Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցներն անդրադարձել են Սերժ Սարգսյանի` Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամլո ծառայությունը:
Կողմերը նշել են, որ տրանսպորտային հաղորդակցության, միջպետական սահմանը հատելու դյուրացման, մաքսային և այլ ուղղություններով նախատեսվող ծրագրերի իրականացումը կնպաստի հայ-վրացական տնտեսական փոխգործակցության հետագա զարգացմանը:
Ընդգծելով, որ Հայաստանի և Վրաստանի միջև չկան այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր չլինի լուծել համատեղ քննարկումների և երկխոսության ճանապարհով, երկուստեք շեշտվել է մեր ժողովուրդների համար կենսական նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ փոխադարձ զսպվածության պահպանման ու հավասարակշռված մոտեցման անհրաժեշտությունը:
Մեր երկրի նախագահն ու Վրաստանի խորհրդարանի ղեկավարը մտքեր են փոխանակել նաև Եվրամիության «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակում համագործակցության հնարավոր ուղիների, գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում երկու երկրների կողմից ձեռնարկվող հակաճգնաժամային միջոցառումների մասին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել