HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստան. կրոնական փոքրամասնությունները՝ բյուրոկրատական քաշքշուկի մեջ

Կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների խոսքերով՝ իրենք ստիպված են պայքարելու դավանանքի ազատության իրենց իրավուքների համար Վիճակագրության տվյալների համաձայն՝ Վրաստանում անցյալ տարի կրոնական փոքրամասնությունների դեմ բռնություններն ի սպառ բացակայել են: Սակայն իրենց՝ հավատացյալների խոսքերով՝ բոլոր կրոնական փոքրամասնությունները բյուրոկրատական քաշքշուկի զոհ են դառնում՝ բացառությամբ Ուղղափառ եկեղեցու: Վրաստանի բնակչության մեծամասնությունը Ուղղափառ եկեղեցու հետեւորդ է, սակայն Թուրքիայի եւ Հայաստանի սահմաններին մոտ մի շարք շրջաններում կան նաեւ մեծ թվով մահմեդականներ եւ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ: Չնայած այս շրջաններում դարերով ապրելու փաստին՝ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները դժգոհում են, որ ստիպված են պայքարել դավանանքի ազատության իրենց իրավունքների համար: Եթե օրենսդրությունը ոչ մի խոչընդոտ չի դնում նրանց առջեւ, ապա բյուրոկրատական խտրականությունը մշտապես թունավորում է նրանց կյանքը: Կրոնական հանդուրժողականության Խորհրդում վրացի մահմեդականներին ներկայացնող Տարիել Նակաիձեն նշում է, որ նման խտրականությունը հատկապես տարածված է Սամցխե-Ջավախքի շրջանում, որտեղ ապրում են ինչպես մահմեդականներ, այնպես էլ բնակչության մեծամասնությունը կազմող հայեր: «Վերջին մի քանի տարիների ընթացքում մզկիթների կառուցման հարցերի վերաբերյալ դիրքորոշումը փոխվել է, սակայն դրա մասին իրական կարծիքը նույնն է մնացել: Եթե նախկինում այդ ամենի նկատմամբ բացահայտ ագրեսիա էր դրսեւորվում, ապա այժմ մնացել են միայն այս փոքրիկ խոչընդոտները, որոնք խանգարում են մեզ պաշտոնական թույլտվություն ստանալ»,-նշում է Տ. Նակաիձեն: Աջարիայում, որտեղ մեծ մահմեդական համայնք կա, վերջին տարիներին մի քանի մզկիթ է կառուցվել, որոնցից ոչ մեկի կառուցումն այդպես էլ չի հաստատվել իշխանությունների կողմից: «Անցյալ տարի վրացի մահմեդականները Ասպինձայում մի մզկիթ կառուցեցին, եւ տեղական ինքնակառավարման կառույցի կառավարիչը հարցրեց մեզ արդյո՞ք ունենք կաթողիկոսարանի թույլտվությունը դրա կառուցման համար»,-պատմում է Նակաիձեն: «2007-ին Ադիգենիի շրջանում զանգվածային հարձակում տեղի ունեցավ 1917թ-ին կառուցված մզկիթի վրա: Նմանատիպ միջադեպ տեղի ունեցավ նաեւ անցյալ տարվա դեկտեմբերին Չելա գյուղում, որտեղ մզկիթի տանիքը բարձրացած 100-ից ավել մարդիկ գոռում էին՝ «Դուք վրացի չե’ք, սա ձեր տեղը չէ’»: Միջադեպը լուրջ հետեւանքներ չունեցավ միայն ոստիկանության եւ Մահմեդական Խորհրդի միջամտության շնորհիվ»: Օրենսդրության համաձայն՝ Ուղղափառ եկեղեցու առաջնորդն իրավունք չունի միջամտելու Վրաստանի մահմեդականների գործերին, սակայն եկեղեցին այնպիսի մեծ ազդեցություն ունի առօրյա կյանքի վրա, որ նրա միջամտությունն ուղղակի անխուսափելի է: «Ճարտարապետական ծառայությունը եւ հատկապես կաթողիկոսարանն իրավունք չունեն խոչընդոտելու պաշտամունքային կառույցների շինարարությանը: Սա ինքնին արհեստածին խնդիր է: Վրաստանում կաթողիկոսարանը չափազանց մեծ ազդեցություն ունի, եւ իշխանություններն աշխատում են խուսափել եկեղեցու հետ ընդհարումներից: Ահա թե ինչու պաշտամունքային կառույցների շինարարության համար թույլտվություն չեն տալիս», նշում է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հանդուրժողականության կենտրոնի ավագ փորձագետ Բեկա Մինդիաշվիլին: Անցյալ դարի 90-ականներին եւ այս տասնամյակի առաջին կեսին իրադրությունը լրիվ այլ էր: Այն ժամանակ ուղղափառության ակտիվ քարոզիչները, որոնցից էր 1995-ին պաշտոնական եկեղեցուց հեռացված Բազիլ Մկալավիշվիլին, ներշնչեցին հավատացյալներին պայքարել Վրաստանում բողոքականների եւ այլ կրոնական փոքրամասնությունների տարածման դեմ: 2002-03 թվականների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ավելի քան 800 բողոք ներկայացվեց կրոնական համայնքների վրա կատարված հարձակումների վերաբերյալ: Այս իրադարձություններից եւ 2004-ին տեղի ունեցած Մկալավիշվիլու ձերբակալությունից հետո հարձակումները պակասեցին: Եւ իսկապես, վիճակագրության համաձայն՝ անցյալ տարի Վրաստանում ընդհանրապես չի եղել կրոնական փոքրամասնությունների դեմ բռնության որեւէ դեպք: Այնուամենայնիվ, նրանք իրենց բավականաչափ պաշտպանված չեն զգում: «Սարագեջոյում ուղղափառ եկեղեցու տեղացի հետեւորդներից մեկը բենզինով լի շիշ նետեց դեռեւս կառուցման փուլում գտնվող մեր դահլիճ: Տեղական իշխանությունների ներկայացուցիչը մեր դատապաշտպաններին խորհուրդ տվեց դեպքի կապակցությամբ աղմուկ չբարձրացնել՝ ուղղակի ստիպելով հանցագործին գրավոր խոստովանություն անել. նրա կարծիքով՝ սա այնքան էլ մեծ հանցանք չէր»,- նշում է Վրաստանի Եհովայի վկաների շահերը ներկայացնող դատապաշտպան Մանուչար Տսիմինտիան: «Բազմազգ Վրաստան Համաքաղաքացիական Շարժում» Միությունը, որն իրենից ներկայացնում է քաղաքական շրջանակների վրա ճնշման լծակներ ունեցող մի խումբ, ներառում է 56 ոչ կառավարական կազմակերպություններ եւ 18 համայնքներ: 1998-ից ի վեր Միությունը պայքարում է դավանանքի հավասարություն համար: Կազմակերպության գործադիր տնօրեն Ագիտ Միրզոեւը նույնիսկ բարձրացրեց կրոնական փոքրամասնությունների վրա գործադրվող ճնշման հարցը 2007 թ-ին Ժնեւում կայացած ՄԱԿ-ի կոնֆերանսի ժամանակ: «Կարծում եմ՝ Վրաստանի բոլոր հավատացյալները պետք է հավասար պայմաններից օգտվեն»,-նշել է Միրզոեւը: Ֆաթի Մամիաշվիլի, Թբիլիսի, (Կովկասյան Լրատու # 481, 20-ը փետրվարի, 2009թ.) Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի IWPR «Կովկասյան լրատու» պարբերականից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter