
Ֆրանսահայ և արցախցի երիտասարդները վերանորոգում են Վանատունը
Արդեն չորրորդ օրն է, ինչ ամեն առավոտ` ժամը 8:00-ին, 29 ֆրանսահայ երիտասարդներ միկրոավտոբուսներով Ստեփանակերտից գնում են Բերձոր և տեղի երիտասարդների հետ մասնակցում Վանատան վերանորոգման աշխատանքներին:
Ապագա իրավաբան, Հայ բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի երիտասարդների ղեկավար Ռաֆայել Տեր-Հակոբյանը համոզված է, որ չնայած երիտասարդները նման աշխատանք կատարելու փորձ չունեն, բայց նրանք սիրով են աշխատում և անպայաման ժամանակին կավարտեն:
Ֆրանսիայում, Սիրիայում և Շվեյցարիայում ապրող երիտասարդներից շինարարական կամավորական ջոկատ ստեղծելը և Արցախ գալը 2 նպատակ ունի. նախ` ճանաչել հայրենիքը և ինչ-որ բանով օգտակար լինել:
«Սկզբից որոշեցինք Արցախ գալ, քանի որ այստեղ մարդիկ օգնության կարիք ավելի շատ ունեն: Վանատան վերանորոգումից հետո մենք կմեկնենք Հայաստան, որտեղ ևս 2 ծրագիր կիրագործենք»,-ասում է Ռաֆայելը:
Բերձորի ծրագրին կհաջորդի Սևանա լճի շրջակայքը մաքուր պահելու ակցիան, այնտեղից էլ կուղևորվեն Գյումրիի մանկատուն:
Կամավորական խմբի երիտասարդներից ոչ բոլորն են ազգությամբ հայ, ոմանք միայն մայրական կամ հայրական կողմից հայի արմատներ ունեն: Իսկ 3 մասնակիցներն էլ ֆրանսիացի են, ինչը Ռաֆայելը շատ է կարևորում:
Խմբի բոլոր անդամները ուսանողներ են, և միայն սեփական միջոցներով հնարավոր չէր իրականանել այդ երեք ծրագրերը: Նախագծին աջակցել են Հայ բերեգործական ընդհանուր միությունը և Փարիզի Քոնսեյ Ժենեղալ դե Օ'դըսեն շրջանի ղեկավարությունը: Արցախում տրանսպորտի և սննդի հարցով կամավորականներին աջակցում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը:
«Այս նախագծերն իրականացնելու համար մեկ տարի բարեգործական համերգներ, երեկոներ ու հունիսին էլ մեծ ճաշ ենք կազմակերպել»,-ասում է Ռաֆայելը:
Երիտասարդների մեծ մասն առաջին անգամ է Արցախում: Սա Ռաֆայելի 2-րդ այցելություն է, առաջին անգամ 10 տարի առաջ է եղել Արցախում:
«Վստահաբար կարող եմ ասել, որ Ստեփանակերտը շատ է փոխվել, նոր շինություներ կան և դեռ շարունակում են կառուցվել: Մարդիկ էլ են փոխվել, դա շատ լավ է»,-ասում է Ռաֆայելը:
23- ամյա Ալին Սեֆյանը Փարիզից է, պատմում է, որ մի տարի է, ինչ պատրաստվում էին Արցախ գալ:
«Սա մի լավ հնարավորություն է մեզ համար օգնել հատկապես Բերձորի երիտասարդներին: Գիտենք, որ այստեղ մեր օգնության կարիքն ավելի է զգացվում: Ինչ վերաբերում է աշխատանքին, ապա ասեմ, որ սկզբից դժվար էր: Մենք բոլորս ուսանողներ ենք, և նման աշխատանք մինչ այդ երբեք չենք արել: Հետո մեզ ուղղություն տվին, արդեն հունի մեջ ենք ընկել»,-ասում է Ալին:
22-ամյա ֆրանսիացի Սիմոն Լոդղիին Հայ բարեգործական ընդհանուր միության մասին պատմել է ընկերուհիներից մեկը:
«Ես մեծ սիրով ծանոթացա հայ երիտասարդների հետ և սկսեցի մասնակցել Փարիզում միության հավաքներին: Երբ լսեցի Հայաստան և Արցախ գալու ծրագրի մասին, առանց երկմտելու որոշեցի մասնակցել: Ճիշտ է, մինչ այդ Ղարաբաղի մասին ընդհանրապես չէի լսել և ոչինչ չգիտեի: Գալով այստեղ, տեսնելով տեղի բնությունը, ծանոթանալով մարդկանց հետ` տեսա, որ շատ սիրուն երկիր է»,-ասում է նա:
Սիմոնը խոստովանում է, որ աշխատանքը հեշտ չէ, բայց նրա համար առավել կարևոր է ինչ-որ բանով օգտակար լինել մարդկանց:
Ֆրանսիացի երիտասարդը Արցախում ավելի շատ հավանեց ուտելիքն ու մարդկանց համեստությունը: Սիմոնը վստահ չէ` կհաջողվի՞ նորից գալ Արցախ, թե՞ ոչ, բայց շատ կուզենար հետ գալ ու տեսնել, որ իր կատարած աշխատանքն ինչ-որ մեկին մի քիչ օգնել է:
Օգոստոսի 11-ին տեղի կունենա արդեն վերանորոգված Վանատան հանդիսավոր բացման արարողությունը, որից հետո ֆրանսահայ երիտասարդները «Ազատ Արցախ» թիմով կմասնակցեն Տիգրանակերտում կազակերպվող ինտելեկտուալ խաղերի փառատոնին:
Նշենք, որ արդեն 4 տարի է, ինչ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը երիտասարդական քաղաքականության շրջանակներում կամավորական շինարարական ջոկատներ է կազմակերպում:
ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանը տեղեկացրեց, որ այս տարի 10 օրով կամավորական ջոկատները աշխատում են երկու ուղղությամբ:
Մյուս կամավորական ջոկատը, որը հիմանականում կազմված է արցախցի երիտասարդներից, կմասնակցի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի դպրոցի վերանորոգման աշխատանքներին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել