
Անկարգություններ` Փափազյան փողոցում. կրպակների ապամոնտաժումն ուղեկցվեց բախումներով (լուսանկարներ)
Այս առավոտյան` ժամը 8:00-ի սահմաններում, Երևանի Արաբկիրի թաղապետարանը սկսեց ապամոնտաժել Փափազյան փողոցի մայթեզրի կրպակները: Ապամոնտաժման գործընթացն անձամբ ղեկավարում էր Արաբկիրի թաղապետի տեղակալ Հրայր Անտոնյանը:
Դեպքի վայրում էին բազմաթիվ ոստիկաններ, կարմիր բերետավորներ, թաղապետարանի աշխատակիցներ: Ոստիկաններն ու կարմիր բերետավորները, պատ կազմած, կանգնում էին ապամոնտաժող բանվորների ու կրպակատերերի միջև:
Վաղ առավոտից Փափազյան փողոցում իրադրությունը լարված էր, պարբերաբար ընդհանումներ էին տեղի ունենում կրպակատերերի և իրավապահների միջև:
Կրպակների տերերն ու վաճառողները փորձում էին կանխել ապամոնտաժումը: Նրանք սկսեցին քարեր շպրտել վերամբարձ կռունկի վրա: Կրպակատերերի և կարմիր բերետավորների միջև բախում առաջացավ:
«Ավտոդ ջարդելու ենք, Անտոնյան: Քարերով կռիվ ենք անելու: Ժողովրդին մի հանեք ոտի»,- գոռում էին կրպակատերերը:
Կրպակատեր Նարինե Կիրակոսյանը վնասեց ձեռքը, երբ փորձում էր քարը վերցնել կրպակատերերից մեկի երեխայի ձեռքից:
Կրպակատերերը փորձեցին փակել Կոմիտասի պողոտան:
Սակայն ոստիկաններն ու կարմիր բերետավորները նրանց ուժով հրեցին մայթ` ասելով. «Երթևեկությունը իրավունք չունեք փակեք»:
Այդ ժամանակ կրպակատերերից մեկի ինքնազգացողությունը վատացավ, շտապօգնություն եկավ:
«Ինչի՞ են մեզ հացից կտրում, ինչի՞ համար, քի՞չ են ուտում: Ով որ մեր հացին վայիս ա եղել, իրա տունը քանդվի»,- ասում էր այդ կրպակատիրոջ մայրը:
Ապամոնտաժման ընթացքում այլ կանանց ինքնազգացողությունը ևս վատացավ, և նրանց ևս բուժօգնություն ցուցաբերվեց:
Կրպակները քանդող շինարարներից մեկը, որը վերահսկում էր ավելի երիտասարդ բանվորների աշխատանքը, հրեց կրպակատերերից մեկին:
Անմիջապես միջամտեց Հրայր Անտոյանը, որը ևս հրեց և ուժով հեռացրեց կրպակատիրոջը:
Դեպքի վայրում էին «Ժառանգություն» կուսակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանը, Ստեփան Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը, Կարինե Հակոբյանը, Դավիթ Սանասարյանը, Անահիտ Բախշյանը:
«Մենք չենք տեսել Երևանի քաղաքապետարանի, Երևանի ղեկավար մարմինների կողմից ընդունված որևէ փաստաթուղթ, որտեղ գրված կլիներ, որ այս կրպակները պետք է ապամոնտաժվեն: Եվ հետևաբար, մենք համարում ենք, որ օրինականության տեսանկյունից, այս գործողությունները, մեղմ ասած, խոցելի են: Առավոտից որևէ փաստաթուղթ չի ներկայացվել, չկա որևէ որոշում»,- ասում էր Ստեփան Սաֆարյանը:
Իրեն Երևանի քաղաքապետարանում պաշտոնապես ասել են, որ քաղաքապետի հանձնարարականն ընդամենը վերաբերվում է կրպակների գույքագմանը և ոչ թե ապամոնտաժմանը:
«Դուք պիտի ունենաք կրպակների ապամոնտաժման որոշում: Այս հարցերը պիտի քննարկվեն Երևանի քաղաքապետարանում, և ապամոնտաժումը նոր պիտի արվի: Երևանի քաղաքապետը ինձ ասել է, որ «այս հարցով քննարկում է լինելու, սպասեք իմ նամակին»»,- Հրայր Անտոնյանին ասաց Ստեփան Սաֆարյանը:
«Ապամոնտաժվում են Երևան քաղաքում գլխավոր փողոցների վրա գտնվող, անօրինական կրպակները, և այն կրպակները, որոնց վարձակալության ժամկետները լրացել են»,- պատասխանեց թաղապետի տեղակալը:
«Կգանք ձեր հին թաղապետին և ձեր հին աշխատակիցներին դատի կտանք, թե ինչու են ապօրինի կրպակները տեղադրել: Քանի տարի է` հանդուրժել եք ապօրինի կրպակ, մի քանի օր էլ կդիմանաք»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:
«Դիմեք դատարան: Խնդրեմ: Եթե ես սխալ գործունեություն եմ ծավալում, դուք կարող եք դատի տալ»,- պատասխանեց Հրայր Անտոնյանը:
Զարուհի Փոստանջյանն էլ նշեց, որ թաղապետարանը, առանց դատարանի որոշման, օտարման գործունեություն իրականացնելու իրավունք չունի:
«Որևիցե քայլ թաղապետարանի կողմից անօրինական չի արվում: Անօրինական տեղադրված կրպակ է, հանում ենք: Ես անօրինականությու՞ն եմ անում»,- իր հեթին համոզված է Հրայր Անտոնյանը:
Դեպքի վայր ժամանեց կառավարության ներկայացուցիչը, ով ներկայացավ որպես կառավարության վարչության պետ Ղազարյան: Նա Հրայր Անտոնյանին հարցրեց, թե արդյոք ունի՞ ապամոնտաժումը թույլ տվող փաստաթուղթ:
«Էստեղ տեղում ակցիա եք կատարում, ապամոնտաժում եք. պետք է գրավոր փաստաթուղթ լինի»,- ասում էր Ղազարյանը:
«Քաղաքապետարան զանգեք, ճշտեք: Սա ապօրինի տեղադրված կրպակ է, ապամոնտաժվում է: Կա քաղաքապետի հանձնարարական»,- ասաց Հրայր Անտոնյանը: Շուռ գալով շինարարներին` ավելացրեց` շարունակեք:
Նա նշում էր, որ տեղադրված կրպակների պատճառով տուժել են մայթեզրի կանաչ տարածքները: Կրպակատերերն էլ ասում էին, որ սկզբում թող ապամոնտաժեն օլիգարխների էլիտար շինություններն ու հյուրանոցները, որոնք կառուցելու համար ևս կանաչ տարածքներ են տուժել:
Թաղապետի տեղակալը ասում էր կրպակատերերին, որ թեև կրպակը իրենց սեփականն է, բայց հողը, որի վրա տեղադրված է կրպակը, պետական է, և եթե հողի վարձակալության ժամկետը ուժի մեջ է, ապա կրպակը չի ապամոնտաժվի: «Որևիցե մի ժամկետ չի երկարացվում: Մերժվել է արդեն»,- ասում էր Հրայր Անտոնյանը:
Կրպակատերերն էլ զայրանում էին, թե իրենք դիմել են քաղաքապետարան՝ հողի վարձակալման պայմանագիրը երկարացնելու համար, սակայն իրենց դիմումներին չեն պատասխանել, ոչ էլ տեղյակ են պահել, որ պայմանագիրը չի երկարաձգվելու:
«Իրենք ոչ մերժել են, ոչ էլ երկարացրել են ժամկետը: Թող գային, ասեին, որ չենք երկարացնում, մենք իմանայինք` ինչ ենք անելու»,- «Հետքին» ասաց կրպակատեր Լևոն Հակոբյանը:
Նա վարկ է վերցրել բանկից և այժմ չգիտի, թե ինչպես է վճարելու այդ վարկը: Լևոնն իր կրպակում աշխատում է արդեն 12 տարի, վճարում է բոլոր հարկերը: Ասում է, որ առանց կրպակի՝ չի կարողանա գոյատևել և կարտագաղթի Հայաստանից: Նրա կրպակից ստացված եկամուտով երկու ընտանիք է ապրում:
Լևոն Հակոբյանը և իր կինը` Նառա Փափազյանը, կրպակում էին այն ժամանակ, երբ շինարարները քանդում էին կրպակի հիմքը: Կրպակում աշխատող վաճառողուհին և Լևոնի կինը լաց էին լինում: Կնոջ ինքնազգացողությունը վատացավ, Լևոնը դեղահաբ տվեց կնոջը:
«Ասում են` հայ ազգը շինարար ազգ ա, այ է՞ս ա ձեր շինարարությունը: Առանց հրամանի, առանց որոշման, առանց ոչ մի բանի` ասել ա քանդի: Տղուս չթողեցի 3 տարի առաջ գնար արասահման, որ մնար ապրեր, հիմա ես էրեխուս ասում եմ` տունը ծախի, գնում ենք ստեղից»,- ասում էր Լևոն Հակոբյանը` ցույց տալով այն փաստաթղթերի, որոշումների տրցակը, որոնք հավաքել է` կրպակը տեղադրելու իրավունք ստանալու համար:
Լևոն Հակոբյանի խոսքերով` կրպակը քանդելը իր համար նույնն է, ինչ իր տունը քանդելը, քանի որ կրպակում ավելի շատ է լինում, քան տանը: «Ո՞վ է տեսել` մի հատ պողոտայի վրա 10 հա սուպերմարկետ լինի»,- ասում էր նա:
«Դուք գիշերը ո՞նց եք քնելու հանգիստ, ո՞նց եք գլուխներդ բարձին դնելու: Քաղաքապետ, դու մեզ հացից կտրում ես: Դուք վիլլաներ ունեք, մենք մի կտոր հաց ենք վաստակում: Էսքան ժողովրդի անեծքը ձեր գլխին է թափելու: Սա էժան չի նստի ձեր վրա: Կգա օրը, կհիշեք, որ ժողովրդի անեծքն է ձեր վրա»,- բղավում էին կրպակատերեը: Նրանք անիծում էին ապամոնտաժման բոլոր պատասխանատուներին:
Լինում էին պահեր, որ կրպակատերերը Հրայր Անտոնյանին խնդրում էին դադարեցնել ապամոնտաժումը: «Անտոնյան ջան, մի արա, անեծքի տակ մի ընկնի: Անտոնյան, մեղք եմ, ցավդ տանեմ»,- ասում էին կրպակատերերը: «Մայրիկ ջան, ցավդ տանեմ, մի ասա, մայրիկ ջան»,- պատասխանում էր Հրայր Անտոնյանը:
Փափազյան փողոցում կային մարդիկ, որոնք ոստիկանի կամ կարմիր բերետավորի համազգեստ չէի կրում, սակայն բախումների ժամանակ միանգամից անցնում էին իրավապահների կողմը, հրում կրպակատերերին:
Այդպիսի երկու տղամարդ ներկայացան որպես կրպակատեր, բայց կրպակատերերն ասացին, որ նրանք իրականում թաղապետարանի աշխատակիցներ են: Նրանք հրաժարվեցին իրենց անունն ասել:
«Սրան նկարեք: Սա չգտենք` ով է»,- մատնացույց անելով այդ տղամարդկանցից մեկին (ներքևի լուսանկարում ձախից առաջինն է)` լրագրողներին ասաց Զարուհի Փոստանջյանը:
Մեկ այլ մարդ, ով ներկայացավ որպես թաղապետարանի առևտրի բաժնի պետ (վերևի լուսանկարում մեջտեղինն է), ասաց, որ վերոնշյալ երկու տղամարդիկ կրպակատեր են: «Իրանց կրպակի հետ իրանք խնդիր չունեն: Ոչ թե բարեկամ ենք, դրա համար չունեն, այլ իրանց կրպակը, եթե անօրինական է, ապամոնտաժվում է, եթե օրինական է, մնում է»,- «Հետքին» ասաց առևտրի բաժնի պետը:
Նա խորհուրդ տվեց լուսանկարել ոչ թե իրենց երեքին, այլ պատերը: «Ի՞նչ ես էկել ստեղ նկարում: Լրագրող ես` լրագրի էն, ինչ որ քեզ պետք ա, դրա համար էկել ես: Պատերը նկարեք, եթե ընդհանուր նկարում եք»,- ասաց թաղապետարանի առևտրի բաժնի պետը:
Զարուհի Փոստաջյանը փորձեց կտրել բանվորների գործիքների լարերը: Հրայր Անտոնյանը կանչեց ոստիկաններին, որոնք թույլ չտվեցին կտրել լարերը:
Հետո կրպակատերերն ու պատգամավորները նստեցին ասֆալտին, որպեսզի թույլ չտան, որ ապամոնտաժման սարքերին հոսանք մատակարարող ավտոմեքենան մոտենա հերթական կրպակին: Սակայն ոստիկանները հեռացրին նրանց: «Հոսանք կա մեջը, ձեզ է խփելու հոսանքը»,- ասում էին ոստիկանները:
Մեկ այլ բախում էլ եղավ Փափազյան փողոցի հենց մեջտեղում: «Ժառանգության» վարչության անդամ Դավիթ Սանասարյանը պառկեց գետնին:
Մարդին խմբվեցին փողոցի մեջտեղում: «Ճանապարհը ազատեք»,- ասում էին իրավապահները: Քաշքշուկ եղավ:
Մինչ ընթանում էր ապամոնտաժումը, Ստեփան Սաֆարյանը և կառավարության վարչության պետը գնացին Արաբկիրի թաղապետարան ու հանդիպեցին թաղապետ Էդուարդ Մուշեղյանի հետ: Թաղապետը նշել է, որ կրպակներին հարակից մանկապարեզը դժգոհ է կրպակներից: Բացի դրանից` կրպակների տակով անցնում է ոռոգման ցանց, որը պետք է վերանորոգվի:
Վերադառնալով ապամոնտաժման վայր` «Ժառանգության» ներկայացուցիչը և կառավարութան վարչության պետը ասացին, որ թաղապետը այս շաբաթ օրը կհանդիպի բոլոր` 14 կրպակատերերին, նրանց հետ կշրջի Արաբկիր համայնքում, նրանց համայնքի երկրորդական փողոցներում կառաջարկի տեղեր, որտեղ, կրպակատերերի ընտրությամբ, կտեղադրվեն կրպակները:
«Եվ տեղի հատկացում կլինի օրինական, և կտանեք կտեղադրեք: Պետք եղավ` ես էլ կգամ»,- ասաց կրպակատերերին կառավարության ներկայացուցիչը:
Դեպքի վայր եկավ նաև ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը, ում գրասենյակը գտնվում է կրպակների հանդիպակաց մայթին: Հրայր Կարապետյանը այսօր ևս խոսել էր թաղապետի հետ: Էդուարդ Մուշեղյանը ՀՅԴ պատգամավորին ևս խոստացել է շաբաթ օրը հանդիպել կրպատակերերի հետ:
«Վերջին խոստումը սա է: Որ կրպակները օրինական են, ժամկետի մեջ են, կմնան: Որոնց ժամկետը լրացել է, նրանց կառաջարկեն այս տարածքում 3 տեղ, դուք կընտրեք: Հենց արձակուրդը վերջանա, Ազգային ժողովում այս հարցը դնելու ենք, լսումներ ենք կազմակեպելու: Միայն դուք չեք. ամբողջ քաղաքում է: Էսօր էս փողոցն է, երեկ չէ առաջի օրը Ռայկոմն էր, վաղը Աբովյանն է: Էսպես հերթով գնալու է»,- կրպակատերերին ասաց Հրայր Կարապետյանը:
Թաղապետը և Ստեփան Սաֆարյանին, և Հրայր Կարապետյանին ասել է, որ կրպակները կապամոնտաժեն, կտեղափոխեն և այլ վայրում կտեղադրվեն թաղապետարանի բյուջեի հաշվին: Էդուարդ Մուշեղյանը առաջարկել է որոշ կրպակատերերի աշխատանք տալ:
Ստեփան Սաֆարյանն առաջարկել է հենց այսօր դադարեցնել ապամոնտաժման աշխատանքները, որպեսզի ժողովուրդը ճիշտ ընկալի թաղապետի առաջարկները, սակայն թաղապետը հրաժարվել է:
Կրպակատերերը «Հետքին» ասացին, որ չեն հավատում թաղապետի խոստմանը: Նախ, եթե ապամոնտաժվում են ողջ Երևանի կրպակները, ապա ինչո՞ւ պետք է դրանք տեղադրվեն Երևանի այլ վայրում: Բացի դրանից` եթե այդպես լիներ, ապա հենց այսօր արդեն կրպակները պետք է տեղադրվեին նոր տեղում:
«Հո չի ասելու` տար դիր էնտեղ: Պիտի մի հատ ինքը թույլտվություն տա, պիտի հողահատկացում լինի: Պիտի սեփականաշնորհում թույլ տա, պայմանագիր կնքի, նոր քեզ ասի` կրպակդ տար: Հիմա ասի` կրպակդ տար ուրիշ տեղ դիր, ես տնեմ ուրիշ տեղ դնեմ, վաղը կգա կքանդի: Կասի` ո՞ւր են թղթերդ, ինչի՞ հիման վրա ես բերել: Իսկ էդ թղթաբանությունը մի տարի կտևի»,- ասում էր կրպակատեր Ռազմիկը:
Կրպակատերերը նաև մտավախություն ունեն, որ իրենց կառաջարկվի աշխատել սուպերմարկետներում:
Կրպակների հիմքերը քանդելուց հետո բանվորները վերամբարձ կռունկներով կրպակները հանեցին տեղից ու տեղադրեցին մեքենայի վրա: Սկսելուց 7 ժամ անց ապամոնտաժումը դեռ չէր ավարտվել:
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել