HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Ադրբեջանահայերը պահանջում են ազատագրված տարածքները մասնակի փոխհատուցման կարգով տրամադրել իրենց

27_02-e_asatryan1«Մենք պահանջում ենք, որ ադրբեջանահայ փախստականների խնդիրը համարժեք կերպով դրվի բանակցությունների սեղանին: Ի վերջո, իշխանություններն անընդհատ հնչեցնում են, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առանց Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հասարակությունների կարծիքի` ոչ մի որոշում չի ընդունվելու»,- ասաց «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի համակարգող Էլեոնորա Ասատրյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ: Ինը հասարակական կազմակերպություններ ընդգրկող ցանցը ստեղծվել է 3 տարի առաջ: Ցանցի անդամները պահանջում են հստակ գնահատական եւ սահմանում տալ Ադրբեջանի ԽՍՀ տարածքում ծագումով հայ ազգաբնակչության նկատմամբ տեղի ունեցած էթնիկ զտումներին և ցեղասպանության գործողություններին, ինչպես նաեւ տալ նյութական, բարոյական և տարածքային փոխհատուցում: «Եթե որևիցե պետության տարածքում մարդկանց խմբի նկատմամբ իրականացվում են քրեական գործողություններ պետության գիտությամբ կամ պետության թողտվությամբ, ապա տվյալ պետությունը հանդես է գալիս որպես պատասխանող տվյալ հանցագործության համար: Այսինքն` եթե մենք կարողանանք հավաքագրել ողջ ինֆորմացիան և ճիշտ մատուցել, այդ դեպքում լրիվ հնարավոր է միջազգային իրավունքի տեսանկյունից հանդես գալ և ապացուցել, որ տեղի է ունեցել ցեղասպանություն, և դրա համար պետք է Ադրբեջանը պատասխան տա», ասաց Էլեոնորա Ասատրյանը: Աշխարհի տարբեր ծայրերից, այդ թվում ԱՄՆ-ից և Ավստրալիայից, որտեղ ապրում են մեծաթիվ ադրբեջաբանահայ փախստականներ, «Փախստականները և միջազգային իրավունքը» ցանցը ստանում է դիմումներ, որոնցով փախստականները պահանջում են ԼՂՀ իշխանություններից մասնակի փոխհատուցման կարգով տրամադրել ազատագրված տարածքները` որպես կորսված հայրենիքի փոխհատուցում: Այդ նամակները թվային մշակման են ենթարկվել և ուղարկվել են ԼՂՀ իշխանություններին: Բայց, Է. Ասատրյանի խոսքերով, դեռ որևէ գործուն քայլ չեն նկատել, բացի ԼՂՀ իշխանությունների արած հայտարարություններից, թե նրանք դիտարկում են ազատագրված տարածքները որպես բնական փոխհատուցման ռեսուրս ադրբեջանահայ փախստականների կրած կորուստների դիմաց: Էլեոնորա Ասատրյանը հիշեցրեց, որ բանակցային գործընթացում մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում Ադրբեջանն անընդհատ բարձրացնում է ադրբեջանցի փախստականների և ներքին տեղահանվածների իրավունքների պաշտպանության խնդիրը ու չի հասկանում, թե ինչու Հայաստանն էլ այդ հարցը չի բարձրացնում: «Թող խոսեն այդ խնդրի մասին հենց այսօր, հատկապես, որ համանախագահներն էլ այստեղ են: Ի վերջո, փախստականներն ամենամեծ զոհն են հակամարտության մեջ, և այս առումով բանակցային գործընթացը թերի է, պետքէ ընթացք տալ այդ խնդիրենրին, որպեսզի մենք տարին մեկ անգամ Սումգայիթի կամ Բաքվի դեպքերի օրերին չհանդիպենք ու խոսենք փախստականների խնդիրներից»,- մտահոգվում է նա: Քաղաքացիական հասարակության ցանցի համակարգողը տեղեկացրեց, որ ԼՂՀ իշխանություններից բացի դիմել են ՀՀ իշխանություններին, անգամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահներին: Արդյունքում բավականին «հետաքրքիր» արձագանք են ստացել Ամերիկայի դեսպանատնից: «Ինչ կարող են անել համանախագահները, թող ձեր երկիրը բարձրացնի այդ հարցը»,- ասել են նրանք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter