HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լարված իրավիճակ Գյումրիի թիվ 19 դպրոցում

Տնօրենի ընտրությունն անընդհատ ձախողվում է

Հետքն արդեն գրել է Գյումրիի թիվ 19 դպրոցի տնօրենի ընտրության մասին, որն արդեն երկու անգամ ձախողվել է մարզպետարանի պատճառով: Մարզպետարանի կողմից կառավարման խորհրդի կազմում ընդգրկված անդամները չէին ներկայանում խորհրդի նիստին, ու քվորում չէր ապահովվում:

Դպրոցի նախկին տնօրեն Նարինե Մեսրոպյանի համակիրների կարծիքով` դա Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի մշակած սցենարն է, ով դեմ է նախկին տնօրենի վերընտրվելուն եւ այս ճանապարհով փորձում է փոխել կառավարման խորհրդի կազմը: Կառավարման խորհրդի կազմի չորս անդամներ արդեն հեռացվել են, ադ թվում` կառավարման խորհրդի նախագահ Ռուզաննա Մովսիսյանը: Պատճառաբանությունն այն է եղել, թե Ռ. Մովսիսյանը չէր կարող ընտրվել խորհրդի նախագահ` թիվ 19 դպրոցում աշխատանքային երեք տարվա ստաժ չունենալու պատճառով: Ռուզաննա Մովսիսյանն իր իրավունքները վերականգնելու համար դիմել էր վարչական դատարան: Ըստ նրա` օրենքի այդ պահանջն իր` կառավարաման խորհրդի նախագահ ընտրվելու ժամանակ չի գործել, իսկ օրենքը հետադարձ ուժ չունի: Երեկ հայտնի դարձավ, որ վարչական դատարանը վարույթ է ընդունել Ռուզաննա Մովսիսյանի հայցադիմումը` ընդդեմ Շիրակի մարզպետարանի և Գյումրիի թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատար Ա. Բաղդասարյանի "Շիրակի մարզպետի 10.02.2009 թվականի կարգադրությունը անվավեր ճանաչելու պահանջի մասին": Դատարանը նաև գտել է, որ "մինչ սույն վարչական գործով վերջնական դատական ակտի կայացումը, արգելել Շիրակի մարզպետի 10.02.2009 թվականի թիվ 29 կարգադրության կատարումը` հայցվոր Ռուզաննա Արշակունու Մովսիսյանի մասով": Չնայած դատարանի այս որոշմանը` երեկ նորաստեղծ կառավարման խորհուրդը գումարեց իր անդրանիկ նիստը` ընտրելով կառավարման խորհրդի նոր նախագահ: Դրոցում արտակարգ իրավիճակ էր, կրթության նախարարի հանձնարարականով հատուկ հանձնաժողով էր եկել` մարզպետի գործողությունները վերստուգելու ու դպրոցում կատարվող իրադարձություններին ճշգրտորեն տեղեկանալու նպատակով: Կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության բաժնի պետ, ավագ պետական տեսուչ Անահիտ Հարությունյանը երեկ լրագրողներին տեղեկացրեց, որ եկել են ուսումնասիրելու վերոհիշյալ կառավարման խորհրդի նախագահ Ռուզաննա Մովսիսյանի բողոք -դիմումում շարադրված փաստերի իսկությունը և մի քանի խնդիրներ, որոնք կապված են դպրոցի խորհրդի գործունեության հետ: "Մենք մանրակրկիտ կուսումնասիրենք խորհրդի կազմի հետ կապված հարցերը, տնօրենի ընտրության հարցը, պիտի հետ գնանք որոշ ժամանակ` երկու-երեք տարի առաջ, որպեսզի հասկանալի լինի, թե ինչպես պատահեց, որ նոր տնօրենի ընտրության ժամանակ բարձրացավ խորհրդի անդամների օրենքով-կարգով ընդունվելու հարցը: Մեր նախնական տպավորությունը հետևյալն է` այդ ինչպես պատահեց, որ երբ հայտարարվել է դպրոցի տնօրենի ընտրություն, այդ ընթացքում բարձրանում է խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու հարցը, որն այդ նույն կարգի խախտում է (12–րդ կետը ասում է, որ խորհրդրի անդամի լիազորությունները չեն կարող դադարեցվել, եթե հայտարարվել է դպրոցի գործադիր տնօրենի ընտրություն`մրցույթ): Ստացվում է, որ փետրվարի 3-ին հայտարարված է եղել մրցույթ արդեն մեկ ամիս, պիտի կայանար մրցույթը, սակայն չի կայացել, հետաձգվել է երեք օր, երեք օր հետո` փետրվարի 6-ին, դարձյալ չի կայացել քվորում չլինելու պատճառով, և փետրվարի 5-ին, երբ որ մրցույթը հայտարարված է, Շիրակի մարզպետը տալիս է հանձնարարական, գրում է մի գրություն դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին և հանձնարարում, որպեսզի քսանօրյա ժամկետում կազմակերպվի կառավարման խորհրդի մանկավարժական խորհրդի կազմից առաջադրվող անդամի ընտրություններ` համաձայն այս նույն կարգի",- պարզաբանում է նախարարության ներկայացուցիչը: Անահիտ Հարությունյանի մեկնաբանությամբ` խոսքը ոչ թե մրցույթից հետո նոր խորհուրդ կազմելու մասին է, այլ հենց մրցույթի ընթացքում խորհրդի անդամի լիազորությունները վերանայելու կամ դադարեցնելու: "Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ, նույն այս կարգը խախտվում է նոր պայմաններում, նոր ժամանակներում, երբ որ հայտարարված է տնօրենի թափուր տեղի համար մրցույթ",- ասաց նա: Դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Ռուզաննա Մովսիսյանի տեղեկացմամբ` անցած ուրբաթ, երբ դպրոցում մանկավարժական խորհրդի նիստ են գումարել կառավարման խորհրդի կազմում երկու նոր մանկավարժներ ընդգրկելու նպատակով, ինքը խնդրել է շտապողականություն չցուցաբերել, սպասել դատարանի որոշմանը, սակայն իր խնդրանքը մերժվել է: Մանկխորհրդին մասնակցած 26 մանկավարժներից 23-ը դեմ են քվեարկել խորհրդի կազմում նոր մանկավարժների ընդգրկմանը, որոշ մասնակիցներ էլ բոյկոտել են` արհամարհելով ու նիստի կեսից լքելով դահլիճը: Այդուհանդերձ, թեկուզև երեք կողմով, նոր անդամների ընտրությունը կատարվել է: Կրթության նախարարության ստեղծած հանձնաժողովն առաջիկայում կհրապարակի իր ուսումնասիրության արդյունքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter