Նախկին տնօրենը դատի է տվել Գյումրիի քաղաքապետին
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Խալթյանի նախագահությամբ, սկսվեց Գյումրիի Նորավան թաղամասի «Թոռնիկ Ռուզաննա» նախակրթարանի նախկին տնօրեն Ռուզաննա Ներսիսյանի հայցի քննությունը` ընդդեմ Գյումրիի քաղաքապետարանի: Ըստ հայցվորի` Գյումրիի քաղաքապետի` իրեն աշխատանքից ազատելու որոշումն անօրինական է, անհիմն և ունի քաղաքական ու տնտեսական ենթատեքստ:
«Այն օրվանից, երբ իմ ամուսինը առաջադրեց իր թեկնածությունը Գյումրիի քաղաքապետի պաշտոնի համար, քաղաքապետը ընկավ իմ հետևից, որից հետո իրականություն դարձրեց ինձ աշխատանքից ազատելու իր սպառնալիքները: Ես գտնում եմ, որ քաղաքապետի որոշումը չի բխում ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջներից, իմ և քաղաքապետի միջև մեկ տարի ժակետով կնքված պայմանագիր չի եղել, այնպես որ, նա չէր կարող այն լուծարել»,-հայտարարեց Ռուզաննա Ներսիսյանը:
Նախակրթարանի արդեն նախկին տնօրեն ներկայացմամբ` քանի որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ իր ամուսինը «հանդգնել է» առաջադրել իր թեկնածությունը, ավելին` նախընտրական քարոզարշավից մեկ շաբաթ անց ինքնաբացարկ է հայտնել ու միացել Վարդան Ղուկասյանի հակառակորդին` ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին, քաղաքապետն իրեն պաշտոնանկ անելու միջոցով քաղաքական հաշվեհարդար է տեսել:
Այսօր այս պնդումները հնչեցին նաև դատական նիստի ընթացքում: Կարապետ Ներսիսյանը, ով հանդես եկավ որպես իր կնոջ լիազորված անձ, հայտարարեց, որ այս պատմությունը ապացույցն է այն բանի, որ Գյումրիում քաղաքապետի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրելու իրավունք ունի միայն Վարդան Ղուկասյանը: Կարապետ Ներսիսյանը նաև օրինակներ էր մեջբերում քաղաքապետի «քաղաքական հաշվեհարդարներից»` պնդելով, որ իրենք ոչ առաջինն են, ոչ էլ` վերջինը:
«Հենց նույն ձևով մի քանի տարի առաջ աշխատանքից հեռացվեց Գյումրիի թիվ 9 նախակրթարանի տնօրենը`Գայանե Մելոյանը, ով հանդգնել էր ՏԻՄ ընտրությունների ժամանակ սատարել Վարդան Ղուկասյանի հակառակորդին` Մարտուն Սուքիասյանին, նմանապես թիվ 6 նախակրթարանի տնօրենը հեռացվեց, որի ամսուսինը ևս հանդգնել էր սատարել Մարտուն Սուքիասյանին»,- ասաց Կարապետ Ներսիսյանը:
Հայցվոր կողմը նաև պնդում էր, որ իր ու քաղաքապետարանի միջև չի եղել աշխատանքային պայմանագիր, այնպես որ մեկամյա ժամկետը լրանալու կապակցությամբ քաղաքապետն իրավունք չուներ լուծարել պայմանագիրը, և եթե անգամ պայմանագիր լիներ, ապա, ըստ հայցվոր կողմի, այն առնվազն կնքված պետք է լիներ երեք տարի ժամկետով:
Դատական նիստն անցավ ծայրահեղ լարված` հայցվորն ու պատասխանող կողմը շարունակ վիճաբանում էին` կապված թե' պայմանագրի, թե' մանկապարտեզի շենքի անմխիթար վիճակի, թե' այն քաղաքապետի կողմից որոշ անհատների վաճառելու հարցերի շուրջ: Սակայն վիճաբանության ամենաթունդ թեման պայմանագիրն էր:
Քաղաքապետարանը բերել էր պայմանագիրը, որը, ըստ նրանց, կքնվել էր նախակրթարանի տնօրեն Ռուզաննա Ներսիսյանի և Գյումրիի քաղաքապետի միջև: Սակայն հայցվոր կողմը կասկածում էր դրա իսկությանը` ասելով, որ այսօր տեխնիկական միջոցներն այնքան զարգացած են, որ հնարավոր է Ռուզաննա Ներսիսյանի ստորագրությունն ու ձեռագիրը հայտնվեին այդ թղթի վրա:
Քաղաքապետարանի ներկայացուցիչները ստիպված եղան բերել պայմանագրի բնօրինակը, սակայն սա ևս չհամոզեց հայցվոր կողմին: Փաստաբան Աննա Դավթյանը խնդրեց դատարան ներկայացնել նաև իր վստահորդի հետ 2007-2008 թթ. կնքած պայմանագիրը, որպեսզի ինքը համեմատություն անցկացնի ու կողմնորոշվի դատաձեռագրաբանական, դատաքիմիական փորձաքննություն նշանակել տալու մասին:
«Մանկապարտեզների վարչիները հավերժ, ցմահ չեն նշանակվում, այդ մանկապարտեզի շենքը Գյումրիում ամենաանմխիթար վիճակում գտնվող շենքն է, որն ապացույցն է այն փաստի, որ մանկապարտեզի վարիչն իր տեղում չի եղել»,- ասում էր քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Հովիկ Կարապետյանը: Ի պատասխան` Կարապետ Ներսիսյանը հիշեցնում էր, որ կրթության բաժնի պետերը ևս ցմահ չեն լինում, և որ շենքի վատ վիճակի պատասխանատուն ոչ թե գործադիր տնօրենն է, այլ մանկապարտեզի սեփականատերը:
Հետքը քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետ Արա Սարգսյանից հետաքրքրվեց, թե որն է Ռուզաննա Ներսիսյանին աշխատանքից ազատելու պատճառը, և ինչ կասի հայցվորի կողմից դատարանում հնչեցրած այն մեղադրանքներին, թե պատմությունն ունի քաղաքական դրդապատճառներ: «Պատճառներ շատ կան, քաղաքապետը և մենք որպեսզի չսրենք փոխհարաբերությունները աշխատողի հետ, որի հետ ունենք կնքված ժամկետային պայմանագիր և գիտենք, որ ժամկետը լրանալու է, դրա համար էլ ընթացքում աշխատանքային թերությունների համար կարգապահական տույժեր կամ համապատասխան գրավոր փաստաթղթեր չեն տրվել: Իսկ քաղաքական դրդապատճառների մասին կասեի, որ փորձում են շոու դարձնել էս աշխատանքի ազատումը: Էստեղ կարծես թե քննարկվում է աշխատողին ոչ թե ժամկետային պայմանագրի լուծման հիմքով աշխատանքից ազատելու հարցը, այլ դեռևս ոնց որ քաղաքապետի ընտրություններն են փորձում քննարկել»,- ասաց Արա Սարգսյանը:
Դատական նսիըտ հետաձգվեց մինչև մարտի 3-ը: Ի դեպ, Կարապետ Ներսիսյանը, ով Գյումրիի ավագանու նախկին անդամ է, հայտարարեց, որ մանկապարտեզի շենքը քաղաքի քրեական հեղինակություններին ու մեծահարուստներին ապօրինաբար վաճառելու փաստի առիթով պատրաստվում է դիմել դատախազություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել