HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նեցուկ կանգնենք Հայաստանի գիտության զարգացմանը

aramayis-mirzaxanyan«Գիտության արդյունքները տնտեսության տարբեր ճյուղերում ներդրման տեսակետից Հայաստանը շատ հետ է այլ երկրներից: Մեր գիտնականների ստեղծած նոր գիտելիքներն այսօր շատ քիչ է ներդրվում տնտեսության մեջ, քան նախորդ տասնամյակների ընթացքում»,- փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն հայտնեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Լինելով գիտության բնագավառի աշխատող և հետաքրքրված Հայաստանի գիտության զարգացման հարցերով` համամիտ եմ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի մտահոգություններին և ցանկանում եմ իմ տեսակետներն արտահայտել այս հարցերի շուրջ: 1. Անվիճելի է գիտության հսկայական դերը ցանկացած երկրի ու ժողովրդի տնտեսական զարգացման ու սոցիալական բարեկեցության գործում: Տնտեսապես զարգացած ժողովուրդը կիրթ է նաև բարոյապես: Ապրելով ու աշխատելով Շվեդիայում` կարող եմ բերել հետևյալ տվյալները: Երբ խոսում ենք Շվեդիայի տնտեսության զարգացման մոդելի մասին, անմիջապես պետք է տեսնենք այն հսկայածավալ ներդրումները, որ կատարվում է երկրի գիտության զարգացման բնագավառում: Գիտության զարգացման ու կրթության ոլորտի բարելավման կարիքների համար հատկացվում է Շվեդիայի պետական բյուջեի 13%-ը, որը իր չափով երկրորդ տեղն է գրավում՝ սոցիալական  կարիքներին հատկացվող 45% երկրի բյուջեից հետո: Օրինակը առավել քան խոսուն է: Գիտության նկատմամբ այս պատասխանատվությամբ լի վերաբերմունքի գրավականը պետական սեկտորի լուրջ մասնակցությունն է երկրի տնտեսության մեջ: Պետական սեկտորը մշապես մրցակցության մեջ է մասնավոր սեկտորի հետ, դրանով իսկ պահելով իր կարգավորող դերը երկրի գիտության ու տնտեսության զարգացման բնագավռում: 2. Ըստ ԳԱԱ նախագահի` այսօր կիրառական գիտության զարգացման համար պետք է,  որ եղած ճյուղային ինստիտուտները պետական բյուջեից ֆինանսավորվեն: Այս իրավացի պահանջը հրամայական պահանջ է: Առանց պետական ֆինանսավորման` գիտություն զարգացնելու մասին խոսելն անիմաստ է: Անկախությունից հետո Հայաստանի իշխանությունները անթույլատրելիորեն անուշադրության են մատնել երկրի գիտության զարգացման խնդիրները: Մոտիկ անցյալում Հայաստանի հայությունը ուներ գիտության ու տնտեսության զարգացման նպաստավոր պայմաններ և այդ հնարավորորթյունները օգտագործեց  լավագույնս: Հիմա, այդ ժամամակաշրջանի Հայաստանի գիտության կարկառուն դեմքերը կամ աշխատում են արտասահմանում՝ բարիք ստեղծելով այլոց համար, կամ տարիքի պատճառով հեռանում են ակտիվ աշխատանքից՝ թափուր թողնելով իրենց տեղը... 3. ԳԱԱ-ի նախագահի խոսքով, նոր գիտելիքները տնտեսության մեջ կիրառելու առումով մեր երկիրն այլ երկրներից բավականին հետ է ընկել… Այս փաստը ռազմավարական իմաստով խիստ մտահոգիչ է: Չունենալով զարգացող գիտություն, կայուն տնտեսություն ու պահանջարկ ունեցող արտադրանք, հազվի թե հնարավոր լինի դիմակայել շուկայական մրցակցությանը: Հայաստանի  իշխանությունները, հայտարարելով, որ «պետությունը վատ տնտեսավար է»,  ձեռքները լվացել են ամեն մի պատասխանատվությունից և երկրի տնտեսությունը լիովին հանձնել են մասնավոր սեկտորի կամայականությանը` դրանով իսկ կորցնելով պետության կողմից կարգավորող դերը երկրի տնտեսության մեջ: 4. Ըստ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի` ճյուղային ինսիտուտները պետք է ավելի ակտիվ լինեն և մեր գործարարներին առաջարկեն մեր գիտնականների ստեղծած նոր հայտնագործությունները, որպեսզի նրանք էլ կիրառեն դրանք արտադրության մեջ: Հայրենասիրական մտահոգություններով լի բարի ցանկություններ են, բայց Հայաստանի օլիգախներն իրենց համար գերշահույթներ ապահովելու համար ընտրել են էքսփորթ-ինփորթի կարճ ճանապարհը: Այս բիզնեսն էլ կատարվում է բոլորիս հայտնի ու Հայաստանի համար կործանարար չափերի հասնող դիսբալանսով: Գիտության զարգացումն ու նոր  հայտնագործությունները արտադրության մեջ կիռարելու ուղղությամբ պետականորեն ամրագրված գործող օրենքներ են պետք: Այս կարևոր հարցը լուծում չի ստանում զուտ այն պատճառով, որ օրենսդիր մարմինը, Հայաստանի ազգային ժողովի ավելի քան 30 տոկոսը իրենք, երկիրը շահագործող մեծահարուստ օլիգարխներն են: Այս մարդիկ երկրի գիտության ու ներքին արտադրության զարգացման ուղղությամբ մտահոգված չեն: «ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ այսօր գիտությամբ զբաղվող երիտասարդների թիվն աճում է, սակայն Հայաստանում գիտության զարգացման համար անհրաժեշտ է նոր լաբորատորիաներ և նոր սարքավորումներ...» Այս հարցերի լուծումն ինչպես վերը նշվեց, պետականորեն ծրագրված հովանավորությամբ է հնարավոր: Այստեղ կցանկանայի որոշ մասնավոր եղանակներ առաջարկել, որոնք կարող են օգտակար լինել ընդհանուր գործին. Սփյուռքահայության ծրագրված ու կազմակերպված մասնակցությունը Հայաստանի գիտության զարգացմանը: Աշխարհի տարբեր երկրների համալսարաններում զգալի  թվով հայազգի դասախոսներ ու գիտնականներ են աշխատում, որոնք տիրապետում են նորագույն գիտությունների: Այս գիտական ներուժն ինքնատիպ հնարավորություն է Հայաստանի գիտության զարգացման  համար: Սփյուռքի հայրենասեր բարերարների ներդրումների միջոցով կարելի է ստեղծել մի մնայուն՝ «Հայաստանի գիտության զարգացման  ֆոնդ»: Այս ֆոնդը կաշխատի Սփյուռքում ու ծրագրեր կիրականացնի Սփյուռքի կողմից Հայաստանում, Հայաստանի գիտնականների հետ համատեղ: labaratoryՀամառոտ կներկայացնեմ այն աշխատանքը, որը ես կատարել եմ  Հայաստանում: Կարծում եմ փորձը օգտակար կլինի շատերին, ովքեր ցանկություն ունեն Հայաստանի գիտությանն օգտակար լինելու: Լինելով Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (այժմ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, ՀՊՃՀ) սփյուռքահայ շրջանավարտ` մշտապես ունեցել եմ պարտքի զգացում ու փոխհատուցման ցանկություն: The Royal Institute of Technology (շվեդերեն Kungliga Tekniska Högskolan/ KTH) Ստոքհոլմի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի իմ դասախոսական աշխատանքներին համընթաց, մշտապես կապի մեջ եմ եղել Հայաստանի ՀՊՃՀ-ի դասախոսների ու գիտնականների հետ: Ստեղծել եմ KTH-ՀՊՃՀ միջհամալսարանական համագործակցություն: 2003թ. Պոլիտեխնիկական ինստիտուտի 70 ամյակի կապակցությամբ` KTH-ն որոշեց հիմնադրել մի ժամանակակից լաբորատորիա: Համատեղելով իմ անձնական հնարավորություններն ու մասնագիտական գիտելիքները, միևնույն ժամանակ օգտվելով Եվրամիության գրանտներից ու Գալուստ Գյուլբենկյան հաստատության աջակցությունից` այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում աշխատում և ուսման դասընթացներին է ծառայում ժամանակակից սարքավորումներով հագեցած մի լաբորատորիա՝ իր հարակից բոլոր միջոցներով: Տարին մի քանի անգամ դասախոսություններով հանդես եմ գալիս Երևանում: Այս լաբորատորիան գործնական կապեր ունի Երևանի ալյումինի գործարանի և մի շարք այլ  հիմնարկների հետ: Լաբորատորիայի իրականացումը հնարավոր եղավ KTH-ի ռեկտոր, Dr. prof. Anders Flodström-ի, ՀՊՃՀ-ի ռեկտոր ակադեմիկոս, պրոֆեսոր Յուրի Սարգսյանի ու «Տեխնոլոգիական գործընթացների և Էլեկտրաբանեցումների ավտոմատացման» ամբիոնի վարիչ, դոցենտ Էդվարդ Հակոբյանի ու Գալուստ Գյուլբենկյան հաստատության հայկական բաժնի տնօրեն, դոկտոր Զավեն Եկավյանի հետևողական ու բարեխիղճ աշխատանքի շնորհիվ: Այսպիսի ու էլ ավելի ծավալուն աշխատանքներ կատարելու հնարավորություն ունի Սփյուռքը, աշխատանքների համար  պակասում է համադրող կենտրոն ու համատեղ ծրագրերի մշակում: Կոչ եմ անում տեսակետների և առաջարկությունների համացանցային քննարկում այս հարցի շուրջ: Հարգանքներով՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի սփյուռքահայ շրջանավարտ, Ստոքհոլմի The Royal Institute of Technology-ի դասախոս, դոկտոր Արամայիս Միրզախանյան [email protected] <mailto:[email protected]> 22 փետրվարի, 2009

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter