HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղնախարարությունը հաստատել է Ուշիի պաստերելյոզը

Գյուղնախարարությունը հաստատել է, որ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի բնակիչներին պատկանող խոշոր եղջերավոր կենդանիների մոտ ախտորոշվել է պաստերելյոզ հիվանդություն: «Հետքն» արդեն ահազանգել էր խնդրի մասին:

Հիվանդության գրանցման առաջին դեպքից առ այսօր 4 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներ ենթարկվել են հարկադիր սպանդի, որոնց մոտ առձանագրվել են հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշաններ:

«Հիվանդության դեպքի գրանցման անմիջապես հաջորդ օրը, համայնքի անասնաբույժի կողմից իրականացվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Հիվանդներին ներարկել են իմուն շիճուկ, իսկ պայմանական առողջները ենթարկվել են հակապաստերելյոզային պատվաստման, իրականացվել է տարածքի ախտահանում: Այդ միջոցառումներից հետո մինչ այժմ հիվանդության նոր դեպքեր չեն արձանագրվել: Պաստերելյոզ հիվանդության նկատմամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի սննդամթերքի անվտանգության եւ բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում է խիստ հսկողություն:

Պաստերելյոզը գյուղատնտեսական, վայրի կենդանիների եւ թռչունների վարակիչ հիվանդություն է: Վարակը կարող է փոխանցվել օդակաթիլային ճանապարհով, համատեղ պահվածքի դեպքում կերի և ջրի միջոցով, վնասված մաշկի միջոցով:
Խոշոր եղջերավոր կենդանիների մոտ այն ընթանում է հիմնականում սուր, հազվադեպ ենթասուր ձևերով:

Այս հիվանդության ժամանակ առավել հաճախ ախտահարվում են թոքերը: Գաղտնի շրջանը տևում է 6-48 ժամ: Հիվանդության առաջին ախտանշաններն են՝ մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում մինչև 40 աստիճան և ավելի, ընդհանուր թուլություն, ծանր շնչառություն, հաճախակիացած զարկերակ, մկանային դող, ախորժակի լիառժեք բացակայություն:

Պաստերելյոզից կենդանու անկման հավանականությունը կազմում է 10-75 տոկոս, կախված նրա օրգանիզմի դիմադրողականությունից, հիվանդության ընթացքից և ժամանակին ստացած անասնաբուժական միջամտությունից: Հիվանդ կենդանիներից ստացված նմուշների բակտերիոլոգիական հետազոտությունները հնարավորություն են տալիս անսխալ ախտորոշել պաստերելյոզը: Կենդանիների լավ պահվածքը հանդիսանում է այս հիվադության դեմ պայքարի լավագույն միջոցը: Հիվանդ կենդանիներին անհրաժեշտ է մեկուսացնել, բուժել, իսկ նրանց գտնվելու վայրը՝ ախտահանել»,- հայտնում է գյուղնախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter