
2009թ. շուրջ 350 մլն դրամի աշխատանքներ կիրականացվեն Ղարաբաղի հուշարձանների եւ մշակութային արժեքների պահպանության ուղղությամբ: Այս մասին Հետքին ասել է ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը: Նա հավաստել է, որ երեկ կառավարության հաստատմանը ներկայացված ծրագրում նշված բոլոր աշխատանքների իրականացման համար պահանջվող գումարները պետբյուջեով նախատեսված են:
Ըստ այդ ծրագրի, վերականգնման աշխատանքներ կիրականացվեն Ամարասի վանքում, Գտչավանքում, Ուլուբաբի Պտկես Բերք վանքում, Տողի մելիքական ապարանքում, Դադիվանքի երիցատանը: Տարվա ընթացքում կիրականացվեն Ասկերանի ամրոցի, Ճանկաթաղի մատուռի կոնսերվացման աշխատանքներ: Նախատեսված է հնագիտական պեղումներ իրականացնել Ազոխի քարանձավում, Տիգրանակերտում: Նույն վայրերում կկատարվեն նաեւ բարեկարգման եւ հարմարեցման աշխատանքներ:
Ի դեպ, այս տարի ուշադրությունից չի վրիպել նաեւ իսլամական մշակույթի ժառանգությունը, որի պահպանման նպատակով նախատեսված է 14.5 մլն դրամ: Սերգեյ Շահվերդյանի խոսքերով, այդ նպատակով անցյալ տարի 10 մլն դրամ է հատկացվել պահուստային ֆոնդից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել