«Բանտերում շարունակում են պահել 58 քաղբանտարկյալներ»
Հայ ազգային կոնգրեսը մարտի 1-ի հանրահավաքին նախօրեին հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Մարտի 1-ին կայանալու է հանրահավաք և երթ` ի հիշատակ մեկ տարի առաջ համաժողովրդական բողոքը ճնշելուն ուղղված ոճիրի հետևանքով նահատակված մեր տասը համաքաղաքացիների։ Առաջին անգամ նորանկախ պատմության ընթացքում Հայաստանի իշխանությունները հեղեցին սեփական ժողովրդի արյունը` խախտելով սահմանադրական կարգը, կազմակերպելով պետական հեղաշրջում և սեփական քաղաքացիների եղկելի սպանդ։
Այդ օրվանից սկսած իշխանությունները սանձազերծել են բռնաճնշումների մի լայնածավալ ալիք, որի նպատակն է կոտրել ժողովրդի կամքը, ոչնչացնել ժողովրդավարական ազատությունները և որևէ իրական ընդդիմություն երկրում։ Այդ նպատակով է, որ բանտերում շարունակում են պահել 58 քաղբանտարկյալներ, անցկացնել արդարադատությունը բռնաբարող պատվիրված դատավարություններ, արգելել և ցրել ցույցեր, երթեր, հավաքներ, քաղաքական դրդապատճառներով հետապնդել գործարարներին։
Չնայած այս ամենին, Շարժումը միայն հզորանում է։ Իշխանությունների համար ժամանակն է հասկանալու, որ բռնաճնշումներով հնարավոր չէ կասեցնել Համաժողովրդական շարժումը, խեղդել ազատատենչ հայ ժողովրդի կամքը` կառուցելու ժողովրդավարական եւ բարեկեցիկ հայրենիք։ Միակ ճիշտ ճանապարհը դա քաղբանտարկյալների ազատումն ու հակաժողովրդավարական բռնաճնշումների դադարեցումն է, որից հետո իշխանություները եւ ընդդիմություն պետք է երկխոսության միջոցով համատեղ լուծումներ փնտրեն ներքին քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ։ Միայն հաշտեցման միջոցով եւ համատեղ ջանքերով հնարավոր կլինի դիմագրավել երկրի առջև ծառացած բախտորոշ հիմնախնդիրները, մասնավորապես օրեցոր ահագնացող տնտեսական և սոցիալական ճգնաժամը։
Մարտի 1-ը կարող էր դառնալ ազգային հաշտության սկիզբ, եթե իշխանությունները ընտրեին այդ ճանապարհը։ Ցավոք, իշխանությունները բաց թողեցին այդ հրաշալի հնարավորությունը։ Բայց մեր բոլորիս պարտականությունն է այնպես անցկացնել մարտի 1-ը, որ այդ ճանապարհը շարունակի բաց մնալ։
Մեր նպատակն է անցկացնել քաղաքակիրթ հանրահավաք և երթ` համապատասխան մեր իրազեկման հայտի և մենք օգտվելու ենք մեր սահմանդրական իրավունքից։ Նորից կոչ ենք անում իշխանություններին և ոստիկանությանը` համատեղ ջանքերով և համագործակցությամբ ապահովել մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված խաղաղ հանրահավաքի և երթի բնականոն և օրինական ընթացքը»։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել