HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրահավաքում հրապարակվել է կոչ

Հակառակ Վրաստանի կողմից ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գծով միջազգային պարտավորությունների ստանձմանը, հակառակ ջավախքահայութան եւ վրացահայության շարունակական բողոքներին եւ դրանց արձագանքող տարբեր միջազգային ատյանների եւ իրավապաշտպան կազմակերպությունների հանձնարարականներին` վրացական իշխանությունները շարունակում են անտեսել եւ արհամարհել հայ փոքրամասնությանը հուզող խնդիրները, ինչը հարուցում է ջավախքահույության արդարացի դժգոհությունը: Դրա վկայությունն են Ջավախքի հասարակական-քաղաքական կազմակերպությունների բազմաթիվ հայտարարություններն ու պահանջները. - Տեղական ինքնակառավարման մարմինները զրկված են իրականացնել նույնիսկ օրենքով իրենց վերապահված լիազորությունները և փաստացի ղեկավարվում են վրաց իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների կողմից: - Վրաստանի հայ փոքրամասնությունը, հատկապես Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանում համախումբ բնակվող նրա հատվածը, թերի է ներկայացված կառավարման եւ ինքնակառավարման մարմիններում: - Հայերի համախումբ բնակության Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանում վարչական, կրթական եւ այլ մարմիններում պաշտոնների նշանակումը փոխկապակցված է վրացերենի իմացությանը: - Վրաստանի կենտրոնական իշխանությունները օրենքներ են ընդունում, որոնք պարտավորեցնում են հայերի համախումբ բնակության Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանում հանրային կյանի բոլոր ոլորտներում (ինքնակառավարման մարմիններ, վարչարարություն, դատական, կրթական համակարգ եւ այլն) օգտագործել բացառապես վրացերենը ինչին օբյեկտիվորեն չեն տիրապետում ջավախքահայերը: - Վրացական իշխանությունները հայ-վրացական սահմանաներձ գյուղերում, մասնավորապես Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղում և Ծալկայի տարածաշրջանի մի շարք գյուղերում բնակեցնում են աջարներ` փորձելով փոխել տարածաշրջանի ժողովրդագրական կազմը և Ջավախքը կտրել Հայաստանից: - Հայ Առաքելական Եկեղեցին Վրաստանում չունի պաշտոնապես գրանցված իրավաբանորեն ձևակերպված կարգավիճակ, խորհրդային իշխանության տարիներին բռնագրավված հայկական տաճարները դեռեւս չեն վերադարձվել իրենց օրինական տերերին: Ի հավելումն այս ավանդական խնդիրների` վերջին շրջանում վրացական իշխանություններն իրենց մի շարք քայլերով էլ ավելի սրեցին ջավախքահայության և վրացահայության շրջանում լարվածությունն ու դժգոհության մթնոլորտը. - անհիմն կերպով Վրաց ոստիկանություն են բերման ենթարկվել եւ ենթարկվում տասնյակ ջավախքահայ հասարակական ակտիվիստներ, որոնց բաց են թողնում սպառնալուց եւ ահաբեկելուց հետո միայն: - 2009թ. հունվարին մտացածին մեղադրանքներով ձերբակալվեցին Ախալցխայի հասարակական գործիչներ` Գրիգոր Մինասյանը եւ Սարգիս Հակոբջանյանը, մինչ այդ` 2008թ. հուլիսի 21-ին ձերբակալվել էր ջավախքահայ հասարակական ակտիվիստ Վահագն Չախալյանը, որին ներկայումս մեղադրում են 2005-06 թթ. ջավախքահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ իր ծավալած գործունեության փաստերով: - վրացական կողմն արհեստական դժվարություններ է ստեղծում հայ-վրացական սահմանը Ժդանովական-Բավրա անցակետով հատողների համար: Այս բոլորի արդյունքում ջավախքահայության եւ վրացահայության շրջանում օր-օրի ավելանում է վախի եւ անվստահության մթնոլորտը, ինչը հանգեցնում է երկրամասից հայերի արտագաղթի տեմպերի ավելացմանը: Վրացական իշխանությունների այս գործողությունների հիմնական նպատակն է ջավախքահայության եւ վրացահայության հասարակական-քաղաքական կառույցների ոչնչացման եւ հասարակական-քաղաքական գործիչների չեզոքացման միջոցով հասնել ջավախքահայության եւ վրացահայության լռեցմանն ու «ինտեգրմանե անվան տակ նրանց ձուլմանը կամ ժողովրդագրական կազմի փոփոխությանը: Արդ, հաշվի առնելով վերոնշյալը` մենք պահանջում ենք վրացական իշխանություններից` - Ապահովել տեղական ինքնակառավարման մարմինների օրենքով վերապահված լիազորությունների իրականացումը: - Դադարեցնել պետական սահմանի Բավրայի անցակետում արհեստական խոչնդոտների հարուցումը և սահմանը դարձնել թափանցիկ, ինչպես բազմիցս հայտարարել են Վրաստանի և Հայաստանի նախագահները: - Դադարեցնել Սամցխե-Ջավախք-Ծալկայում ծայր առած ոստիկանական հալածանքները եւ անհապաղ դադարեցնելով դատական ու քրեական հետապնդումը` ազատ արձակել ձերբակալված ջավախքահայ գործիչներ` Գրիգոր Մինասյանին, Սարգիս Հակոբջանյանին և Վահագն Չախալյանին: - Հայերի համախումբ բնակության Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանում հանրային կյանքի բոլոր ոլորտներում օրենսդրորեն արտոնել հայերեն լեզվի օգտագործումը: - Ջավախքահայ երիտասարդության արտագաղթի նվազեցման և վրացերենի ուսուցման ներդրման նպատակով արտոնել Ջավախքում հայ-վրացական պետական համալսարանի հիմնադրումը: - Դադարեցնել Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանը այլազգիներով բնակեցնելու գործընթացը, ինչը վրաց իշխանությունների կողմից տարածաշրջանի ժողովրդագրական կազմը արհեստականորեն փոխելու և Ջավախքը Հայաստանից կտրելու ակնհայտ քայլ է: - Վրաստանում համապատասխան իրավական կարգավիճակ տալ Հայ Առաքելական Եկեղեցուն եւ վերադարձնել բռնագրավված հայկական տաճարները: Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հայ-վրացական միջպետական հարաբերությունների օրակարգում զետեղել եւ առաջնահերթ կերպով հետապնդել վերոնշյալ խնդիրների լուծումը: Մենք կոչ ենք անում միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին իրենց բոլոր ներուժով կանխել Սամցխե-Ջավախք-Ծալկայում վրաց իշխանությունների անպատասխանատու քայլերի հետեւանքով առաջացած ճգնաժամը: Միջազգային հանրությունը պարտավոր է հստակ ուղերձ հղել Վրաստանի իշխանություններին առ այն, որ որեւէ այլընտրանք երկրում բնակվող հայ փոքրամասնության խնդիրների լուծմանը նրանք չունեն: Մենք կոչ ենք անում սփյուքում գործող կառույցներին եւ անհատ անձանց միանալ սույն հայտարարություն-հանրակոչին եւ բոլոր միջոցներով աջակցել ջավախքահայության և վրացահայության օրինական իրավունքների պաշտպանությանը: Ջավախքահայության եւ վրացահայության արդարացի պահանջների արհամարհման եւ լռեցման գործելաոճն այլեւս սպառել է իրեն, ավելին, այն կամա թե ակամա կազդի նաև հայ-վրացական հարաբերությունների վրա: Միայն իր էթնիկական բազմազանությունը հարգող ժողովրդավարական Վրաստանը հնարավորություն կունենա խուսափել հետագա ցնցումներից եւ ապահովել երաշխիքներ իր երկրի բնականոն զարգացման համար: Երեւան, 25 փետրվար 2009թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter