Հարկերի հավաքման ցուցանիշով Շիրակի մարզը մշտապես «ամոթով» է մնում
Տարվա սկզբին Շիրակի մարզ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի աշխատանքային այցի շրջանակներում մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել էին համայնքներում հարկերի հավաքագրման ցուցանիշները:
2009 թ. հունվար-փետրվար ամիսներին գրանցված ցուցանիշները տարածքային կառավարման նախարարն անբավարար էր գնահատել: Նույն այդ խորհրդակցությանը անդրադարձ էր եղել նաեւ նախորդ տարիներին կուտակված պարտքերի մարման խնդրին: Արմեն Գեւորգյանն առաջարկել էր 2009 թ. դոտացիաների ավելացված գումարներն առաջնահերթ ուղղորդել նախորդ տարիներին կուտակված պարտքերի` մասնավորապես սոցվճարների մարմանը: Նաեւ զգուշացրել էր, որ այսուհետ պետությունը համայնքներում ծրագրեր ֆինանսավորելիս հաշվի կառնի տվյալ համայնքի սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը: Եղել էր հանձնարարական` մինչեւ ս/թ մայիսի 1-ը ապահովել 2008 թ. համայնքների բյուջեներով նախատեսված սեփական եկամուտների 100 % կատարում: Ինչպես հարկերը հավաքեն, այնպես էլ կապրեն Ապրիլի 10-ի մարզխորհրդի նիստում մարզպետարանի Ֆինանսատնտեսական վարչության ղեկավար Հովսեփ Սիմոնյանը, վերլուծելով 2009 թ. առաջին երեք ամիսների հարկահանության արդյունքները, դրանք գնահատեց բավարար: Շիրակի մարզի ցուցանիշները հողի հարկի հավաքագրման առումով ընդամենը 38,8 % է, գույքահարկինը՝ 54,7 %, սեփական եկամուտների գծով 48,2 % ցուցանիշ է գրանցվել: Ինչպես տեղեկացրեց Հ. Սիմոնյանը, նախատեսված 680 մլն-ի փոխարեն կարողացել են հավաքագրել ընդամենը 320 մլն դրամ սեփական եկամուտ: Ընդհանուր եկամուտները կատարվել են 72,1 %-ով: «Փոխվարչապետի հանձնարարականը կատարելու համար մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնում պահանջված 100 % ցուցանիշն ապահովելու համար, չաշխատող համայնքապետերի նկատմամբ պատժամիջոցներ ենք կիրառելու»,- զգուշացրեց Հ. Սիմոնյանը: Սեփական եկամուտների, հողի հարկի եւ գույքահարկի հավաքագրման գծով առաջին տեղում Արթիկի տարածաշրջանն է, նրան հետեւում են Ախուրյանի, Անիի եւ Ամասիայի տարածաշրջանները եւ, վերջին տարիների ավանդույթը չխախտելով, ցուցակը կրկին եզրափակում է Աշոցքի տարածաշրջանը: Աշոցքի տարածաշրջանում անցած եռամսյակում գրանցվել են հետեւյալ արդյունքները. հողի հարկ՝ 11,9 %, գույքահարկ՝ 11,9 %, սեփական եկամուտներ՝ 10,2 %: Այս տարածաշրջանում հունվարի 1-ի դրությամբ աշխատավարձի եւ սոցվճարի պարտքը 187 մլն դրամ է, եւ ապրիլի 1-ի դրությամբ դեռ 168 մլն դրամի գումար ենթակա է մարման: Գյումրիի եռամսյա արդյունքները ոչ տխրեցնող էին, ոչ` ուրախացնող. հողի հարկ՝ 44,0 %, գույքահարկ՝ 57,8 %, սեփական եկամուտներ՝ 60,2 %: Սակայն պարզվեց` Գյումրին 8 մլն դրամ ընթացիկ պարտք է կուտակել: Այդ կարգավիճակում են մարզի եւս 14 համայնք, որոնք նախկին պարտքերը փակելու փոխարեն դեռ մի բան էլ ավելացրել են` կուտակված պարտքի չափը հասցնելով 15 մլն-ի: Մարզի միջին ցուցանիշը հարկերի հավաքման առումով 38,8 % է: Հողի հարկի գծով մարզի 44 համայնք ցածր ցուցանիշ է գրանցել, գույքահարկի գծով 69 համայնք չի գերազանցել միջին ցուցանիշը: Պարզվում է` մարզի 6 համայնքի հաշվեհամարներ գտնվում են կալանքի տակ: «Իմ թվարկած 6 գյուղերի ղեկավարների մեջ այնպիսիները կան, որ անգամ դատի չեն գնում, մարդիկ չեն ուզում անգամ պարզել, թե որքանով է արդարացի իրենց նկատմամբ կիրառվող տույժը: Էսպես էլ անտարբերություն կլինի՞, խելոք նստում են էնքան ժամանակ, մինչեւ ԴԱՀԿ-ն գա ու գումարը տանի: Ստացվում է, որ էդ համայնքապետին հեչ չի հուզում, որ ինքն աշխատում է, բայց աշխատավարձ չի ստանում, գոնե դրա համար անհանգստանա»,- վրդովված հայտնեց Հ. Սիմոնյանը: Հովսեփ Սիմոնյանը հորդորեց համայնքապետերին սեփական ավագանիներին ներկայացնել նոր հաստիքացուցակ եւ նոր դրույքաչափեր: «Թե չէ` համայնքապետարանի աշխատակից գիտեմ, որ ոչ մի բան չանելով` օրնիբուն աշխատող ուսուցչից շատ աշխատավարձ է ստանում»,- ասաց Հ. Սիմոնյանը: Մարզպետ Լիդա Նանյանը որոշել էր ամոթանք տալով ազդել ներկա համայնքապետերի վրա: «Ես որ մի երկու տարի առաջ մարզպետ նշանակվեցի, մարզի պարտքը 800 մլն դրամ էր, հիմի կարողացել ենք էդ պարտքը բավական թեթեւացնել,- հայտարարեց տիկին մարզպետը,- դուք բոլորդ տղամարդիկ եք ու էնքան թասիբ պիտի ունենայիք, որ ես վարչապետի մոտ հրավիրված նիստերի ժամանակ էս խնդիրը քննարկելիս գլուխս չկախեի: Չեք պատկերացնի` ինչ ամոթ է, հենց ասում են Շիրակի մարզ, անմիջապես նշում են` ցուցանիշներով վերջից առաջինը»: Մարզխորհրդի նիտում հրապարակվեցին նաեւ ուրախացնող փաստեր. 13 համայնքներ հարկերի հավաքման գծով ապահովել են 100 եւ ավելի տոկոս ցուցանիշ: Եւս 14 համայնքներ ապահովել են 70 % ցուցանիշ, ու նիստը ղեկավարողները հույս հայտնեցին, որ այդ գյուղերն առաջիկայում հնարավորություն ունեն ավելի բարձր արդյունքներ գրանցելու: «Կան համայնքներ, որտեղ ավանդաբար վճարողների կողքին կան նաեւ մարդիկ, ովքեր մշտապես խուսափում են հարկեր վճարելուց, նման մարդկանց դատի տվեք»,-համայնքապետերին խորհուրդ տվեց Ֆինանսատնտեսագիտական վարչության պետը: Վերջինս գյուղերում ստեղծված նմանատիպ վիճակները համարեց անբարո եւ, ասելիքն ուղղելով համայնքապետերին, ավելացրեց, թե այդ համայնքի բնակիչները նախ պիտի իրենց պարտականությունները կատարեն, որպեսզի պահանջներ ներկայացնելու իրավունք ունենան: «Էնպես որ, ինչպես հարկերը հավաքեք, էդպես էլ ապրելու եք, լավ իմացեք»,- սպառնաց մարզպետարանի Ֆինանսատնտեսական վարչության պետը: Անցած տարի Շիրակի մարզի համայքների բյուջեներով ծրագրված 3393441,1 հազար դրամ սեփական եկամուտների դիմաց փաստացի մուտքը կազմել էր 2204675,3 հազար դրամ կամ 65,0 %: Ըստ մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության տվյալների` հողի հարկի պլանը կատարվել էր 52 %-ով, իսկ գույքահարկինը` 72,1 %-ով: Անցած տարվա տվյալներով` մարզի 119 համայնքներից 83-ն ունեցել են աշխատավարձի եւ սոցվճարների 481558,1 հազար դրամ պարտք, որից հունվարի 1-ի դրությամբ մարվել է ընդամենը 250473,6 հազար դրամը, որը կազմում է պարտքի 52 %-ը: Հունվարի 1-ի դրությամբ Շիրակի մարզի համայնքների նախորդ տարիներից կուտակած աշխատավարձի եւ սոցվճարների պարտքը կազմում է 231084,5 հազար դրամ, իսկ 2008 թ. ընթացքում կուտակած պարտքը` 134555,1 հազար դրամ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել