Ժ. Սեֆիլյանը կոչ է անում ընդդիմությանը` չմասնակցել խորհրդարանական ընտրություններին
Հայ կամավորականների համախմբում ազգային-քաղաքական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանն այսօր «Ուրբաթ» ակումբում երկրի ներքաղաքական իրավիճակի շուրջ իր մտահոգություններով կիսվեց լրագրողների հետ: Նկատի ունենալով աշխարհաքաղաքական կենտրոնները, որոնք հետաքրքրված են Հայաստանով, Ժ. Սեֆիլյանը կարծում է, որ նրանց մոտ ձևավորվել է մի համոզմունք, որ մեր երկրում եկող ամիսների ժամանակաընթացքում սոցիալական վատթարացման պատճառով ստեղծվելու է անկայուն իրավիճակ, որից գլխավորապես օգտվելու է ընդդիմությունը: Սակայն թե ինչ և որ կենտրոններ են դրանք, Ժ. Սեֆիլյանը չմասնավորեցրեց:
«Այս պատճառով որոշված է այսօրվա լեգիոնի հետ միասին անել այնպիսի մի քայլ, որ հնարավորինս կուտակվող գոլորշին բաց թողնվի»,-ասաց Ժիրայր Սեֆիլյանը: Ըստ նրա` այդ քայլը ԱԺ արտահերթ ընտրություններն են, որին այսօր արդեն նախապատրաստվում են «այս ռեժիմի ենթակա ուժերը»:
«Այս ծրագիրն այսօրվա մեր երկրի նախագահական աթոռը զավթած Սերժ Սարգսյանին այնքան էլ սրտով չէ, որովհետև արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծվելու է այնպիսի մի պատկեր, որտեղ նա չի ունենալու մեծամասնություն և վերածվելու է փակուղու: Բայց նա ստիպված գնալու է այս քայլին` նախընտրելով թագուհի դառնալ, քան թափառել աշխարհով մեկ կամ բանտրակվելով Հայաստանում»,-համոզված է բանախոսը:
Սակայն Ժիրայ Սեֆիլյանին մտահոգում է ոչ թե Ս. Սարգսյանի թագուհի դառնալը, այլ այն, որ այդ ծրագիրը գլխավորապես հետապնդում է հայերի համար վտանգավոր նպատակ, այն է` ընդդիմության շուրջ ձևավորած վճռական հավաքականության փոշիացումը:
Ժ. Սեֆիլյանը այս մտահոգությունը հայտնել է նաև ընդդիմության ներկայացուցիչներին` զգուշացնելով չհամաձայնել և չընդունել այդ խաղի կանոնները ու չմասնակցել խորհրդարանական ընտրություններին, քանի որ դրա արդյունքում ձևավորվելու է մի խորհրդարան, որտեղ մեծամասնություն չեն կազմելու ժողովրդի կողմնակիցները. ընդդիմությանը տրվելու է ընդամենը մի բաժին, որը ոչ մի լուրջ քայլ չի կարողանալու անել: Իսկ ընդդիմության մասնակցությունը ժողովրդի մոտ արդեն իսկ հիասթափություն է առաջացնելու:
Ժիրայր Սեֆիլյանը նաև կարծում է, որ եթե փոշիացվի այսօրվա ընդդիմության վճռական հավաքականությունը, երկրում լեգիտիմ նախագահ ունենալը հնարավոր չի լինի. «Քանի որ աշխարհաքաղաքական կենտրոնները վերջին 11 տարում սովոր են կամակատար իշխանիկներ ունենալ մեր երկրում, նրանք այդ սովորությունը շարունակելու են վերածել ավանդության»:
Ժ. Սեֆիլյանը վստահեցրեց, որ ընդդիմության գլխավոր դժվարությունը Լևոն Տեր-Պետրոսյանի անձն է, քանի որ նա մերժված է բոլոր աշխարհաքաղաքական շահագրգիռ ուժերի կողմերից, որովհետև նա «ամենահայաստանակենտրոն» գործիչ է:
«Մեր խնդիրը ոչ թե այս ռեժիմի պարագլուխների դեմ պայքարելն է, այլ աշխարհաքաղաքական կենտրոններին պարտադրելն է մեր ուզած հայամետ, հայաստանամետ քաղաքական գործիչին»,-համոզված է ժ.Սեֆիլյանը:
Ավելին, բանախոսը կարծում է, որ այս օրերին է Հայաստանը կերտում իր անկախությունը, իսկ 90-ականներին հասած անկախությունը ձևականություն էր. «Մարտիմեկյան զոհերին ես կհամարեի անկախության նահատակներ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել