Այսօր Հայաստանի Հանրապետությունը վտանգված է
«Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրահամյանի ելույթը` ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան առաջ ս/թ փետրվարի 25-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ
Սամցխե-Ջավախք-Ծալկա հայկական տարածաշրջանում այսօր հստակ գոյություն ունեն քաղաքական խնդիրներ: Վրացական իշխանությունները ամեն կերպ փորձում են հայերի ազգային-քաղաքական խնդիրները քողարկել սոցիալ-տնտեսական հիմնահարցերի տակ: Սակայն իրականում բոլոր տեսակի խնդիրների հիմքում ընկած են քաղաքական խնդիրները, որոնք հիմք և պատճառ են հանդիսանում` մնացյալ բոլոր տեսակի խնդիրների ստեղծման և մեծացման համար: Ուստի մենք պահանջում ենք, որպեսզի այդ խնդիրների հետ միասին և առաջնահերթորեն լուծում տրվեն նաև Ջավախքի հայ բնակչության քաղաքական խնդիրներին: Դա վերաբերվում է և հայերի ազգային իրավունքների պաշտպանմանը, և’ հայոց լեզվին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու խնդրին, և’ Ջավախքը հայաթափ անելու վրացիների ծրագրերին, և’ թուրք-մեսխերին ու վրացա-սվանա-աջարական տարրերին Ջավախքում բնակեցնելու հարցին և այլն:
Սամցխե-Ջավախք-Ծալկայում լարվածությունը արհեստականորեն պահպանվում է վրացական իշխանության կողմից: Դա նպատակ է հետապնդում հայաթափ անել հայկական այդ տարածաշրջանը և կոտրել տեղի հայերի ազգային կամքը` բացառելով այս տարածաշրջանում սեփական արժանապատվության ու իրավունքների պաշտպաութան ուղղությամբ հայության ցանկացած քայլ:
Միաժամանակ` վրացիների կողմից հրահրվող հայ-վրացական օրեցօր ուժգնացող հակամարտությունից պտուղներ են փորձում քաղել նաև երրորդ ուժերը: Խոսքը վերաբերվում է տարածաշրջանի հզոր պետություններին, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում Վրաստանի ամբողջ տարածքով: Այդ ուժերն իրենց նպատակներին հասնելու համար չեն վարանում և ոչ մի մեթոդի կիրառումից: Այդ մեթոդների զոհ դարձան նաև Գրիգոր Մինասյանն ու Սերգեյ Հակոբջանյանը, որոնք, իրենց նվիրվածության ու հայրենասիրական գործելաոճի պատճառով ընկան դավադիր ծուղակ` արհեստականորեն մեղադրվելով լրտեսության մեջ: Այդ տղաներին կպցրվեցին նաև տարբեր այլ արհեստական պիտակներ:
Միջազգային հանրությանը ցույց է տրվում լրտեսների կեղծ ցանց, որոնց լիկվիդացման հետ զուգընթաց իրականացվում է հակահայկական քարոզչություն: Սկզբնական շրջանում թույլատրելով այդպիսի կեղծ կազմակերպությունների այսպես կոչված «գործունեության» ընդլանումը Թիֆլիսից դեպի Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջան` վրացական իշխանությունները, վերածելով այդ ամենը տարբեր թակարդների և «տեղադրելով» դրանք հայկական ակտիվ շրջանակներում, փորձում են դրանով մաքրազարդել տարածաշրջանը հայ ազգանվեր գործիչներից: Այդ քաղաքականության արդյունքում վրաստանի բնակչությունն արդեն իսկ ընդունում է հայ ժողովրդին իբրև թշնամի:
Մենք պահանջում ենք Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանում գործող բոլոր մեծ և փոքր ուժերից` վերջ տալ սադրիչ գործողություններին և հետ կանգնել իրենց դավադիր ծրագրերից, իսկ վրացական իշխանություններից լրացուցիչ պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Գրիգոր Մինասյանին և Սերգեյ Հակոբջանյանին:
Ելնելով այս ամենից` մենք հայտարարում ենք. Գրիգոր Մինասյանն ու Սերգեյ Հակոբջանյանը տարբեր մեծ և փոքր, գերհզոր և վերջիններիցս մշտապես վիրավորված (обиженный) տեղական ուժերի կեղծ «համագործակցությունից» ծնված դավադրության զոհեր են:
Եթե հայկական տարբեր կազմակերպություններ և շրջանակներ լռեն այս ամենի առաջ, ապա հստակ է այն իրողությունը, որ այդ թակարդները կարճ ժամանակ անց հայտնվելու են յուրաքանչյուր այն կազմակերպության կամ անհատի տակ, որոնք արդարացիորեն պայքարում են Ջավախքի քաղաքական իրավունքների պաշտպանության համար:
Իրավունքներ, որոնց պաշտպանութան համար Եվրոպայի առջև պարտավորված է նաև Վրաստանը: Իրավունքներ, որոնք մինչ օրս ոչ միայն ուխտադրժորեն խուսափում է պաշտպանել, այլև դրանք առաջինը խախտում է հենց ինքը` Վրաստանը:
Բացենք մեր աչքերը և հավատքով առ արդարության հաղթանակ` շարժվենք առաջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել