Արտգործնախարար Նալբանդյանի Հորդանան կատարած այցն ավարտվել է
Նախօրեին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հորդանանի նորանշանակ (կառավարությունը կազմավորվել է փետրվարի 23-ին) ԱԳ նախարար Նասեր Ջաուդեին: Վերջինս հայտնել է Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունները զարգացնելու Հորդանանի պատրաստակամությունը եւ խնդրել թագավոր Աբդալլահի ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Էդվարդ Նալբանդյանը, նշելով երկկողմ փոխգործակցության բնագավառում առկա մեծ ներուժը, կարեւորել է երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ծավալումը, իրավապայմանագրային դաշտի ստեղծումը եւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման խթանումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տուրիզմի եւ առեւտրատնտեսական համագործակցության աշխուժացման հնարավորությունների ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ: Ձեռք է բերվել պայմանավորվածություն պարբերական խորհրդատվություններ անցկացնել երկու երկրների ԱԳՆ-երի միջեւ:
Արտգործնախարարները քննարկել են նաեւ Մերձավոր Արեւելքի եւ Հարավային Կովկասի տարածաշրջաններում առկա հիմնախնդիրների խաղաղ կարգավորման, անվտանգության եւ կայունության ամրապնդման հետ կապված հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցության հնարավորություններին:
Էդվարդ Նալբանդյանն իր հորդանանցի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան:
Ամմանում Նալբանդյանը հանդիպել է նաեւ Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչներին:
Այօր վաղ առավորտյան արտգործնախարար Նալբանդյանը մեկնել է Լիբանան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել