
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում ընթանում է «Յոթի գործ»-ի գործով դատավարությունը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, ով 30 րոպեով ընդմիջում էր հայտարարել և անցել խորհրդակցական սենյակ` քննարկելու փաստաբան Հովիկ Արսենյանի` դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը, ընդմիջումից հետո մերժեց պաշտպանի միջնորդությունը:
Մերժվեց նաև Գ. Առուստամյանի` դատավորի ինքանաբացարկի միջնորդությունը: Փաստաբանն իր միջնորդությունը պարզաբանեց մի շարք խախտումներով, իսկ դատավորը դրանցից առանձնացրեց միայն երեքը` համարելով, որ մյուս բոլոր թվարկած հիմքերն արդեն իսկ ներկայացրել է Գրիգոր Ոսկերչյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը:
Փաստաբանների այն պնդումը, որ միջնորդություններից յուրաքանչյուրը վերաբերում է միայն տվյալ մեղադրյալի, այլ ոչ թե յոթին, դատավորը ուշադրություն չդարձրեց: Մ. Մարիտրոսյանը ուշադրություն դարձրեց միայն երեք փաստերի վրա, այն է` քրեական գործից բացակայում են պաշտպանական կողմի բոլոր դիմում-բողոքները, անհարկի և ոչ ողջամիտ ժամկետներով` 14 օր, 2 անգամ հետաձգվել է դատական նիստը, և պաշտպանական կողմին հայտնի չի եղել, որ Կորյուն Փիլիոյանը ստանձնել է քրեական գործի վերահսկողի դերը:
Մեղադրյալների պաշտպաններն ու անձամբ մեղադրյալները, ինչպես նաև երեք տուժողների իրավահաջորդները նույնպես միացան Գայանե Առուստամյանի ներկայացրած միջնորդությանը:
Պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը մասնավորապես նշեց, որ մեղարդրյալների դատարանի դահլիճից դուրս հանելու սանկցիաներից մի քանիսն օրինական չեն եղել, քանի որ կիրառվել է սանկցիան բոլորի համար այն դեպքում, երբ, օրինակ, Շանթ Հարությունյանը «ոտքի դատարանն է գալիս» կարգի խախտման սանկցիայի կիրառման հայտարարության պահին անգամ դատական նիստերի դահլիճում չի եղել, բայց սանկցիան տարածվել է նաև նրա վրա: Կամ` Շանթ Հարությունյանի հայհոյախառն արտահայտությունների պատճառով նիստերի դահլիճից դուրս են հանվել մնացած 6 մեղադրյալները:
Մեկ անգամ 10 րոպեով ընդմիջումից հետո դատավորը վերադարձավ և քննարկեցին Գ. Առուստամյանի` դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը, որից հետո մեկ ժամ ընմիջում հայտարարվեց: Ընդմիջման ավարտից հետո դատավորը մերժեց պաշտպանի միջնորդությունը:
Դատական նիստի ժամանակ խոսք տրվեց բոլոր մեղադրյալներին: Շանթ Հարությունյանն ասաց, որ նախորդ դատական նիստերի ժամանակ իր ներկայացրած միջնորդությունը` իր մասով գործը անջատել 7-ի գորիծից, այդպես էլ չի քննարկվել և ուշադրության չի արժանանցել:
Ալեքսանդր Արզումանյանն էլ հիշեցրեց, որ իր` լրագրողների դուրս հանելու վերաբերյալ դատավորի որոշմանը մասին պարզաբանումներ ստանալու միջնորդությունը նույնպես չի քննարկվել:
Ի վերջո, բոլոր մեղադրյալներ իրենց հայտարարություններում հայտնեցին, որ այս գործը շինծու է և մեղադրանքներն իրենց բացարձակ չեն վերաբերում:
Տուժողների իրավահաջորդները դատարանին խնդրեցին ներգրավել իրենց պաշտպաններին, որպեսզի իրենք էլ հնարավորություն ունենան արտահայտել իրենց կարծիքը կամ հանդես գալ համապատասխան հայտարարություններով ու միջնորդություններով: Սակայն դատավորը Քր. դատ. օր.-ի պահանջները պարզաբանելով, նշեց, որ տուժողներին հերթը կհասնի պաշտպանական կողմի միջնորդություններից հետո:
Ի դեպ, դատավարության ընթացքում մեղադրող դատախազներից մեկը` առանց դատարանի թույլտվության դուրս եկավ դահլիճից, որը մեղադրյալների մոտ դժգոհություն առաջացրեց, թե ինչու մեղադրող կողմին որևէ պատիժ կամ սանկցիա չկիրառվեց դատարանի նկատմամբ նման անհարգալից վերաբերմունքի համար:
Հետևեց դատավոր Մ. Մարտիրոսյանի պարզաբանումը. «Մեղադրվող կողմը դեռ պաշտոնապես չի ընդգրկված գործում»: Այս նախադասությունը թե մեղադրյալների, թե պաշտպանների շրջանում զարմանք առաջացրեց:
«Եթե մեղադրվող կողմը պաշտոնապես չի ընդգրկված, ապա ինչպես են կարողանում միջամտել գործին, այն դեպքում, երբ չեն ներգրավված տուժողների իրավահաջորդների վստահորդներ»,-ասաց Լ. Սիմոնյանը:
Ս. Սիրունյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը ևս դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Դատավորը կրկին մեկ ժամ ընմիջում հայտարարեց, որպեսզի հրապարակի միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել