Վրաստանի դեսպանն ընդունեց հանրահավաքի մասնակիցներին
«Ոչ հալածանքներին Ջավախքում», «Ջավախքը մեր հայրենիքն է», «Ազատություն ջավախահայ ազգային և մշակութային գործիչներին» կոչերով այսօր Վրաստանի դեսպանատան մոտ բողոքի ցույց-հանրահավաքի էին դուրս եկել մեծաթիվ ջավախահայ և տեղացի ուսանողներ ու երիտասարդներ:
Վրաստանի դեսպանատունն ամբողջովին պատնեշված էր անմիջապես դեսպանատան կողքին ընթացող շինարարության մեջ օգտագործվող բեռնատարներով, որը ոչ միայն դժվարություններ էր ստեղծում դեսպանատանը մոտենալուն, այլև ուղղակիորեն խոչընդոտում էր ցույցի մասնակիցների տեղաշարժը:
Հանրահավաքը նախաձեռնող «Երկիր» հայրենադարձության և հիմնավորման միության և «Ջավախք» հայրենակցական միությունը և «Միտք» վերլուծական կենտրոնը հայտարարություն- կոչ էին պատրաստել, որն ընթերցվեց հավաքավածների համար և համաընդհանուր ընդունելության արժանանալուց հետո որոշվեց այն հանձնել Վրաստանի դեսպանատուն:
Կոչ-հայտարարությունը բողոք էր ուղղված Վրաստանի իշխանությունների կողմից Ջավախքում իրականանացվող քաղաքականության դեմ: Հավաքվածները Վրաստանի իշխանություններից պահանջում էին վերջ տալ հակահայ քաղաքականությանը, «քանի որ ջավախահայության և վրացահայության արդարացի պահանջների արհամարհման գործելաոճը վաղուց սպառել է իրեն , ավելին, այն կամա թե ակամա կազդի հայ-վրացականն հարաբերությունների վրա»:
«Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը բեմ ծառայող շինարարական մեքենայի վրայից հայտարարեց, որ որևէ մի ջավախքցի և որևէ մի հայ երբեք չի տառապում հակավրացականությամբ:
«Մենք բոլորս ընդունում ենք, որ Վրաստանը մեր բարեկամն է, բայց միևնույն ժամանակ կարծում ենք, որ այդ բարեկամությւոնը պետք է լինի իսկական և երկկողմանի.... Այսօր չի կարող լինել հայ-վրացական իրական բարեկամություն առանց ջավախքահայության օրինական իրավունքները հարգելու, մինչդեռ վրացական իշխանություններն իրենց բազմաթիվ քայլերով օր օրի խորացնում են ճգնաժամը Ջավախքում և վախի ու անվստահության մթնոլորտ են սերմանում այնտեղ»,- ասաց Շ. Թորոսյանը:
«Ջավախք» հայրենակցական միության երիտասարդական թեւի ղեկավար Արտուշ Գրիգորյանն էլ ասաց, որ իրականում վրացահայերի հարցերի լուծման համար մեր իշխանությունները կարող էին ավելին անել, բայց չեն անում:
«Պատճառը հավանաբար այն է, որ Հայաստանում դեռևս ներքաղաքական խմորումներ կան կամ Ղարաբաղի հարցի լուծված չէ, բայց մենք չենք կարող դա որպես լուրջ պատճառ ընդունել, այդ ոնց է, որ Վրաստանը կարող է վեց կողմից պատերազմել: Ջավախքի հայթափումը չի բխում անմիջապես Հայաստանի շահերից, քանի որ արտաքին աշխարհի հետ կապը միայն Ջավախքով է անցնում, չեղավ Ջավախքը, Հայաստանը լիարժեք բլոկադայի կենթարկվի,հիմա իսկական երևացող քայլերի իրականացման ժամանակն է, հակառակ դեպքում 20 տարուց Ջավախքը կլինի առանց հայերի»,-ասաց Արտուշ Գրիգորյանը:
Ջավախքի Մեծ Սամսար գյուղից Հարություն Հովսեփյանը, ով այժմ ուսանող է Հայաստանում ասում, որ իրենք չեն հրաժարվում Վրաստանից, բայց վրացիները ազգային փոքրամասնությունների նկատմամբ ազգային խտրականություն են դնում:
«Չեն մտածում, որ մենք իրենցից շատ ենք, անհիմն անտեղի ձերբակալություններ են արվում , հետո էլ մեզ ասում են են, որ հայ և վրացի ժողովուրդը բարեկամներ են , բայց խոսքը մի քիչ գոնե իրականության հետ պետք է համապատասխանի , ամեն ինչ անում են, որ գործազուրկ մնա Ջավախքի ժողովուրդը, վրացիները հեռատես ազգ չեն, այդ րոպեին ինչ մտածում են ,այնպես էլ անում են , չեն մտածում հետևանքների մասին»,- բողոքում է Հ. Հովսեփյանը:
Ջավախահայ մեկ այլ ուսանող էլ մեզ ասաց, որ իրենց մոտ շատեր գործազուրկ ենք. «Ինչ աշխատես , որ մարդը քեզ չի հասկանում, եթե նրանք մեզ մոտ դպրոցներ բացեն, մենք էլ կսովորենք իրենց լեզուն, բայց իրենք այնպես են անում, որ թողնենք մեր Ջավախքն իրենց ու գնանք, չեն ասում գնացեք, բայց այնպես են անում, որ գնանք, բայց իրենք դա չեն տեսնի»,- հաստատակամորեն ասաց նա:
Երբ ցույցի կազմակերպիչները փորձեցին կոչ-հայտարարությունը փոխանցել դեսպանին, դեսպանատան աշխատակիցներից մեկը դուրս եկավ և հավաքվածներին հայտնեց, որ դեսպանը գնացել է ճանապարհելու Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի գխավորած պատվիրակությանը և կվերադառնա մոտ տաս րոպեից: Հավաքվածները դեսպանին սպասում էին Ջավախքի մասին երգեր երգելով:
Մոտ կես ժամ հետո ժամանեց դեսպանը և ընդունեց հանրահավաքի պատվիրակությանը:
Դուրս գալով Շիրակ Թորոսյանը տեղակացրեց, որ իրենք հայտնեցին իրենց մտահոգությունները և քանի որ, հայտարարություն- ոչը գրված էր հայերեն լեզվով, դեսպանը խոստացավ արագորեն թարգմանել վրացերեն և փոխանցել իրենց իշխանություններին:
«Պատասխան իշխանություններն են տալու, դեսպանը ընդամենը միջնորդ է, ես չէի ակնկալում, որ դեսպանը պիտի Ջավախքի հարցը լուծի»,- ասաց նա:
Արտյուշա Գրիգորյանն էլ հայտարարեց, որ ջավախահայության և վրացահայության իրավունքների համար պայքարը որակական նոր փուլ է թևակոխում.«Մենք հետևողական ենք լինելու, որպեսզի մեր օրիանական պահանջները կատարվեն: Ջավախքը եղել է ու լինելու է հայկական տարածաշրջան Վրաստանի կազմում»,- ասաց նա ու եզրափակեց բողոքի ցույցը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել