Կասեցվում են լիցենզիաները
ՀՀ կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում 2009թ. փետրվարի 26-ին կայացավ «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի» նիստը: Կրթության եւ գիտության նախարարության կայքէջը տեղեկացնում է, որ նիստում քննարկվել են «Գորիսի օտար լեզուների «Կարին» ինստիտուտ», ««Ռոսլին» արվեստի ինստիտուտ», «Ագրոբիզնեսի և մենեջմենթի ակադեմիա», «Կառավարման և կրթության զարգացման համալսարան», «Լ. Օրբելու անվան համալսարան», «Երևանի մշակույթի համալսարան», ««Ֆիրդուսի» համալսարան», «Երևանի ապրանքագիտության տեխնոլոգիական համալսարան», «Երևանի «Նավասարդ» ինստիտուտ», ««ԵՐԱ» բիզնեսի և քաղաքականության ինստիտուտ», ««Վիլյամ Սարոյան» համալսարան»,
«Երևանի նորարարական տեխնոլոգիաների համալսարան», ««Երևան» համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով գործունեության լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին հարցերը:
Հանձնաժողովը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արա Ավետիսյանի նախագահությամբ, մանրամասն լսեց ՀՀ ԿԳՆ «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության եզրակացությունը, որի հիմքում ընկած էին ՀՀ ԿԳ նախարարի հրամանով ստեղծված խմբի կատարած ստուգումների և ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության իրականացված ուսումնասիրությունների արդյունքները: Հանձնաժողովը հնարավորություն տվեց կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպության պատասխանատուներին հանդես գալ արձանագրված խախտումների վերաբերյալ պարզաբանումներով:
Նիստի ավարտին հանձնաժողովը փակ, գաղտնի քվեարկությամբ որոշում ընդունեց «Լ. Օրբելու անվան համալսարանի» «Օտար լեզուներ» և «Դիզայն», «Երևանի մշակույթի համալսարանի» «Օտար լեզուներ», իսկ մյուս կազմակերպությունների բոլոր մասնագիտությունների կրթական ծրագրով գործունեության լիցենզիայի գործողության կասեցման վերաբերյալ: Հանձնաժողովը եզրակացությունները և որոշման նախագիծը կներկայացնի ՀՀ կրթության և գիտության նախարար Ս. Սեյրանյանին, ում հրամանով էլ կկասեցվի վերոնշյալ ընկերությունների բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով գործունեության լիցենզիայի գործողությունը:
Հանձնաժողովի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արա Ավետիսյանը, ներկայացնելով հանձնաժողովի աշխատանքները և կրթական համակարգում վարվող քաղաքականությունը, մեկ անգամ ևս հավաստիացրեց, որ վերոնշյալ հաստատությունների ուսանողներն, ըստ մասնագիտությունների, շատ կարճ ժամանակում հնարավորություն կստանան կրթությունը շարունակել այլ ուսումնական հաստատություններում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել