոցիալական ծանր վիճակում: Հետեւապես, նրանց համար շատ դժվար է վճարել քանդման աշխատանքների իրականացան համար, իսկ սեփական ուժերով քանդելը վտանգավոր է, քանի որ մարդիկ մասնագետ չեն ու չունեն ինժեներատեխնիկական համապատասխան գիտելիքներ: Այս ամենից բացի, շինարարական աղբի տեղափոխման խնդիր է առաջանում` բնապահպանական հետեւանքներով հանդերձ: Ժողովրդական իմաստությունը հուշում է` նվեր տված ձիու ատամները չեն հաշվում: Կառավարության աջակցությունը Այգուտի բնակիչները ճիշտ այդպես են ընկալում: Որեւէ բնակիչ չի փորձում եւ չի փորձելու վճարման ժամկետների խախտման համար դիմել դատարան: Համայնքային եւ մարզային իշխանություններն էլ մատնանշում են 2008 թ. ֆինանսական տարվա ավարտը եւ հարցնում` մենք մեղավո՞ր ենք: Պետական աջակցություն ստացող քաղաքացին եւս մեղավոր չէ, սակայն իր կամքից անկախ` հայտնվել է անորոշության մեջ: Գործադիր իշխանության խնդիրն է` ժամանակին արձագանքել հիմնախնդիրներին, ժամանակին ուսումնասիրել դրանք, ժամանակին օգտագործել ուսումնասիրության արդյունքները, ժամանակին ֆինանսական աջակցություն հատկացնել եւ այլն: Այս դեպքում «աջակցություն» ասվածը լիարժեք կհամապատասխանի իր նշանակությանը: Որպես ասվածի հաստատում` մեջբերենք կառավարության 11.01. 2007 թ. նիստի N 1 արձանագրությունից, որում մասնավորապես ասված է. «Uողանքային տեղամաuերում հետազոտությունների ու դրանց հաջորդող միջոցառումների չիրականացման կամ թերի իրականացման արդյունքում հանրապետությունում վերջին ժամանակներում uտեղծվել է մի իրավիճակ, երբ կառավարությունը հարկադրված մի քանի անգամ ավելի շատ ֆինանuական միջոցներ պետք է հատկացնի հարյուրավոր վթարային տների բնակիչների վերաբնակեցման եղանակով անվտանգության ապահովման խնդիրների լուծման, ինչպեu նաեւ uողանքային երեւույթների հետեւանքների վերացման համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter