Միջոցառումներ` Վազգեն Սարգսյանի 50-ամյակի առիթով
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել պետական, քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի 50-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Քննարկվել են այն բազմաբնույթ միջոցառումները, որոնք հանձնաժողովի կողմից հաստատվելիք ծրագրի շրջանակներում կիրականացվեն ինչպես Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան նախորդող շաբաթվա ընթացքում, այնպես էլ մարտի 5-ին` ծննդյան օրը ու նաեւ դրանից հետո` ամբողջ տարվա ընթացքում։
Միջոցառումները կանցկացվեն ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ մարզերում եւ ԼՂՀ-ում։ Այսօրվա նիստում հանձնաժողովի անդամներից` ՀՀ պաշտպանության, մշակույթի, կրթության եւ գիտության, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարները, Հայաստանի գրողների միության նախագահը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը ներկայացրել են իրենց առաջարկությունները` համատեղ կամ առանձին իրականացնելիք միջոցառումների վերաբերյալ։
Մասնավորապես, նշվել է, որ նախատեսվում է Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացնել հիշատակի երեկո, իսկ մինչ այդ` պետական, քաղաքական գործչի 50-ամյակի կապակցությամբ մի շարք կրթօջախներում, զորամասերում, Վազգեն Սարգսյանի ծննդավայրում ՀՀ պաշտպանության, կրթության եւ գիտության նախարարությունները եւ Հայաստանի գրողների միությունը համատեղ կանցկացնեն հիշատակի հանդիսավոր արարողություններ, ռազմահայրենասիրական բնույթի միջոցառումներ։
Մարտի 5-10-ին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը կանցկացնի ծանրամարտի պատանիների առաջնություն` նվիրված Վազգեն Սարգսյանի 50-ամյակին, իսկ Հայաստանի գրողների միությունը կկազմակերպի գրող Վազգեն Սարգսյանի ստեղծագործությունների ընտրանուր շնորհանդեսը։
Մշակույթի նախարարությունը, «Գրականություն պատանիներին» ծրագրի ընթացիկ տարվա շարքը կնվիրի գրող, պետական, քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի 50-ամյա հոբելյանին։ Հանրային հեռուստառադիոընկերությունը կցուցադրի Վազգեն Սարգսյանին նվիրված` ՀՀ պաշտպանության նախարարության պատրաստած նոր ֆիլմը, ուղիղ եթեր կհեռարձակի մարտի 5-ի հիշատակի երեկոն եւ լայնորեն կլուսաբանի հոբելյանական հանձնաժողովի հաստատած միջոցառումները։
Կառավարության կայքէջը տեղեկացնում թ, որ վարչապետը հանձնարարել է այս եւ հանձնաժողովի նիստում հնչած նոր առաջարկությունները ներկայացնել գրավոր` ամրագրելով միջոցառման անցկացման ժամկետը եւ պատասխանատուին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել