Ավելացվել է ծառայության եւ ուսման գործուղված զինծառայողների վարձատրությունը
Գործադիրն այսօր որոշում է ընդունել Ռուսաստանի Դաշնության եւ այլ պետությունների ռազմաուսումնական հաստատություններ (ՌՈՒՀ) ուսման ու ծառայության կամ այլ պետություններ ծառայության գործուղված ՀՀ զինված ուժերի զինծառայողների դրամական բավարարման եւ դրան հավասարեցված վճարումների վերաբերյալ։ Որոշմամբ նախատեսվում է բարձրացնել ինչպես ծառայության, այնպես էլ ուսման գործուղված ԶՈԻ զինծառայողների վարձատրությունը։ Այս մասին հայտնում են կառավարության մամլո գրասենյակից:
ՌԴ-ի եւ այլ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների սպա-ունկնդիրների պաշտոնային դրույքաչափը սահմանվել է ամսական 92.100 դրամ, հիշյալ հաստատություններ ուսման գործուղված ԶՈՒ սպաների պաշտոնային դրույքաչափը` ամսական 67.500 դրամ, իսկ ենթասպաների, պայմանագրային զինվորական ծառայություն ունեցող սերժանտների ու շարքայինների պաշտոնային դրույքաչափը` ամսական 61.400 դրամ։
ՌԴ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտ զինծառայողների կրթաթոշակը սահմանվել է ամսական 10.000, իսկ մինչեւ 2005թ. սեպտեմբերի 1-ն ընդունված կուրսանտներինը` ամսական 38.350 դրամ, այլ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտ զինծառայողների կրթաթոշակը` ամսական 50.000 դրամ։
ՌԴ ռազմաուսումնական հաստատություններ ծառայության գործուղված զինծառայողների պաշտոնային դրույքաչափը սահմանվել է ամսական 153.400 դրամ։ Որոշման համաձայն` պահպանվում են ՌԴ-ի եւ այլ պետությունների ՌՈՒՀ-երի սպա-ունկնդիր, ուսման ու ծառայության գործուղված զինծառայողների ամսական դրամական բավարարման եւ դրան հավասարեցված վճարումները։ Դա հնարավորություն կտա համապատասխան զինծառայողների ֆինանսավորումը հասցնել այն մակարդակի, որ նրանք կարողանան հոգալ թե՛ սեփական, եւ թե՛ իրենց ընտանիքի անդամների պահանջմունքները։
Սահմանվել է, որ որոշման գործողությունը տարածվում է 2009թ. հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Որոշմամբ սահմանվում են նաեւ «ՌՈԻՀ-երի սպա-ունկնդիր», «ՌՈԻՀ-երի կուրսանտ», «ՌՈՒՀ-եր ուսման գործուղված», «ՌՈՒՀ-եր ծառայության գործուղված» հասկացությունները, որոնք մինչ այդ իրավական որեւէ ակտով ամրագրված չեն եղել։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել