HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Ադրբեջանահայությունը պահանջում է ճանաչել իրենց նկատմամբ Ադրբեջանում տեղի ունեցած ցեղասպանությունը

23_02-ayvazyan_igityan"Այս շաբաթվա վերջին լրանում է Ադրբեջանում հայերի ցեղասպանության 21-րդ տարելիցը, և վաղուց եկել է ժամանակը, որ այս հարցն արծարծվի հայ-ադրբեջանական հակամարտության լուծման բանակցություններում: Մենք նախաձեռնել ենք Ադրբեջանում 1988-92 թթ. հայերի ցեղասպանության հարցը Հայաստանում պաշտոնապես ճանաչելու գործընթաց",- այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց "Ադրբեջանահայերի Ասամբլեա" կազմակերպության նախագահ Գրիգորի Այվազյանը: Գ. Այվազյանի խոսքերով` այդ ճանաչումն ուղղակի անհրաժեշտություն է, որպեսզի հայկական կողմը կարողանա ներկայացնել ու ապացուցել միջազգային հանրությանը ադրբեջանցիների և արցախահայերի` մեկ պետության սահմաններում ապրելու անհնարինությունը: "Ներկայիս Ադրբեջանը հանդիսանում է նացիստական պետություն և կառուցված է էթնիկ պատճառով հայերի ցեղասպանության հիմքի վրա, այդ պետությունը որևէ իրավունք չունի հավակնելու Լեռնային Ղարաբաղի տարածքին, քանի որ եթե հայը կարող է ադրբեջանցու հետ նույն պետության սահմաններում բնակվել, ապա հարց է առաջանում` ուր է կես միլիոնանոց ադրբեջանահայ համայնքը",- հարցնում է Գ. Այվազյանը: Ըստ նրա` Հայաստանը չի օգտագործում իր ձեռքի տակ եղած անխախտելի կռվանը, դրա համար էլ այժմ իրենք, որպես տուժած կողմ, ներկայացնում են պահանջ Հայաստանին` ճանաչել ցեղասպանությունը, հետո էլ փաստերով միջազգային հանրությանը ապացուցել ցեղասպանության եղելությունը: Գրիգորի Այվազյանը տեղեկացրեց, որ Հայաստանում ճանաչման գործընթացն արդեն անցել է որոշակի փուլ. "Մենք այս հարցի կապակցությամբ դիմել ենք հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ղեկավարությանը և ստացել ենք հակիրճ եզրակացություն, որ 1988-1992 թթ. ադրբեջանահայերի նկատմամբ տեղի ունեցած իրադարձությունները լրիվ համապատասխանում են 1948 թ. ընդունված Ցեղասպանության մասին կոնվենցիային, դիմել ենք նաև Ազգային ժողով, և այնտեղ պատրաստվում է մի նախագիծ, որով պետք է ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչվի: Այս կապացությամբ մենք դիմել ենք նաև Հայ Առաքելական եկեղեցուն, և կաթողիկոսն օրհնել է մեր նախաձեռնությունը": Գրիգորի Այվազյանն անհամեմատելի է համարում Խոջալուում տեղի ունեցած դեպքերի և ադրբեջանահայության նկատմամբ, իր բնորոշմամբ, տեղի ունեցած ցեղասպանությունը. "Խոջալուի ցեղասպանության մասին հորինվածքը իրականում գոյություն չի ունեցել, դա արդյունք է Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմավարական ագրեսիայի, դա չի կարելի համեմատել Ադրբեջանում խաղաղ ժամանակ պետական մարմինների կողմից սեփական քաղաքացիների նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանության հետ, իսկ մենք, ցավոք սրտի, դեռ լռության ենք մատնում դա": Ըստ նրա` միայն այդ փաստարկով ադրբեջանական կեղծ պրոպագանդան կարելի է ոչնչացնել: Ազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ միջազգային ատյաններն այդքան էլ լուրջ չեն վերաբերվում ադրբեջանական պրոպագանդային, քանի որ Ադրբեջանը շատ է տեղի և անտեղի բարձրաձայնում այդ մասին: Ըստ նրա` ցեղասպանության առավել մոտ են Սումգայիթի և Բաքվի իրադարձությունները, և պետք է ոչնչացնել ադրբեջանական պրոպագանդան: Բացի այդ, Հովհաննես Իգիթյանը հավելեց, որ 21 տարի առաջ Ադրբեջանից տեղահանված հայերն իրավունք ունեն բնութագրել այդ իրադարձությունները այնպես, ինչպես իրենք են պատկերացնում, քանի որ նրանք են ապրել այդ ամենը: Հովհաննես Իգիթյանը բացատրում է, որ փախստականների և տեղահանվածների հարցին կարելի է նայել քաղաքական և սոցիալական առումով: Ըստ այդմ` 1991 թ.-ից, երբ անկախանալով` Հայաստանը հնարավորություն ստացավ զբաղվել փախստականների և տեղահանվածների հարցերով, նրա համար խնդիր դարձավ ինտեգրացման հարցը: Հենց այդ պատճառով էլ այն չի դարձել արտաքին քաղաքականության հարց: Հովհաննես Իգիթյանը նշեց, որ բազմաթիվ միջազգային փաստաթղթերում ասվում է, որ Հայաստանը 110 մլն դոլար է ծախսել այդ մարդկանց փոխհատուցում տալու համար, ի տարբերություն Ադրբեջանի, որ մինչ այսօր խոսում է այդ հարցի քաղաքական ասպեկտի մասին և մարդկանց օգտագործում արտաքին քաղաքական դիվիդենտներ շահելու համար` ցուցադրական պահելով ճամբարներում: "Ադրբեջանն այդ հարցը բարձրացնում է բարձր ատյաններում, քանի որ Ադրբեջանը 1993-1994 թ.-ից փախտականների և տեղահանվածների հարցը ներկայացնում է որպես ագրեսիա Ադրբեջանի նկատմամբ": Սակայն, Հովհաննես Իգիթյանի ներկայացրած տվյալների համաձայն` Հայաստանից և Ադրբեջանից գաղթած բնակչության թվաքանակի միջեւ մեծ տարբերություն կա. "Ամբողջ Հայաստանից գաղթել է ընդհանուր առմամբ 170.000-ից պակաս մարդ, իսկ միայն Բաքվից Հայաստան վերադարձածների թիվը կազմել է 210.000": Գրիգորի Այվազյանը հակադարձեց Հովհաննես Իգիթյանին` նշելով, որ իրենք կտրականապես դեմ են, որ իրենց` ադրբեջանահայությանը, համեմատեն Հայաստանում բնակվող ադրբեջանցիների հետ: Նախ` հայ համայնքը, Ադրբեջանում ներկայացնելով լուրջ գործոն, այժմ կորցրել է ավելի մեծ արդյունաբերական ունեցվածք, քան հայաստանաբնակ և գյուղաբնակ ադրբեջանցիները: Բացի այդ, Գրիգոր Այվազյանը բողոքեց, որ վերջերս ակտիվացած բանակցային գործընթացում խոսվում է Ադրբեջանի փախստականների` իրենց նախկին բնակավայրերը վերադառնալու մասին, բայց ոչ մի խոսք չկա ադրբեջանահայության օրինական իրավունքի մասին` վերադառնալու իրենց նախկին բնակավայրերը: "Մենք առաջ ենք քաշում փոխադարձ վերադարձելիության հարցը, եթե դա անհնար է, եթե Ադրբեջանը կտրականապես դեմ է դրան, ապա այդ պետությունն ուղղակի պարտավոր է փոխհատուցել բարոյական և նյութական վնասները, որոնք մենք կրել ենք",- ասում է Գ. Այվազյանը: "Ադրբեջանահայերի Ասամբլեայի" նախագահը հավելեց, որ Հայաստանում բնակվող ադրբեջանահայ փախստականներն իրենց վիճակից գոհ չեն ու նույնիսկ ապրում են ավելի վատ պայմաններում, քան ադրբեջանցի փախստականները: Հովհաննես Իգիթյանը համոզված է, որ եթե Լեռնային Ղարաբաղը բարձրացնի փախստականների, տեղահանվածների հարցը, ապա ադրբեջանաբնակ հայերի տեղահանման հարցի բարձրացումը ավելի տեղին կլինի, քանի որ հակառակ դեպքում ադրբեջանահայերը նույնացվում են Շահումյանի կամ Մարտակերտի շրջանից գաղթած մարդկանց հետ: "Բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի բացակայության պայմաններում ես չեմ կարծում, որ Հայաստանը այնպես կարողանա այս հարցերը բարձրացնել, որ դրանք չխճճվեն, բայց կարծում եմ, որ հարցերն արդեն օրակարգային են դարձել",- ասում է Հ. Իգիթյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter