HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Բակո Սահակյան.«Որոշ պաշտոնյաներ իրենց պաշտոնը դիտում են որպես սեփականություն»

Երեկ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտի Սպայի տանը Արցախի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ընթացքում դարձյալ անդրադարձել է կաշառակերության թեմային, որը վերաբերում էր ինչպես պետհամալսարանին, այնպես էլ տարբեր ոլորտներին: «Գտնում եմ, որ եթե հավաքվել ենք, ապա պետք է խոսենք ճշմարտության լեզվով: Եթե այսօր չխոսենք այն խնդիրների մասին, որոնք խոչընդոտում են մեր պետության զարգացմանը, ապա հետագայում ունենալու ենք ավելի վատթար վիճակ, քան այսօր է»,-այսպես է իր գնահատականը հնչեցրել նախագահը` հավաստիացնելով, որ պետությունը ներկայումս ամեն ինչ անում է` այդ արատավոր երեւույթների վերացման ուղղությամբ: Ըստ նրա, այդ առումով ինչ-որ հաջողություններ արդեն իսկ առկա են. ապացույցը իրավապահ մարմինների եւ դատաիրավական համակարգի գործունեության վերափոխումն է: «Գաղտնիք չէ, որ դատական համակարգը երկար տարիներ իրեն դրսեւորում էր որպես կաշառակերության զարգացման գործունեություն իրականացնող: Դա միայն դատարանում չէր, այլ նաեւ դատախազությունում, ոստիկանությունում եւ այլն: Նման երեւույթները նվազեցվում են, եւ համոզված եմ, որ մենք շատ մոտ ենք դրանք մեր կյանքից արմատախիլ անելուն»,-ասել է Բակո Սահակյանը: Արատավոր երեւույթներ են լինում նաեւ երիտասարդ մասնագետների աշխատանքի տեղավորման դեպքերում: Այստեղ, ինչպես նախագահն է նկատել, շատ անգամ գործում են ոչ թե հստակ մեխանիզմներ, այլ պետական այրերի կողմից գործի է դրվում «ծանոթ-բարեկամի» մեխանիզմը: Շարունակելով նույն թեման` նա քաղաքացիական ծառայությունը որակեց որպես «ամենաընդգծված ձեւական բնույթ կրող»: «Մեր որոշ պաշտոնյաներ իրենց պաշտոնը դիտում են որպես ինքնուրույնություն, շատ դեպքերում էլ որպես սեփականություն, ինչը նույնպես խոչընդոտ է հանդիսանում մի շարք խնդիրների լուծման գործում»,-ավելացրել է նախագահը, հավաստիացնելով, որ նման երեւույթների դեմ պայքարում, ինչպես միշտ, անհրաժեշտ է նաեւ հասարակության աջակցությունն ու ըմբռնումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter