«Բջնի»-ի գլխավոր տնօրենի հայտարարությունը
Բջնի հանքային ջրերի գործարան ՓԲ ընկերությունը կրկին հիշեցնում է, որ իր գույքի աճուրդը կայացել է օրենքի կոպիտ խախտումներով:
Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի համաձայն աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդի ավարտից հետո` 3 բանկային օրվա ընթացքում, ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ փոխանցել կամ մուծել լոտի գնման գինը` հաշվանցելով նախավճարը: Հաղթողի կողմից գնման գինը վճարվելուց հետո, եռօրյա ժամկետում, հարկադիր կատարողը նրա կամ նրա ներկայացուցչի հետ կնքում է առուվաճառքի պայմանագիր: Լոտի վաճառքից ստացված գումարը առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո` եռօրյա ժամկետում, փոխանցվում կամ հանձնվում է պահանջատիրոջը:
Ընկերությունը լուրջ կասկածներ ունի նաև հարկադիր կատարողների կողմից վերոհիշյալ պայմանների պահպանման կապակցությամբ: Այդ իսկ պատճառով Ընկերությունը 20.02.2009թ. պաշտոնապես դիմել է ԴԱՀԿ ծառայությանը` խնդրելով տրամադրել կատարողական վարույթի բոլոր նյութերի պատճենները` հանձնման-ընդունման ակտով: Առ այսօր որևէ պատասխան Ընկերությունը չի ստացել և Ընկերությունը համոզված է, որ բավականին երկար ժամանակ ԴԱՀԿ ծառայությունը ձգելու է այդ փաստաթղթերի տրամադրումը:
ԴԱՀԿ մասին ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի համաձայն հարկադիր կատարողն իր կողմից ընդունված որոշման պատճենը, ոչ ուշ, քան որոշումը կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, պատշաճ ձևով ուղարկվում է պահանջատիրոջը և պարտապանին: Ի խախտումն այս նորմի հարկադիր կատարողը որոշումներն ուղարկում է ուշացումով: Օրինակ, 2008թ. նոյեմբերին ընդունված հարկադիր կատարողների խումբ ձևավորելու մասին որոշումը հանձնվել է Ընկերությանը միայն 2009թ. փետրվարին, ընդ որում դիմելուց հետո: Այս գործելակերպը հիմք է տալիս կարծելու, որ կամ հարկադիր կատարողը չի տիրապետում իր գործունեությունը կարգավորող օրենքի պահանջին, կամ համապատասխան որոշումները և փաստաթղթերը վարույթում է տեղադրում հետագայում` հետին ամսաթվով, կամ էլ լինելով ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ուղղակի հսկողության ներքո յուրաքանչյուր նույնիսկ աննշան գործողություն կատարելուց առաջ թույլտվություն է հայցում:
Ակնկալում ենք, որ ԴԱՀԿ ծառայությունն այս հայտարարությանը հրապարակավ ծանոթանալուց հետո, կշտապի փարատելու մեր կասկածները, տրամադրելով կատարողական վարույթի բոլոր նյութերի պատճենները (ներառյալ` աճուրդի կազմակերպման հետ կապված նախավճարի, հիմնական վճարի և պայմանագրի պատճենները):
Լ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Բջնի հանքային ջրերի գործարան ՓԲԸ գլխավոր տնօրեն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել