Ս. Ոսկանյան.«Ի դեմս Վահագն Չախալյանի վրաց իշխանությունները դատում են ջավախքահայությանը»
«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանի խոսքը 25.02.2009թ. Վրաստանի դեսպանատանը հարող տարածքում տեղի ունեցած ցույցի ժամանակ
2008թ. հուլիսի 17-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Ախալքալաքում չափազանց մութ եւ տարօրինակ հանգամանքերում տեղի ունեցած դեպքերը, այն է` շրջանի ոստիկանապետի տան հարեւանությամբ պայթյունը եւ ազգությամբ հայ երկու ոստիկանի սպանությունը, վրաց իշխանությունների կողմից օգտագործվեց որպես պատրվակ` ջավախքահայ մի շարք երիտասարդ գործիչների չեզոքացման եւ իմ պաշտպանյալ, ջավախքահայության իրավունքների պաշտպանությանն ուղղված իր հետեւողական գործունեությամբ հայտնի` Վահագն Չախալյանի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար:
Ամեն ինչ արվեց եւ արվում է, բնականաբար, մարդու իրավունքների տարրական նորմերի կոպիտ եւ աղաղակող խախտումներով:
Ծեծի եւ բռնության գործադրմամբ ոստիկանություն բերման ենթարկվեցին եւ ահաբեկվեցին ջավախքահայ տասնյակ ակտիվիստներ, փակվեց Երիտասարդական ռադիոն, կատարվեցին ապօրինի խուզարկություններ եւ ձերբակալություններ:
Ձերբակալվեցին ջավախքահայ ակտիվիստ Գուրգեն Շիրինյանի հայրն ու հորաքույրը, իսկ ինքը` Գուրգենը հայտարարվեց փախուստի մեջ: Հետագայում, Գուրգեն Շիրինյանին հեռակա կարգով դատապարտեցին 17 տարվա ազատազրկման, իսկ նրա հորն ու հորաքրոջը բաց թողեցին միայն շուրջ 5 ամիս կալանքի տակ պահելուց հետո` դատապարտելով 2 տարվա պայմանական ազատազրկման:
Վերջապես, հուլիսի 21-ին վրաց հատուկջոկատայինները ներխուժեցին Վահագն Չախալյանի բնակարան եւ կալանավորեցին նրան, նրա հորը եւ անչափահաս եղբորը:
Վահագն Չախալյանի ձերբակալության օրվանից առ այսօր վրացական իշխանություններն անում են ամեն ինչ, միջազգային հանրությանը թյուրիմացության մեջ գցելու եւ տեղի ունեցածի քաղաքական էությունը քողարկելու և աղավաղելու համար:
Սակայն փաստերը հակառակի մասին են վկայում: Թեկուզ միայն Վահագն Չախալյանին ներկայացված մեղադրանքները քաղաքական են: Նրան դատում են 2005-06թթ. Ախալքալաքում տեղի ունեցած ցույցերի համար. այն ցույցերի, որոնց միջոցով ջավախքահայերը բարձրացնում էին իրենց հուզող խնդիրները եւ վրաց իշխանություններից պահանջում` տալ դրանց լուծումները:
Ի դեմս Վահագն Չախալյանի վրաց իշխանությունները դատում են ջավախքահայությանը:
Իրավական տեսանկյունից գործն ամբողջովին շինծու է, գործում առկա խայտառակ փաստերը, նախաքննության եւ դատաքննության ընթացքում արձանագրված բոլոր խախտումները մեկ առ մեկ թվարկելու համար ինձ մի ժամ էլ չի հերիքի: Բավական է նշեմ մի փաստ. Չի կատարվել Վահագն Չախալյանի ձերբակալության ընթացքում իբր նրա տանը հայտնաբերված զենք-զինամթերքի մատնահետքաբանական փորձաքննություն, իսկ երբ մենք` փաստաբաններս պահանջեցինք նման փորձաքննություն կատարել, ապա դատարանը խայտառակ կերպով մերժեց այդ պահանջը:
Անգամ Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ, որտեղ արձանագրվեց Չախալյանի սահմանադրական իրավունքների խախտման փաստը:
Փոխարենը, վրացական իշխանությունները շարունակում են քաղաքական եւ տնտեսական ճնշումներ գործադրել ջավախքահայ քաղաքական ակտիվիստների նկատմամբ: Հարուցվում են նորանոր քրեական գործեր, արագացված ու մութ պայմաններում անցկացվում են դատավարություններ եւ ընդունվում են մեղադրական եզրակացությունները հաստատող դատավճիռներ:
Ահա այս հալածանքների շղթայի վերջին դրսեւորումը դարձավ հունվարի 23-ին Ախալցխայի հայ հասարակական գործիչներ` Գրիգոր Մինասյանի եւ Սարգիս Հակոբջանյանի ձերբակալությունը:
Վահագն Չախալյանի դատարավարությունը վերածվել է մի զավեշտական բեմադրության, որը, այն էլ, անընդհատ հետաձգվում է: Սպասել, որ վրացական դատարանը կարդարացնի Վահագն Չախալյանին, իսկ հետագայում` Ախալցխայի հայ ակտիվիստներին, անիմաստ է եւ միամտություն կլինի: Այն, որ Վրաստանում դատական համակարգը անկախ չէ, գաղտնիք չէ եւ ո'չ մեկի համար:
Մենք բազմիցս հանդիպել ենք տարբեր ատյանների հետ` ներկայացնելով Վահագն Չախալյանի դատավարության հետ կապված խայտառակ իրողությունները:
Օգտվելով առիթից ես եւս մեկ անգամ դիմում եմ միջազգային համապատասխան կառույցներին եւ իրավապաշտպան կազմակերպություններին` կոչ անելով համապատասխան ճնշում գործադրել վրացական իշխանությունների վրա` հալածանքները դադարեցնելու եւ ջավախքահայ բոլոր գործիչներին ազատ արձակելու ուղղությամբ:
Ինչևէ, եւ՛ իմ պաշտպանյալները, եւ՛ ես վճռականորեն ենք տրամադրված և հետևողականորեն պայքարելու ենք արդարության հաղթանակի համար: Մենք համոզված ենք, որ այս կեղծ և շինծու քրեական գործը տապալվելու է եթե ո'չ Ախալցխայի կամ Թբիլիսիի դատարաններում, ապա, հաստատապես համոզված ենք` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել